Fastex Պրեմիեր լիգայում ձմեռային դադար է: Մրցաշարային աղյուսակի վերնամասում առաջատար քառյակ է ուրվագծվել՝ «Նոա» (40 միավոր), «Ուրարտու» (38), «Փյունիկ» (37) ու «Արարատ-Արմենիա» (35): «Վանը» ևս բավականին մոտ է նրանց (29): «Նոան» հետաձգված խաղ ունի և միավորների առավելությունը կարող է մեծացնել:
Առաջնության յուրահատկությունն այն է, որ վերջին տարիներին չեմպիոնության ճակատագիրը միշտ վերջին տուրերում կամ հենց տուրում է վճռվել: «Նոան» այս մրցաշրջանում շատ բանով է առանձնանում ու այդ պայքարում ֆավորիտ է: Բայց ամեն ինչ այդքան միանշանակ չէ: Ինչպես «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն է սիրում ասել, Հայաստանում իրական առաջնությունը սկսվում է միայն ձմեռային դադարից հետո:
FastNews-ը փորձել է հասկանալ՝ ի՞նչ հեռանկարներ ունեն առաջնության առաջատար թիմերը, այլ ակումբներից ովքե՞ր զարմացրին, և ո՞ր թիմերից պետք է լուրջ փոփոխություններ ակնկալել:
«Նոան» վախեցնում է
«Նոան» ֆինանսներով ակնհայտորեն գերազանցում է մյուսներին: Դա օգնեց ուժեղ և մեծ կազմ ձևավորել: Հայաստանի փոխչեմպիոնին չխանգարեց նաև զուգահեռ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլին մասնակցելը: Ռուի Մոտայի թիմը տարին ավարտեց 10 անընդմեջ հաղթանակով՝ խաղերից 6-ում դա անելով 3 ու ավելի գոլի առավելությամբ: Կազմի անընդհատ ռոտացիաները չեն խանգարում պահելու խաղի որակը:
«Նոայի» համար համեմատաբար դժվար են չեմպիոնության մյուս հավակնորդների դեմ խաղերը: Թիմը 2-ական անգամ հաղթել է «Փյունիկին» ու «Արարատ-Արմենիային», բայց խաղային տարբեր գործոններով խոչընդոտներ ունեցել: Այդ առումով առանցքային է «Արարատ-Արմենիայի» դեմ վերջին հանդիպումը (2-1): «Նոան» ցույց տվեց որակ, բայցև՝ բնավորություն, որովհետև նման բարդ մրցակցի դեմ 17-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով:
Մոտայի թիմը 4-3-3 սխեմայով ու հստակ գրոհային կառուցվածքով գերհարձակողական ֆուտբոլ է խաղում: Գնդակին տիրելն առանցքային է, բայց թիմը փորձում է արագ գործել ու շատ բազմազան գրոհել: «Նոան» ամենաշատ գոլերն է խփել ստանդարտ իրավիճակներից (14), ինչը որոշիչ եղավ նաև «Փյունիկի» դեմ վերջին մրցավեճում: Մրցակիցները քիչ են գոլային պահեր ստեղծում «Նոայի» դարպասի մոտ:
«Նոան» չեմպիոնության համար էր պայքարում նաև նախորդ մրցաշրջանում, սակայն բավարարվեց 2-րդ տեղով: Թիմի կազմն այժմ ավելի ուժեղ է դարձել: Ակումբի համար չեմպիոնությունից բացի որևէ այլ բան գոհացուցիչ չի լինի: Ուստի հետաքրքիր կլինի տեսնելը՝ ինչպես է Մոտան դիմակայելու այդ ճնշմանը: Այդուհանդերձ, խաղացողների անհատական բարձր մակարդակն ու փորձառու լինելը մեծ ուժ են լինելու այս թիմի համար:
Ո՞վ իրական մրցակից կլինի «Նոայի» համար
Անկասկած, առաջինը «Փյունիկն» է գալիս բոլորի մտքին: Թիմ, որ վերջին տարիներին կորցնում է առաջատարներին, բայց, միևնույն է, պահպանում է դիրքերը: Գործող չեմպիոնին նույնիսկ ակումբի ներսում վերջին ամիսների անկայունությունը չխանգարեց միավորների պաշար հավաքել: Բայց հիմա հարցերը շատ են՝ ով կլինի ակումբի նոր սեփականատերը, ինչ նպատակներ կլինեն: Ի վերջո, կմնա՞ Եղիշե Մելիքյանն իր պաշտոնում, թե՞՝ ոչ:
«Ուրարտուն» այս անգամ ավելի ուժեղ լեգեոնականներով համալրվեց, քան նախորդ մրցաշրջանում էր: Դմիտրի Գունկոյին երկար որոնումներից հետո կրկին հաջողվեց մրցունակ թիմ ստեղծել, որը միտված է հարձակմանն ու շատ գաղափարներ ունի: Այդուհանդերձ, հիմա Գունկոն ավելի բազմազան մարզիչ է, որը կոնկրետ խաղերում կարող է սխեմա կամ ոճ փոխել: Բայց թիմին կայունությունն է պակասում ավելի իրական հավակնորդ լինելու համար:
«Ուրարտուում» են առաջնության գլխավոր ռմբարկուն (Իվան Իգնատև, 13) ու ասիստենտը (Արտյոմ Պոլյարուս, 11): Դարպասապահ Ալեքսանդր Մելիխովը վերադարձրել է նախկին մարզավիճակը։ Թիմում կրկին շատ են ակումբի սաները: Կենտրոնական պաշտպան Էրիկ Սիմոնյանն այս մրցաշրջանում ամենակայունն է նրանցից: Այս «Ուրարտուն» խաղամակարդակով մոտ չէ 2023-ի չեմպիոնական թիմին, բայց որոշակի ներուժ ունի:
«Արարատ-Արմենիան» ուժեղ կազմ է ձևավորել հայ ու արտասահմանցի բարձրակարգ ֆուտբոլիստներից: Թիմը հիմա էլ լավ տեսք ունի, բայց բարդ է ասելը՝ արդյոք կա խաղային աճ նախորդ մրցաշրջանի համեմատ: Մարզիչը չի փոխվել, նպատակը՝ ևս: «Արարատ-Արմենիան» 4 պարտություն է կրել, բոլորն էլ՝ աղյուսակում իրենից բարձր գտնվող թիմերից: «Մեծ» խաղերում պարտությունները Մինասյանն ավելի շատ հոգեբանության հետ էր կապել:
«Արարատ-Արմենիան» շատ ուժեղ է բոլոր դիրքերում, հարձակման գիծն ավելի լավը կլինի, եթե Տենտոն Յենեն ու Արթուր Սերոբյանը ձմռանը չհեռանան: Միգուցե, ամրապնդելու կարիք ունի պաշտպանության կենտրոնը: Եղիշե Մելիքյանը հոկտեմբերին ասել էր, որ «Արարատ-Արմենիան» շատ ուժեղ մրցակցություն է ստեղծում առաջնությունում ու ավելացրել․ «Ինձ էլ չեն թողնում գիշերները քնել, որ այնքան մտածեմ՝ կարողանամ հաղթել նրանց»:
Հավակնոտ «Վանը»
Ամռանը «Վանը» լիովին փոխեց ռազմավարությունը, կազմը, նաև՝ գլխավոր մարզչին: Ռուսական «Վիստայի» և բուլղարական «Բոտևի» հետ համատեղ ծրագրի շրջանակում չարենցավանյան ակումբ տեղափոխվեցին մի շարք երիտասարդ ֆուտբոլիստներ: Գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը նրանց գումարեց նաև տեղացիների, որոնցից կիսապաշտպան Կարեն Նալբանդյանը թիմի ավագն է ու կենտրոնի ամենակարևոր օղակը:
«Վանը» մրցաշրջանի սկզբի իսկական հայտնությունն էր, բայց մրցակիցները հետագայում սկսեցին մի փոքր այլ կերպ պատրաստվել և տրամադրվել նրա դեմ մրցավեճերին: Սակայն թիմի խաղը կայուն է, ու անկումները քիչ են: «Վանը» ցուցադրում է արագ, գրավիչ ֆուտբոլ, առջևի գծում էլ կան բարձրակարգ եզրային կիսապաշտպաններ ու արագ հարձակվողներ: Ջոն Բատիգին, Օլավալե Ֆարայոլան և Մոմո Տուրեն շատ արդյունավետ են:
Բայց այս «Վանը» միայն արագությունը և բարձր պրեսինգը չեն: Այն տիրապետում է նաև դիրքային խաղին, գրոհները կարճ փոխանցումներով սկսելուն և այլն: Այդ ու իր բուն գործով թիմին շատ է օգնում նաև դարպասապահ Դանիլ Պոլյանսկին: «Վանին» 6 միավոր է բաժանում լավագույն քառյակից: Հեշտ չի լինի եվրագավաթային տեղում հայտնվելը, բայց, կարծես, հենց դա է լինելու «Վանի» գարնանային նպատակը:
«Եթե լավ առաջարկներ ստանանք, հնարավոր է, 1-2 ֆուտբոլիստ հեռանա «Վանից», բայց այդ դեպքում նաև համալրումներ կլինեն: Վստահեցնում եմ՝ բոլոր ֆուտբոլիստները «Վանի» վերահսկողության տակ են: Սա մի նախագիծ է, որ կտա իր պտուղները: Ակումբի ղեկավարությունն ինձ ասել էր, որ եթե ձմեռային դադարի գնալիս լինենք եվրագավաթային գոտում հայտնվելու պայքարի մեջ, միանշանակ ուժեղացնելու ենք թիմը»,- նշել էր Վահե Գևորգյանը:
«Շիրակի» առաջընթացը
Գյումրին ներկայացնող ակումբն անհաջող սկսեց մրցաշրջանը, բայց Ռաֆայել Նազարյանի նշանակումն արդյունավետ քայլ էր: Թիմը նրա օրոք առաջին 7 խաղում միայն 1 անգամ պարտվեց, հաղթեց 4-ում: Էլ ավելի տպավորիչ էր խաղային աճը: Թիմը սկսեց զգալիորեն ավելի լավ պաշտպանվել ու դա անել նաև ավելի ագրեսիվ խաղով: «Շիրակը» բարձր պրեսինգով և ակնթարթային հակագրոհներով ցավ էր պատճառում մրցակիցներին:
Թիմը խաղային առումով համոզիչ հաղթանակներ տարավ նաև «Ուրարտուի» և «Փյունիկի» նկատմամբ: Հազվադեպ է պատահում, որ «Փյունիկը» մեկ մրցավեճում ոչ մի գոլային պահ չունենա, ու սա այդ խաղն էր: Այս շարքն էլ ավելի է արժևորվում նրանով, որ թիմին տևական ժամանակ չէր օգնում հարձակվող Մորի Կոնեն: Փոխարենը, կրկին սկսեց լավ խաղալ Դոնալդ Կոդիան, մեկ այլ կիսապաշտպան Ռազմիկ Հակոբյանը ևս հիանալի էր գործում:
«Շիրակը» հիմա հարմար տեղավորվել է «Վանի» ու ԲԿՄԱ-ի մեջտեղում: Գարնանն ավելի հստակ կերևա Նազարյանի թիմի ներուժը: «Շիրակը» դժվար թե կազմի կտրուկ փոփոխությունների գնա: Թիմը հիմա բավականին փորձառու կազմ ունի, և մի քանի համալրումը կարող է օգնել ավելի մրցունակ դառնալու: Բայց «Շիրակը» նաև ակումբի սաներին հնարավորություն տալու ծրագիր ունի, ու դա դժվար թե երկրորդ պլան մղվի:
ԲԿՄԱ-ն ամենադիտարժան թիմն է
ԲԿՄԱ-ի մասնակցությամբ ձանձրալի խաղ չի կարող լինել: Ինչպես ասում են, թիմը խաղում է ու մրցակցին էլ թույլ է տալիս խաղալ: Կոմբինացիոն ֆուտբոլ, որ կիրառվում է նույնիսկ առաջնության առաջատարների դեմ: ԲԿՄԱ-ն արդեն 20 միավոր ունի, մինչդեռ ամբողջ նախորդ մրցաշրջանում 27 էր վաստակել: Ճիշտ է, «բաց» ֆուտբոլից պաշտպանությունն է տուժում, ու թիմը հիմա 3-րդ ամենաշատ գոլ բաց թողածն է առաջնությունում:
Արմեն Գյուլբուդաղյանցը հենակետային գոտում և ենթահարձակվողի դիրքում վստահում է հնարավորինս շատ տեխնիկապես ուժեղ ֆուտբոլիստների: Նրանք խաղում են մանր փոխանցումներով, իսկ հետո գործի են անցնում դրիբլինգով եզրայինները: Նրանցից 18-ամյա Նարեկ Հովհաննիսյանն արդեն մեծ խնդիրներ է ստեղծում պաշտպանների համար (4 գոլ, 5 գոլային փոխանցում):
ԲԿՄԱ-ն նախորդ տարիներին շատ է տուժել խաղերի վերջնամասում բաց թողած գոլերի պատճառով: Դա կապ ուներ ֆիզիկականի ու փորձի պակասի հետ։ Այժմ թիմը խաղերի վերջին 15 րոպեներին խփած գոլերով 5-րդն է առաջնությունում (7), իսկ բաց թողածով՝ 4-րդ լավագույնը (ընդամենը 4): Փոխարենը, մեծ խնդիր է, որ ԲԿՄԱ-ն ամենաշատն է գոլ ընդունում ստանդարտ իրավիճակներից (14), որից 6-ը՝ անկյունայիններից:
Վարդան Մինասյանը ԲԿՄԱ-ի մասին այսպիսի կարծիք էր հայտնել․ «ԲԿՄԱ-ն առաջնության «ամենախաղացող» թիմերից մեկն է, որը շատ լավ ֆուտբոլ է ցուցադրում: Նրանց մարզչի ոճն ինձ շատ հոգեհարազատ է: Այս ֆուտբոլիստները ճիշտ մարզչի ձեռքում են»:
Հ․ Գ․ Բավականին անորոշ է աղյուսակի ստորին հատվածի թիմերից «Վեստ Արմենիայի» ու «Ալաշկերտի» հետագան: Վերջինս, կարծես, մտադիր չէ կազմը բալանսավորել: «Վեստ Արմենիան» հետաքրքիր թիմ է հավաքել և հատվածներով շատ լավ ֆուտբոլ է խաղում, սակայն կան ֆինանսական խնդիրներ: 9-րդ տեղում տեղում գտնվող «Արարատը» գլխավոր հիասթափությունն է, այնտեղ խաղային խնդիրները թիմին թույլ չեն տալիս աճ գրանցել: