Logo

Yerevan Open. Մամիկոն Ղարիբյանը լրացուցիչ գործակիցներով գլխավոր մրցանակը զիջեց Սերգեյ Լոբանովին

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
16:35 / 18.10.2022Շախմատ
Մամիկոն Ղարիբյան

«Մերիդիան» էքսպո կենտրոնում ավարտվեց շախմատի Yerevan Open միջազգային 4-րդ մրցաշարը:

Վերջին տուրից առաջ հայ շախմատիստներից գլխավոր մրցանակին հավակնում էր Մամիկոն Ղարիբյանը, որը կես միավոր էր զիջում մրցաշարային աղյուսակը գլխավորող ռուսաստանցի Սերգեյ Լոբանովին: Վերջինս առաջինն ավարտեց մրցաշարը՝ սևերով 30-րդ քայլին հաշտություն կնքելով իր հայրենակից Կլեմենտի Սիչովի հետ ու վաստակեց 7 միավոր:

Մամիկոն Ղարիբյանը հաղթանակով ավարտեց մրցաշարը՝ սևերով 35-րդ քայլին առավելության հասնելով վրացի Միխեիլ Մչեդլիշվիլու նկատմամբ: Ղարիբյանը ևս վաստակեց 7 միավոր:

Լրացուցիչ գործակիցների հաշվարկով Ղարիբյանը գլխավոր մրցանակը զիջեց Լոբանովին՝ բավարարվելով 2-րդ տեղով: Մամիկոնը կպարգևատրվի 1,8 միլիոն դրամով, «Չեսիֆայ» ընկերության կողմից էլ կստանա 300 դոլար: Իսկ մրցաշարի հաղթող Սերգեյ Լոբանովը կստանա համապատասխանաբար 2,6 միլիոն դրամ ու 500 դոլար:

6,5 միավորով 11-րդ տեղը զբաղեցրեց մրցաշարի մասնակիցներից ամենաբարձր անհատական վարկանիշն (2625) ունեցող Սամվել Տեր-Սահակյանը, որը սպիտակներով հաղթեց Հովիկ Հայրապետյանին: Նա կպարգևատրվի 250 հազար դրամով:

Տիգրան Պետրոսյանը, սևերով հաղթելով Արսեն Դավթյանին, 6 միավորով զբաղեցրեց 13-րդ տեղը: Նա կպարգևատրվի 250 հազար դրամով: Նույնպիսի պարգևի կարժանանա 6 միավորով 15-րդ տեղը գրաված Վահե Դանիելյանը: 5,5-ական միավորով 19 րդ և 20-րդ տեղերը զբաղեցրած Տիգրան Հարությունյանն ու Հովիկ Հայրապետյանը կստանան 130 հազարական դրամ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ