Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռուսլան Բալտիևը մեկնաբանել է ընկերական խաղում Հայաստանի հավաքականից 1-2 հաշվով կրած պարտությունը:
«Նման խաղերում սխալներ լինում են։ Ունեցանք կենտրոնացվածության պակաս, ինչի հետևանքով երկու գոլ բաց թողեցինք։
Առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներից ամենամեծ սպառնալիքը գալիս էր Էդուարդ Սպերցյանից, իսկ առհասարակ վտանգ կար հարձակման գծի բոլոր ֆուտբոլիստներից էլ, որոնք կարողացան ազատվել մեր վերահսկողությունից ու դառնալ գոլի հեղինակ»,- ասել է մարզիչը, հաղորդում է FastNews-ի թղթակիցը։
Հիշեցնենք, որ Երևանում կայացած խաղում Հայաստանի հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձավ լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, իսկ հյուրերի պաշտպան Ալեքսանդր Մարոչկինը գրավեց սեփական դարպասը։
Հայաստանի հավաքականն ընդհատեց 9 խաղից բաղկացած առանց հաղթանակների շարքը: Ալեքսանդր Պետրակովի թիմը նախորդ հաղթանակը տարել էր շուրջ մեկ տարի՝ 2023 թվականի հունիսի 19-ին Եվրո-2024-ի ընտրական փուլում 2-1 հաշվով հաղթելով Լատվիայի հավաքականին:
Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի Ազգերի լիգայի 2024/25 խաղարկությունում և սեպտեմբերի 7-ին կընդունի Լատվիային։ C լիգայի չորրորդ խմբում ընդգրկված են նաև Հյուսիսային Մակեդոնիայի ու Ֆարերյան կղզիների հավաքականները։


