Ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին հայտարարած Գևորգ Ղազարյանն ընդգրկվել է «Արարատ-Արմենիայի» մարզչական շտաբում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
35-ամյա կիսապաշտպանը 2022 թվականի ամռանն էր միացել երևանյան ակումբին, որի կազմում անցկացրել է 22 հանդիպում, դարձել 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։
Սեպտեմբերի 11-ին կայացած Հայաստան - Խորվաթիա Եվրո-2024-ի որակավորման փուլի 6-րդ տուրի հանդիպումից առաջ Ղազարյանը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում հրաժեշտ էր տվել երկրպագուներին։ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հուշանվեր հանձնեց Հայաստանի հավաքականի կազմում 75 խաղ անցկացրած ու 14 գոլ խփած կիսապաշտպանին։
Հիշեցնենք, որ Գևորգ Ղազարյանը ֆուտբոլիստի կարիերան սկսել էր 2006 թվականին: Երևանի «Փյունիկի» սանը նախկինում խաղացել է նաև «Բանանցում» (այժմ՝ «Ուրարտու»), Դոնեցկի «Մետալուրգում», Կարագանդայի «Շախտյորում», հունական «Օլիմպիակոսում», «Կերկիրայում» և «Լամիայում», պորտուգալական «Մարիտիմուում», «Շավիշում» և Կիպրոսի «ԱԵԼ Լիմասոլում»: Հայաստանի հավաքականում նա նորամուտը նշել էր 2007թ. օգոստոսի 22-ին «Հանրապետական» ստադիոնում կայացած Պորտուգալիայի հավաքականի հետ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խաղում: