Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում հոկտեմբերի 17-ին մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության մրցումային առաջին օրը Գևորգ Թադևոսյանը (87 կգ) կիսաեզրափակիչ գոտեմարտում 6-4 հաշվով հաղթեց ղազախ Մակսատ Սաիլաուին ու նվաճեց եզրափակիչի ուղեգիր:
Հոկտեմբերի 18-ին Հայաստանի ներկայացուցիչը եզրափակիչում կմրցի հունգարացի Իստվան Տակաչի հետ։
Հիշեցնենք, որ Գևորգ Թադևոսյանը 1/8 եզրափակիչում մեկնարկել էր ղրղզ Ազատ Սալիդինովի նկատմամբ վստահ հաղթանակով՝ 9-0, իսկ քառորդ եզրափակիչում 4-0 հաշվով պարտության էր մատնել հոլանդացի Մարսել Ստերկենբուրգին։
Քիչ անց եզրափակիչի ուղեգրի համար կպայքարի մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ), որը կիսաեզրափակիչում ուժերը կչափի ճապոնացի Նաո Կուսակայի հետ։
1/8 եզրափակիչից պայքարը սկսած ու մոլդովացի Վիտալի Երյոմենկոյին հաղթած Հրաչյա Պողոսյանը (63 կգ) երկրորդ գոտեմարտում 1-3 հաշվով պարտվել էր վրացի Գիորգի Շոթաձեին, որը նվաճել է եզրափակիչի ուղեգիր։ Հրաչյա Պողոսյանը հնարավորություն է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար ու հոկտեմբերի 18-ին սփոփիչ գոտեմարտ կանցկացնի իսրայելցի Աբերե Ֆետենեի հետ։
Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ23 հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Տիգրան Մինասյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Գագիկ Հակոբյանը (82 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ)։
Մ23 ԱԱ․ Մալխաս Ամոյանը եզրափակիչում է