Դորտմունդի «Բորուսիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի կամերունցի հարձակվող Յուսուֆա Մուկոկոյի տարիքը կեղծվել է մանկության տարիներին։ Ֆուտբոլիստը ոչ թե 20 տարեկան է, ինչպես գրված է նրա անձնագրում, այլ 24, հայտնում է Bild-ը։
Իրականությունը բացահայտել է խաղացողի խորթ հայրը՝ Ժոզեֆ Մուկոկոն, որը հայտարարել է` «Մենք նրան չորս տարով երիտասարդացրինք»։
Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիան (DFB) անդրադարձել է Մուկոկոյի տարիքի վերաբերյալ առեղծվածային պատմությանը:
«2017 թվականի սեպտեմբերին, երբ Յուսուֆա Մուկոկոն պետք է նորամուտը կնշեր Գերմանիայի մինչև 16 տարեկանների հավաքականի կազմում, հանրային կասկածներ կային նրա ծննդյան տարեթվի վերաբերյալ: DFB-ն այդ հարցի վերաբերյալ սերտորոն գործակցում էր Համբուրգի համապատասխան մարմինների հետ:
Երբ ներկայացվել է Համբուրգի գրանցումների գրասենյակի կողմից վավերացված ծննդյան վկայականը, նրան ուղարկել են Գերմանիայի հավաքական։ DFB-ն պատճառ չուներ կասկածելու Գերմանիայի իշխանությունների աշխատանքին։ Ուստի, ասոցիացիայի շրջանակում նրա ֆուտբոլային կարիերայի հետագա ընթացքի համար հիմք է ծառայել ներկայացված ծննդյան տվյալները` 2004 թվականի նոյեմբերի 20»,- նշված է ֆուտբոլային կառույցի հայտարարությունում:
Յուսուֆա Մուկոկոն «Բորուսիայի» սան է։ Ընթացիկ մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս ֆրանսիական «Նիսում», որի կազմում անցկացրել է 13 խաղ, դարձել երկու գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։