Գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականն ադրբեջանցի մրցավարի պատճառով չի մասնակցելու Ռուսաստանի Կազան քաղաքում ընթացող BRICS մարզական խաղերին։ Այդ մասին սոցցանցերում հայտնել է Հայաստանի հավաքականի անդամ Սիլվա Սարսգյանը:
«Դիմում եմ բոլոր ընկերներիս, երկրպագուներին և բոլոր նրանց, որոնք անհամբեր սպասում են ինձ Կազանում տեսնել BRICS խաղերին։ Ցավոք, Հայաստանի հավաքականը դուրս է եկել պայքարից, և ես չեմ մասնակցելու մրցաշարին»,- գրել է Սարգյանը։
Հետագայում «Матч ТВ»-ին տված հարցազրույցում Սարգսյանը բացահայտել է այդ որոշման պատճառը.
«Սկզբում գլխավոր մրցավար էր նշանակվել Հայաստանի ներկայացուցիչը։ Այնուհետև մրցավարը փոխվեց ու նշանակվեց ադրբեջանցի։ Այդ պատճառով Հայաստանի թիմը դուրս եկավ պայքարից։ Գլխավոր պատճառն ադրբեջանցի մրցավարն է»։
Հիշեցնենք, որ Հայաստանը BRICS մարզական խաղերում նվաճել է 1 ոսկե և 6 բրոնզե մեդալ։ Սուրեն Հարությունյանը (կարատե, 67 կգ) դարձել է ոսկե, իսկ Գոռ Ներսիսյանը (կարատե, 84 կգ), սամբիստներ Արսեն Խանջյանը (98 կգ), Արթուր Մանուկյանը (64 կգ), ուշուիստներ Ժիրայր Պետրոսյանը (52 կգ), Արսեն Բաղրյանը (60 կգ) և Դավիթ Վարդանյանը (65 կգ)` բրոնզե մեդալակիր։