Հայաստանի հավաքականի պատմության գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում կլինի «Տորինոյի» դեմ Ա Սերիայի հերթական տուրի խաղում, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:
Միլանյան գրանդի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին դեռևս պետք է որոշի թիմի մեկնարկային կազմը: Մեկ ֆուտբոլիստի անուն, այնուամենայնիվ, հայտնի է, և ըստ իտալական հեղինակավոր լրատվամիջոցի՝ այդ ֆուտբոլիստը Հենրիխ Մխիթարյանն է:
Հոկտեմբերի միջազգային դադարին Մխիթարյանը մնացել է «Ինտերում», և այս հանգամանքն առանցքային դերակատարում ունի մեկնարկային կազմի ընտրության հարցում: Միակ հարցն այն է, թե որ դիրքում կխաղա Հենրիխը:
Հիշեցնենք, որ 34-ամյա հայ կիսապաշտպանն Իտալիայի փոխչեմպիոնի գույները պաշտպանում է 2022 թվականի ամառվանից: Կողմերի պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի ամռանը, սակայն հավանականությունը մեծ է, որ «Ինտերն» ու Մխիթարյանը նոր պայմանագիր կկնքեն:
Ա Սերիայի 9-րդ տուրի «Տորինո» - «Ինտեր» խաղը նշանակված է հոկտեմբերի 21-ին, մեկնարկը՝ ժամը 20:00-ին: