Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո Գարիկ Կարապետյանը (102 կգ) լրագրողների հետ զրույցում արտահայտել է իր տպավորությունները, հաղորդում է VNews-ի թղթակիցը:
- Գարի՛կ, ընդունիր մեր շնորհավորանքները. ի՞նչ է քեզ համար երիտասարդ տարիքում Եվրոպայի չեմպիոն դառնալը:
- Ամեն ինչ է. հիանալի է, որ հաղթել եմ ու բարձր պահել ազգիս դրոշը՝ չեմպիոն դառնալով իմ հայրենիքում: Շատ ուրախ եմ, որ սահմանեցի երեք ռեկորդ: Շնորհակալ եմ ծնողներիս ու մարզիչներիս, որ ինձ դաստիարակել ու մեծացրել են, օգնել հասնել նման հաջողության: Խոստանում եմ, որ դեռ շատ կլսեք իմ անունը:
- Հայրդ նույնպես ծանրորդ է, ռեկորդակիր: Ի՞նչ խորհուրդ տվեց քեզ մրցահարթակ բարձրանալուց առաջ:
- Ասաց, որ հավատամ ուժերիս:
- Պոկում վարժության ժամանակ լարվածության մեջ պահեցիր բոլորիս: Ինչպե՞ս կմեկնաբանես այդ մոտեցումդ:
- Խոսքեր չունեմ, չեմ կարող մեկնաբանել:
- Ինչպե՞ս կմեկնաբանես վրացի ծանրորդի հետ պայքարը:
- Թեժ պայքար էր, կցանկանամ, որ յուրաքանչյուր մրցմանը նման պայքար լինի:
Հիշեցնենք, Գարիկ Կարապետյանը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց՝ երկամարտում գրանցելով 392 կգ արդյունք:
ԵԱ-ում Հայաստանը երկամարտի մեդալների քանակը հասցրեց 8-ի։ Մրցումային նախորդ օրերի ընթացքում Գոռ Սահակյանը (67 կգ) և Դավիթ Հովհաննիսյանը (92) հռչակվել են Եվրոպայի չեմպիոն, Տաթև Հակոբյանը (76 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) և Արա Աղանյանը (92 կգ) դարծել են արծաթե մեդալակիր, իսկ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) և Իզաբելա Յայլյանը (55 կգ) նվաճել են բրոնզե մեդալ։
Տղամարդկանց Հայաստանի հավաքականի կազմում մեդալների համար կպայքարեն նաև Սամվել Գասպարյանը և Պետրոս Պետրոսյանը (երկուսն էլ՝ 109 կգ), Սիմոն Մարտիրոսյանը և Վարազդատ Լալայանը (երկուսն էլ՝ +109 կգ)։
Կանանց Հայաստանի հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգան նաև Մարգարիտա Առաքելյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը (երկուսն էլ՝ 87 կգ), ինչպես նաև Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ):