ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն, որի գլխավորությամբ նախորդ մրցաշրջանում ֆրանսիական ակումբում խաղում էր աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսսին, հիացմունքի խոսքեր է ասել «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին:
«Շատ բան չես կարող անել, երբ Ռոնալդուն խաղում է քո դեմ: Նա երկու գեղեցիկ գոլ խփեց։ Խոսքեր չունեմ նկարագրելու այս խաղացողին: 38-ամյա ֆուտբոլիստի համար նա արտասովոր բաներ է անում: Նա շարունակում է մնալ աշխարհի լավագույն խաղացողը»,- Գալտյեի խոսքը մեջբերում է The Daily Star-ը:
Հոկտեմբերի 24-ին «Ալ Նասրն» Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում 4-3 հաշվով հաղթել էր կատարական «Ալ Դուհաիլին», որի գլխավոր մարզիչը Քրիստոֆ Գալտյեն է: Ռոնալդուն դուբլ էր ձևակերպել:
Հիշեցնենք, որ «Ալ Նասրը» երեք խաղից հետո վաստակել է 9 միավոր և խմբի առաջատարն է: