Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում իսրայելական «Մաքաբի Հայֆայի» նկատմամբ վստահ հաղթանակը 7-2 հաշվով:
«Մենք հաղթահարեցինք որակավորման փուլը, դա ամենակարևորն է: Մրցաշարը դեռ չի ավարտվել, «Յուվենտուսի» դեմ խաղում մենք պետք է պայքարենք խմբում առաջին տեղը զբաղեցնելու համար:
ՊՍԺ-ի նպատակը Չեմպիոնների լիգայի խմբային փուլն առաջին տեղում ավարտելն է: Մենք կենտրոնացած ենք այդ նպատակի վրա: Ցավում եմ բաց թողնված երկու գնդակի համար, բայց թիմը ֆանտաստիկ խաղաց:
Մենք խաղացինք վառ, էներգիայով լի ֆուտբոլ: Ես գոհ եմ»,- Գալտյեի խոսքը մեջբերում է RMC Sport-ը:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5 տուրերից հետո ՊՍԺ-ն H խմբի առաջատարն է 11 միավորով: Երկրորդ տեղում գտնվող Լիասաբոնի «Բենֆիկան» նույնպես ունի 11 միավոր: Թուրինի «Յուվենտուսն» ու «Մաքաբի Հայֆան» 3-ական միավորով բաժանում են 3-4-րդ տեղերը: