ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի (RFEF) նախագահ Լուիս Ռուբիալեսին 90 օրով զրկել է ֆուտբոլային գործունեություն ծավալելու հնարավորությունից, հաղորդում է կառույցի մամուլի ծառայությունը։
Իսպանացի ֆունկցիոները սկանդալի կենտրոնում էր հայտնվել Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում կայացած ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնության մրցանակաբաշխությունից հետո։ Ոսկե մեդալները հանձնելիս Ռուբիալեսը նախ գրկել էր Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստուհի Ջենիֆեր Էրմոսոյին, այնուհետև համբուրել նրա շուրթերը։
Դրանից հետո Ռուբիալեսը հրաժարվել էր հեռանալ զբաղեցրած պաշտոնից։ ՖԻՖԱ-ն 46-ամյա իսպանացուն ու RFEF-ի ներկայացուցիչներին նաև արգելել է կապ հաստատել մեքսիկական «Պաչուկայի» կիսապաշտպան Ջենիֆեր Էրմոսոյի ու նրա շրջապատի հետ։
Հիշեցնենք, որ Սիդենյում կայացած եզրափակիչում Իսպանիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթել էր 2022թ. Եվրոպայի չեմպիոն Անգլիայի հավաքականին ու պատմության մեջ առաջին անգամ դարձել աշխարհի չեմպիոն։ Երկու թիմերն էլ առաջին անգամ էին խաղում ԱԱ-ի եզրափակիչում։
Այս տարի կանանց աշխարհի չեմպիոնի տիտղոսը չէր կարողացել պաշպանել ԱՄՆ-ի հավաքականը, որը 1/8 եզրափակիչում 0-1 հաշվով պարտվել էր Շվեդիային։


