Սպորտը տարեցտարի երիտասարդանում է։ Տարբեր մարզաձևերում հայտնվում են պատանիներ, որոնց ներուժը կարիերայի ծաղկուն շրջանի համար լուրջ ակնկալիքներ է առաջացնում։ Ֆուտբոլում նման հեռանկարային տաղանդ է Լամին Յամալը, բասկետբոլում՝ Վիկտոր Վեմբանյաման, իսկ Ֆորմուլա 1-ում առաջիկա մրցաշրջանից իրենց ուղին սկսելու են միանգամից մի քանի երիտասարդ տաղանդներ։ «Մերսեդեսում» փորձառու չեմպիոն Լյուիս Հեմիլթոնին փոխարինելու է անփորձ Անդրեա Կիմի Անտոնելին, որը գերմանական թիմի հետ պայմանագիր կնքելու պահին վարորդական վկայական չի ունեցել։ Անհավատալի է, բայց Անտոնելին ունեցել է Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի սուպերարտոնագիր, որը թույլ է տալիս վարել ավտոսպորտի ամենաարագ բոլիդը։ Այդ բացն իտալացին լրացրել է հունվարի 25-ին՝ հաջողությամբ հանձնելով վարորդական վկայականի քննությունը։
FastNews-ը ներկայացնում է պիլոտների, որոնք եղել են «Արքայական ավտոսպորտում», անգամ հաղթանակներ են գրանցել և չեմպիոնական տիտղոսներ նվաճել, բայց Ֆորմուլա 1-ի մրցուղուց դուրս ավտոմեքենա վարելու իրավունք չեն ունեցել։
ԽՈՒԱՆ ՄԱՆՈՒԵԼ ՖԱՆԽԻՈ
Խուան Մանուել Ֆանխիոն Ֆորմուլա 1-ի իսկական լեգենդ է։ «Արքայական ավտոսպորտի» ձևավորման առաջին տարիներին նա եղել է պելետոնում ու ամենավտանգավոր իրավիճակներում պայքարել է մինչև վերջ։ Արգենտինացին Ֆորմուլա 1-ի պատմության մեջ երկրորդ չեմպիոնն է, իսկ չեմպիոնական տիտղոսների քանակով երրորդն է։ Լավագույնները 7-ական չեմպիոնությամբ Միխայել Շումախերն ու Լյուիս Հեմիլթոնն են: Արգենտինացին աշխարհի չեմպիոն է դարձել 5 անգամ՝ 1951-1957 թվականներին։ Ամենազարմանալին այն է, որ լեգենդն այդ ամբողջ ընթացքում չի ունեցել վարորդական վկայական։ Քաղաքային մեքենա վարելու իրավունք նա ստացել է 47 տարեկանում՝ 1958-ին, երբ արդեն ավարտել էր մարզական կարիերան:
ՄԱՔՍ ՖԵՐՍՏԱՊԵՆ
Եվս մեկ աշխարհի չեմպիոն, որը Ֆորմուլա 1-ում հանդես գալու ժամանակահատվածում վարորդական վկայական չի ունեցել։ Ի տարբերություն Ֆանխիոյի՝ Մաքսը չեմպիոն դառնալուց առաջ հասցրել էր լրացնել այդ բացը: Աշխարհի քառակի չեմպիոնը Ֆորմուլա 1-ում հայտնվել է 2015 թվականին, երբ դեռ 17 տարեկան էր։ Մաքսն «Արքայական ավտոսպորտ» է տեղափոխվել անմիջապես Ֆորմուլա 3-ից։ Այդ ժամանակ շատերը թերահավատորեն էին մոտենում Մաքսին: Ֆորմուլա 1-ի համար չափազանց երիտասարդ համարվող տղան շատ արագ հակառակն ապացուցեց։ Նա իր 2-րդ մրցավազքն ավարտեց 7-րդ տեղում և դարձավ Ֆորմուլա 1-ում միավոր վաստակած ամենաերիտասարդ պիլոտը։ Այդ ամիսներին Մաքսի ու «Տորո Ռոսոյի» պայմանագրում կար հստակ կետ. նիդերլանդցին մրցուղուց բացի ոչ մի այլ վայրում վարելու իրավունք չուներ։ Հետագայում նա հաղթեց նաև Իսպանիայի Գրան պրին՝ դառնալով պատմության մեջ ամենաերիտասարդ պիլոտը, որը մրցավազք է հաղթել։ Մաքսը վարորդական վկայականի քննությունը հաջողությամբ հանձնել է 18-ամյակի օրը։ Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիան 2021 թվականին ընդունեց հատուկ կանոնակարգ, որը մրցավազքային սուպերարտոնագիր է տրամադրում միայն 18 տարեկանը լրացած վարորդներին։