Կոսովոյի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանկո Ֆոդան հետխաղային ասուլիսում մեկնաբանել է ընկերական խաղում Հայաստանի հավաքականի նկատմամբ 1-0 հաշվով հաղթանակը, հաղորդում է VNews-ի թղթակիցը։
«Գոհ եմ արդյունքից։ Այստեղ էինք եկել` հաղթելու։ Առաջին խաղակեսում մենք բավական լավ հանդես եկանք։ Ունեինք գոլային պահեր, որոնց մրցակիցը գրեթե ոչնչով չպատասխանեց։ Առաջին խաղակեսում արժանի էինք խփած գոլին և հաղթանակին։
Երկրորդ խաղակեսում իրավիճակը փոխվեց։ Գնդակի վերահսկողությունը պարբերաբար փոխվում էր, մրցակիցն սկսեց ավելի ակտիվ գործել, բայց պետք է նշեմ, որ գոլից հետո մենք երկու-երեք պահ էլ ունեցանք և կարող էինք մեծացնել հաշվի տարբերությունը։
Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականն արդեն ռիսկի դիմեց և ավելի լավ խաղ ցույց տվեց։ Ամեն դեպքում, ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի հավաքականը բավական լավ թիմ ունի, պայքարում էր շատ։ Ամեն անգամ, երբ գնդակը կորցնում էին, նետվում էին պայքարի` փորձելով հետ խլել գնդակը։
Կոսովոյի հավաքականի համար չկան ընկերական հանդիպումներ։ Պայքարում ենք մինչև վերջ։
Ինչպես արդեն ասացի, Հայաստանի հավաքականը շատ լավ թիմ ունի։ Մենք դա խաղում զգացինք։ Հնարավոր է` նրանք կարողանան Ազգերի լիգայում լավ պայքարել և որակավորվեն ավելի բարձր դիվիզիոն»,- նշել է գերմանացի մասնագետը։
Հայաստանի հավաքականը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի մարտի 26-ին և Պրահայում կհյուրընկալվի Չեխիային։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին և կլինի «Ֆասթ Սպորտի» ուղիղ եթերում։


