Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ 2024թ. աշխարհի առաջնության որակավորման հիմնական մրցաշարում ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր։
Երրորդ տուրում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը Պլզենում հյուրընկալվեց Չեխիայի հավաքականին և հաղթեց 4-1 հաշվով: Հայաստանի հավաքականի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ ռուսական «Նորիլսկի Նիկելի» խաղացող Վլադիմիր Սանոսյանը, 1 գոլ էլ խփեց ռուսական «Ուխտայի» ներկայացուցիչ Արթուր Մելքոնյանը:
Հայաստանի հավաքականն անցկացրած 3 խաղերից հետո 100-տոկոսանոց արդյունքով (9 միավոր) ապահովեց առաջին տեղն ընտրական 3-րդ խմբում և նվաճեց որակավորման փուլի էլիտ-ռաունդի ուղեգիր: Չեխերը 3 միավոր ունեն, Բոսնիա և Հերցեգովինան առանց միավորի է:
Հայաստանի հավաքականը որակավորման հիմնական փուլի վերջին տուրում մարտի 3-ին Երևանում կընդունի Բոսնիա և Հերցեգովինայի թիմին:
ԱԱ-2024, որակավորման հիմնական փուլ, 3-րդ տուր
Չեխիա - Հայաստան՝ 1-4
Լուկաշ Ռեչետար, 28'50" - Վլադիմիր Սանոսյան, 11'37", 20'39", 22'31", Արթուր Մելքոնյան, 37'41"