«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկն ակումբի կողմից իրավունք է ստացել անձամբ որոշել թիմի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի ապագան, հայտնում է Mundo Deportivo-ն:
Կատալոնական ակումբը տրամադրված է երկարաձգել նիդերլանդցու պայմանագրի ժամկետը, սակայն մտածում է ֆինանսական ճշգրտումների մասին:
Դե Յոնգը կարող է չստանալ նախկին աշխատավարձը, քանի որ ներկայումս Լա լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից է, ինչը մարտահրավեր է «Բլաուգրանայի» համար:
«Բարսելոնան» ցանկանում է, որպեսզի Ֆլիկը գնահատի Ֆրենկիի ու թիմի երիտասարդ կիսապաշտպանների դերը: Գերմանացի մասնագետն իր որոշումը կարող է հայտնել մինչև մրցաշրջանի ավարտը:
27-ամյա կիսապաշտպանն այս մրցաշրջանում կապտանռնագույնների կազմում անցկացրել է 29 հանդիպում:


