Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թամաս Բախն արձագանքել է 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի նախաշեմին Փարիզում ստեղծված իրավիճակին։ Ֆրանսիայի երկաթուղային հաղորդակցությունը կատվածահար է եղել տարբեր երթուղիներում տեղի ունեցած դիվերսիոն հրկիզումների պատճառով։ Հուլիսի 26-ին շուրջ 800 հազար ուղևոր չի կարողացել օգտվել երկաթուղային տրանսպորտից։ Բազմաթիվ ուղևորներ չեն կարողանում հեռանալ Փարիզի Մոնպարնաս կայարանից։
Թամաս Բախը նշել է, որ մտավախություն չունի, որ ստեղծված իրավիճակը կխոչընդոտի Օլիմպիական խաղերի անցկացմանը։
«Ոչ մի մտավախություն չունեմ։ Մենք ամբողջությամբ վստահում ենք Ֆրանսիայի կառավարությանը։ Բոլոր միջոցները ձեռնարկված են: Ֆրանսիական կառավարությանն օգնում են նաև 180 տարբեր ծառայություններ ամբողջ աշխարհից»,- գերմանացի ֆունկցիոների խոսքը մեջբերում է France Press-ը։
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա հուլիսի 26-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին: Հայաստանը Փարիզ-2024-ում կունենա 15 մասնակից՝ 7 մարզաձևում (երեքը՝ սպիտակ քարտով):
Փարիզ-2024․ Հայաստանի մարզիկների մրցելույթների ժամանակացույցը


