Հայաստանի ազատ ոճի ըմբիշները մեդալներով են ավարտել ելույթները Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայում ընթացող Ֆրանկոֆոնիայի խաղերում:
Գևորգ Մխեյանը (70 կգ) եզրափակիչում 4-1 հաշվով հաղթել է Ֆրանսիան ներկայացնող Մուհամադ Սանգարիևին և դարձել ոսկե մեդալակիր:
Ռազմիկ Սիմոնյանը (79 կգ) եզրափակիչում 0-7 հաշվով պարտվել է ընդունող երկրի ներկայացուցչին և արժանացել արծաթե մեդալի:
Ավելի վաղ Ֆրանկոֆոնիայի խաղերում Վրեժ Գևորգյանը (61 կգ) դարձել էր ոսկե մեդալակիր, Հրաչյա Մարգարյանը (65 կգ)՝ արծաթե, իսկ Առաքել Մովսիսյանը (57 կգ)՝ բրոնզե:
Այսպիսով, հայ ըմբիշները Ֆրանկոֆոնիայի խաղերում նվաճեցին երկուական ոսկե և արծաթե ու մեկ բրոնզե մեդալ:
Հիշեցնենք, որ Ֆրանկոֆոնիայի խաղերում Հայաստանը 19 ներկայացուցիչ ունի 5 մարզաձևում՝ աթլետիկա, ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո, սեղանի թենիս և հեծանվային սպորտ մարզաձևերում:
Չորս տարին մեկ անցկացվող խաղերին մասնակցելու իրավունք ունեն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 88 լիիրավ անդամ և դիտորդ պետությունների 18-35 տարեկան մարզիկները: Այս տարի մասնակցության հայտ է ներկայացրել 38 երկիր, այդ թվում՝ Հայաստանը (Հայաստանը չորրորդ անգամ կմասնակցի): Հայաստանը 2009 թվականից է մասնակցում Ֆրանկոֆոնիայի խաղերին:


