Գերմանացի կենտրոնական պաշտպան Լուկա Բեկենբաուերը, որն աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Ֆրանց Բեկենբաուերի թոռն է, հայտարարել է կորոնավիրուսի հետևանքով պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին:
Գերմանիայի Ռեգիոնալ լիգայի «Վակեր Բուրգհաուզեն» ակումբի 22-ամյա ֆուտբոլիստը 2022 թվականի նոյեմբերին վարակվել էր կորոնավիրուսով և մինչև հիմա զգում է հիվանդության հետևանքները:
«Անգամ հիմա՝ 9 ամիս անց, ես միայն որոշ չափով եմ կարողանում սպորտով զբաղվել: Բավականին երկար ժամանակ կպահանջվեր, որ վերադառնայի նախկին ռեժիմին: Դա է պատճառը, որ ցանկանում եմ հնարավորինս շուտ կանգ առնել»,- Լուկա Բեկենբաուերի խոսքը մեջբերում է TZ-ն:
Գերմանացի պաշտպանը նաև հայտնել է, որ կշարունակի խաղալ «MTV Մյունխեն» սիրողական թիմում։
Հիշեցնենք, որ Լուկա Բեկենբաուերը Գելզենկիրխենի «Շալկեի» սան է, կարիերայի ընթացքում մասնակցել է 108 խաղի, խփել 7 գոլ:

