Հեղինակավոր Forbes ամսագիրը կրկին թարմացրել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը:
Մարզական կարիերայի ընթացքում չորրորդ անգամ ցուցակի առաջատարը Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը նախորդ տարի վաստակել է 260 միլիոն դոլար: Այդ գումարից 200 միլիոնը «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը ստացել է արաբական ակումբից, իսկ 60 միլիոնը գովազդային պայմանագրերի միջոցով է վաստակել:
Երկրորդ տեղում է իսպանացի գոլֆիստ Ջոն Ռամը՝ 218 միլիոն դոլար եկամուտով։ Լավագույն եռյակը եզրափակում է ամերիկյան «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լիոնել Մեսին, որը 2023 թվականին վաստակել է 135 միլիոն դոլար:
Լավագույն տասնյակում են նաև բասկետբոլիստներ, «Լոս Անջելես Լեյքերսից» Լեբրոն Ջեյմսը (128,2 միլիոն դոլար), «Միլուոկի Բաքսից» Յանիս Ադետոկունբոն (111 միլիոն), «Գոլդեն Սթեյթից» Ստեֆեն Կարին (102 միլիոն), ֆուտբոլիստներ, ֆրանսիական ՊՍԺ-ից Կիլիան Մբապեն (110 միլիոն), Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալից» Նեյմարը (108 միլիոն), «Ալ Իթիհադից» Կարիմ Բենզեման (106 միլիոն) և ամերիկյան ֆուտբոլի ներկայացուցիչ, «Բալթիմոր Ռեյվենսի» խաղացող Լամար Ջեքսոնը (100,5 միլիոն):
Առաջին անգամ տասնյակում ընդգրկված բոլոր մարզիկները մեկ տարվա ընթացքում 100 միլիոն դոլարից ավելի գումար են վաստակել: