Ամառային վերջին տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք որևէ իրականության մեջ չէին կարող տեղավորվել։ Եթե հունիսին մեկը Ձեզ ասեր, որ Մեսին հեռանալու է «Բարսայից», այն էլ՝ ՊՍԺ, իսկ Ռոնալդուն «Յուվեից» վերադառնալու է «Մանչեսթեր Յունայթեդ», վստահաբար զանգահարելու էիք առաջին պատահած հոգեբուժարան՝ խնդրելով լրջորեն զբաղվել այդ զրուցակցի բուժմամբ։ Սակայն տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ. Մեսիի ու Ռոնալդուի տրանսֆերին զուգահեռ տեղի ունեցան տեղափոխություններ, որոնք սովորական պայմաններում կպայթեցնեին տրանսֆերային պատուհանը։ Ջեք Գրիլիշի ու Ջեյդոն Սանչոյի ակումբային փոփոխությունը ոչ պակաս ուշագրավ էր:
Ամառայինը փակվեց, ձմռան ցրտին բացվեց նորը: Այն արդեն հատել է հասարակածը, սակայն եղել են, կան ու երևի դեռ կլինեն ֆուտբոլիստներ, որոնք շարունակում են մնալ իրենց ակումբներում տարբեր պատճառներով։ Ոմանք տենչում են հեռանալ, բայց այնքան ագահ են, որ պոտենցիալ գնորդները տեսնում են այդ ֆուտբոլիստի պայմանագրում արձանագրված 0-ների քանակը, փախչում են առաջին պատահած ինքնաթիռով։ Մյուսներն այնքան հարմար են տեղավորված, որ չեն էլ ցանկանում ջանք գործադրել՝ դաշտ վերադառնալու համար. կարևորը հաշվեհամարին աշխատավարձը «նստում է» ժամանակին։ Այս ցուցակում կարծես հավերժական առաջատարն Ուսման Դեմբելեն է։ «Բարսելոնայի» հարձակվողը ժամանակին եկել է Կատալոնիա աստղաբաշխական գներով, սակայն նրա բուժման վրա «Բարսան» արդեն ավելի շատ գումար է ծախսել։ Վիճակն այնպիսին է, որ Լապորտան մեծ սիրով կազատվեր ֆրանսիացուց, սակայն Դեմբելեի ֆինանսական պահանջները բավարարելը հեշտ չէ։ «Բարսելոնան» 70 մլն եվրո է ցանկանում ստանալ, իսկ Ուսմանը նոր ակումբից պահանջում է տարեկան 18-20 մլն եվրո։ Ստորև ներկայացված ֆուտբոլիստները գրեթե կիսում են Դեմբելեի ճակատագիրը, բայց հանգամանքները մի փոքր այլ են։
ՊՈԼ ՊՈԳԲԱ
Էլ ինչ ցուցակ, եթե այնտեղ չլինի Պոլ Պոգբան։ Ընդ որում՝ կապ չունի՝ ինչ ցուցակ է։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը համարվում է եվրոպական մի շարք թոփ ակումբների տրանսֆերային թիրախը։ Այնպես չէ, որ Պոգբան չի ցանկանում հեռանալ: Բազում անվանի ֆուտբոլիստներ եկել են Մանչեսթեր քաղաք ու 11 ամիս անց հեռացել են ոչ ֆուտբոլային պատճառներով։ Անխել դի Մարիան պատմել է, որ անգլիական այդ ֆուտբոլային քաղաքում սարսափելի խոնավ է և անելու գրեթե ոչինչ չկա։ Պոլ Պոգբան գտել է իր զբաղմունքը, անգամ՝ երկու զբաղմունք. ֆրանսիացի ֆուտբոլիստը «հաճույքով» ազատ ժամանակն անցկացնում է «Յունայթեդի» լազարեթում ու բուժում է անթիվ-անհամար վնասվածքները և շաբաթը մեկ՝ ստուգում հեռախոսի հաղորդագրությունները, որտեղ նա գտնում է ոչ թե ՀՀ ԱՆ կամ Ֆիլհարմոնիկի նամակները, այլ տեղի բանկի SMS-ները, որտեղ սևով սպիտակի վրա գրված են հաճելի թվեր՝ «Ձեր հաշվեկշռիը համալրվել է 290 հազար ֆունտ ստեռլինգով»։ Ո՞վ կցանկանար այսքան մեծ գումար վճարել մեկին, որը չի ցանկանում աշխատել ու միշտ հիվանդ է։
Ժամանակին Պոգբայի ֆինանսական պահանջները պատրաստ էր բավարարել Մադրիդի «Ռեալը», սակայն բանակցությունները մտան փակուղի։ Պատճառները հայտնի չեն: Ամենայն հավանականությամբ, Ֆլորենտինո Պերեսին «խելքի են գցել», որ Մադրիդում կարող է կրկնվել նույն պատկերը. Պոգբան կժամանի ու չի ցուցադրի այն զինանոցը, որին տիրապետում է։ Ըստ շշուկների՝ Պոգբան նոր սիրավեպ է սկսել, հիմա էլ՝ ՊՍԺ-ի հետ։ Շեյխերը փողին փող չեն ասում ու պատրաստ են հավաքել իսկական դրիմ-թիմ, սակայն բավական է այսօր նայել փարիզյան գրանդի ցուցադրած խաղին, որպեսզի հասկանալի լինի մի պարզ բան՝ միայն ֆուտբոլիստի աստղ լինելը բավական չէ՝ ցանկալի ֆուտբոլ ցուցադրելու համար։ Պարզ է նաև մեկ այլ բան՝ Պոգբան այս պահին դժվար թե տեղափոխվի այլ ակումբ։ Ամռանն էլ է դա քիչ հավանական, համենայն դեպս այն պատճառով, որ նոյեմբերին Կատարում տեղի կունենա աշխարհի առաջնությունը, որին Պոգբան պետք է պատրաստ լինի։ Ֆրանսիացին հաստատ չի ցանկանա մարզավիճակ կամ ժամանակ կորցնել նոր թիմում/առաջնությունում հարմարվելու վրա։
ՊԻԵՌ-ԷՄԵՐԻԿ ՕԲԱՄԵՅԱՆԳ
Գաբոնցի հարձակվողը համալրեց «Արսենալի» կազմն այն ժամանակ, երբ դա ոչ ոք չէր սպասում։ «Դորտմունդում» նա հրաշալի ֆուտբոլ էր ցուցարդում, ու ակնկալվում էր, որ Օբամեյանգը կարիերան կշարունակի ինչ-որ մեծ ակումբում, սակայն 2018-ի ձմռան ցրտին նա համալրեց «Արսենալի» կազմը։ Շատերի համար դա անսպասելի էր: Եթե մինչև վերջ խորանանք պատճառների մեջ ու փորձենք գտնել ինչ-որ բարոյական կողմեր, ցավոք, կհասկանանք, որ աֆրիկացի հարձակվողը չի ընտրել «զինակիրներին» ակումբի հարուստ պատմության համար։ Օբամեյանգին հետաքրքրում էին մեծ փողերը։
Դրանում ինքնին ոչ մի վատ բան չկա, մանավանդ երբ ֆուտբոլիստն ավելի քան լիարժեք կատարում է իր առջև դրված գլխավոր խնդիրը։ Օբամեյանգից սպասում էին գոլեր, նա խփում էր գոլեր։ Ձմռանը՝ թիմը համալրելուց հետո, Օբան 13 խաղում խփեց 10 գնդակ։ Հաջորդ երկու մրցաշրջանում միայն ԱՊԼ-ում գաբոնցին աչքի ընկավ 44 անգամ, բայց հետո նրա մոտ արթնացավ Պոգբայի սինդրոմը. Օբամեյանգն սկսեց հաճախակի վնասվածքներ ստանալ, անհայտ պատճառներով բացակայել։ Նրա արդյունավետությունը գնալով նվազեց։
Հետկովիդային մրցաշրջանում Օբան խփեց կրկնակի պակաս, իսկ այս տարի գոլերի քանակը հասել է շրիշակի մակարդակի՝ ընդամենը 4։ Փոխարենը բարձրացել է սկանդալների սանդղակը։ Գաբոնցի հարձակվողին նախ՝ զրկել են «Արսենալի» ավագի թևկապից կարգապահական խախտման համար։ Հետո՝ Օբամեյանգը ղեկավարությունից խնդրել էր մեկ օրով գնալ Փարիզ՝ այնտեղից վատառողջ մորը Լոնդոն տեղափոխելու համար։ Աակումբը գնաց ֆուտբոլիստին ընդառաջ՝ պայմանով, որ նա կվերադառնա նույն օրը՝ երեկոյան՝ հաջորդ օրվա մարզումը բաց չթողնելու համար։ Օբան, սակայն, խոստումը չկատարեց. նա վերադարձավ միայն հաջորդ օրը՝ առավոտյան՝ խախտելով նաև մեկուսացման կանոնները։ Ակումբը դա որակեց որպես խախտում ու զրկեց ինչպես ավագի թևկապից, այնպես էլ հաջորդ խաղում դաշտ դուրս գալու հնարավորությունից։
Ընդ որում՝ սա առաջին մրցաշրջանը չէ, որ «Արսենալում» դիտարկում են Օբամեյանգից ազատվելու տարբերակը։ Երբ աշխարհի մե՜ծ դուռը թակեց կովիդը, նույնիսկ ամենահարուստ մարդիկ ու կառույցներն սկսեցին ձգել իրենց գոտիները։ Լոնդոնյան ակումբի ղեկավարությունը հասկացավ, որ իմաստ չկա 30-ին մոտ հարձակվողին, որի արդյունավետությունն ու կարգապահությունն ընկել են առնվազն կիսով չափ, վճարել շաբաթական 250 հազար ֆունտ աշխատավարձ։ Այդպես, գաբոնցի հարձակվողի անվան կողքին հայտնվել է փոքրիկ պիտակ՝ «վաճառվում է»։ Տարբեր թիմեր պարբերաբար համակրում են Օբամեյանգին, սակայն գնին ծանոթանալուց հետո դեմքի ծամածռված արտահայտությամբ մի կողմ են քաշվում։ Ինքը՝ աֆրիկացի հարձակվողը, դեմ չէ մնալուն. իր տեղը լավ էլ գտել է։
ԳԱՐԵԹ ԲԵՅԼ
Ուելսցի ֆուտբոլիստն այս ցուցակում հայտնվել է «Ռեալ» տեղափոխվելուց գրեթե անմիջապես հետո։ Այո՛, առաջին մրցաշրջանում Բեյլը «սերուցքայիններին» Ռոնալդուի, Դի Մարիայի, Ռամոսի ու «Պապա Կառլոյի» հետ նվիրեց այն, ինչի համար իրեն ձեռք էին բերել՝ Չեմպիոննելի լիգայի գավաթը։ Դրանից հետո Բեյլն ընկավ բժիշկների դռները։ Ուելսցի ֆուտբոլիստի մոտ բացահայտվում էին նորանոր վնասվածքներ, որոնցից ապաքինվելը գնալով ավելի էր բարդանում։ Մինչև այսօր Բեյլն իր վնասվածքների պատճառով բաց է թողել արդեն 100-ից ավելի հանդիպում։ Եթե դատենք մրցաշրջանով, կստացվի, որ տաղանդավոր վինգերը կորցրել է իր կարիերայից մոտ 2,5 լիարժեք մրցաշրջան (ներառյալ եվրագավաթային խաղերը)։
Սակայն լազարեթում գտնվելու ընթացքում Բեյլն իր համար բացահայտեց Իսպանիայի կանաչազարդ տարածքները։ Եթե սկզբում Բեյլը ցանկանում էր շուտ շարք վերադառնալ ու բոլորին ապացուցել, որ Ռոնալդուից առնվազն վատը չէ (ծիծաղ), ժամանակի ընթացքում ուելսցի հարձակվողը կորցրեց հետաքրքրությունն ապաքինման նկատմամբ՝ «մի շաբաթ էլ վնասվածքով ման կգամ, փոխարենը գոլֆին ավելի շատ ժամանակ կտրամադրեմ» բանաձևով։ Բեյլի՝ գոլֆի հանդեպ համակրանքի մասին Պերեսը գիտեր դեռ պայմանագիր ստորագրելու պահին։ Սակայն երբ նախասիրությունը վերածվում է կրքի, դրանից լավ բան դուրս չի գալիս։ Հիմա, երբ ինչ որ մեծահարուստների շրջապատում Պերեսը լսում է «գոլֆ» բառը, վեր է թռչում աթոռից։
Գարեթ Բեյլը նույնպես «հարմար տեղավորվել եմ» մարդկանց շարքին է դասվում։ 2021 թվականի դրությամբ ուելսցի «պարապ գործերի նախարարը» շաբաթական վաստակում է մոտ 650 հազար ֆունտ։ 650 չէ, այլ 650 հազար, Կա՛ռլ։ Տարեկան այդ թիվն ավելի սարսափելի տեսք ունի՝ ավելի քան 33,5 մլն ֆունտ ստեռլինգ։ Այնպես չէ, որ գոլֆ խաղացողները քիչ գումար են վաստակում, բայց նրանք դա անում են՝ հենց գոլֆ խաղալով, իսկ Բեյլը գոլֆ է խաղում, բայց գումար է կուտակում «Ռեալում» ֆուտբոլ խաղալու, ավելի ճիշտ՝ չխաղալու շնորհիվ։
Այդպիսի «Բեյլեր» «Ռեալում» քիչ չեն։ Կարելի է թվել առնվազն երկու անուն։ Մադրիդում գցեցին-բռնեցին, որ Բեյլը հիվանդասենյակում ձանձրանում է, ու նրա համար ընկեր գտան. Էդեն Ազարը 2019-ին «Չելսիում» հրաշալի մրցաշրջան անցկացրեց, հաղթեց Եվրոպա լիգան ու վերջապես հայտնվեց իր երազանքների ակումբում։ Սակայն ժամանակի ընթացքում պարզվեց, որ «Ռեալը» ձեռք է բերել «չինական ապրանք». Ազարն ամեն քայլափոխի վնասվածք էր ստանում, նույնիսկ երբ մայթեզրից դուրս էր գալիս ճանապարհ կամ հագնում էր խաղակոշիկները։ «Բյուրեղապակյա» բելգիացուն, սակայն, դա չէր խանգարում վաստակել տարեկան ավելի քան 20 մլն եվրո։ Բայց, ի տարբերություն Բեյլի, Ազարը հոգնել է Ռապունցելի ճակատագրից ու այլևս չի ցանկանում փակված մնալ Մադրիդի հիվանդասենյակում… պարզապես նման ֆինանսական ախորժակ բավարարելը հեշտ բան չէ։
«Ռեալի» գերի է նաև Իսկոն, որը տարիներ շարունակ պայքարում է՝ հիմնական կազմում դաշտ դուրս գալու համար, սակայն ոչ Լոպետեգին, ոչ Զիդանը, ոչ Սոլարին, ոչ էլ Անչելոտին նրան չեն տալիս այն շանսը, որը նա կցանկանար։ Բայց, ի տարբերություն իր թիմակիցների, Իսկոն չի տոգորվում ակումբային գրանցումը փոխելու հարցում. շաբաթական 120 հազար ֆունտ ստեռլինգ աշխատավարձը շատ համոզիչ է։
ՀԱՐԻ ՔԵՅՆ
Անգլիայի հավաքականի հիմնական հարձակվողի հարցն իրականում մի փոքր այլ է։ Ի տարբերություն վերոնշյալ խաղացողների՝ Հարի Քեյնը բառի ամենաուղիղ իմաստով Լևիի բանտարկյալն է։ «Տոտենհեմի» սեփականատերը Եվրոյից հետո Քեյնին կարող էր հսկայական գումարով բաց թողնել «Մանչեսթեր Սիթի»։ «Քաղաքաբնակները» պատրաստ էին ֆինանսապես բավարարել ֆուտբոլիստի պահանջները, իսկ առաջարկված գումարը՝ 100+ մլն եվրոն, դժվար թե հիասթափեցներ որևէ այլ ակումբի ղեկավարի, սակայն Լևին գնաց մինչև վերջ ու բաց չթողեց Քեյնին։ Ժամանակը ցույց տվեց, որ որոշումը սխալ էր։
Հին ակումբում Քեյնը տխրում է, ձանձրանում։ 2023-ին հարձակվողը կդառնա 30 տարեկան. ժամանակակից ֆուտբոլում 25 տարեկանն այլևս երիտասարդ չի համարվում, ուր մնաց 30-ում թոփ ակումբից առաջարկ ստանաս, եթե իհարկե դու Մեսին կամ Ռոնալդուն չես։ «Տոտենհեմում» Քեյնն ստանում է շաբաթական 350 հազար եվրո։ Վատ չէ, իհարկե, սակայն ցուցադրած ֆուտբոլը թույլ է տալիս պահանջել անգամ 450 հազար, իսկ «Սիթին», ըստ տեղեկությունների, պատրաստ էր վճարել 400 հազար։ Լևին ֆինանսական եկամուտից հրաժարվեց, ֆուտբոլիստի աշխատավարձը չբարձրացրեց ու հանգիստ նստած է, բայց տխուր Քեյնը դաշտ է դուրս գալիս արդեն անհավես ու առանց «ավելորդ» ցանկության։ Հիմա արդեն հարց է՝ ո՞վ կցանկանա գնել 30 տարեկան հարձակվողին մեծ գումարով, կհաջողի՞ նա նոր ակումբում, էլի արդյունավետ ֆուտբոլ ցույց կտա՞։ Եթե Քեյնն այլևս չվերադառնա իր սովորական մակարդակին, արդեն կարելի է պատկերացնել՝ կարիերայի ավարտից հետո ինչ տեսք կունենա նրա վուդու տիկնիկը։
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈԿՈՐԻՆ
Տարիներ առաջ, երբ դեռ ֆուտբոլիստների աշխատավարձերն այնքան էլ աստղաբաշխական չէին, Ռուսաստանի առաջնություն տեղափոխվելը մի շարք ուժեղ ֆուտբոլիստների համար դիտարկվում էր որպես լավ առաջարկ։ 2013-2014 թվականներին Հալկին իրենց թիմում ցանկանում էին տեսնել «Բարսան» ու «Յուվենտուսը», սակայն բրազիլացի հարձակվողը հայտնվեց «Զենիթում»։ 2 տարի հետո հայտնի դարձավ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի թիմի ֆուտբոլիստների աշխատավարձերի չափը։ Ըստ տեղեկությունների՝ «Զենիթի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն Ալեքսանդր Կոկորինն էր։ Ռուս հարձակվողը տարեկան վաստակում էր 5,5 մլն եվրո։ Մոտավորապես այդ տարիներին նույնքան աշխատավարձ էր ստանում նաև, օրինակ, աշխարհի չեմպիոն Թոմաս Մյուլերը։
Սակայն մեծ գումարների ֆոնին մթագնեց տաղանդավոր ֆուտբոլիստի ուղեղը։ Որոշ ժամանակվա ընթացքում Կոկորինը սոցցանցերում հրապարակում էր նոր, բացառիկ, թանկարժեք մեքենաների կամ զարդերի լուսանկարներ, իսկ սկանդալային հրապարակումներն ու հայտարարությունները միմյանց հերթ չէին տալիս։ 2018 թվականին տեղի ունեցած իրադարձությունը դարձավ աննախադեպ. Կոկորինն ու իր լավագույն ընկեր Պավել Մամաևն իրենց ընկերների հետ ալկոհոլի ազդեցության տակ ծեծել են պաշտոնատար անձանց, կոտրել են ռեստորանի գույքն ու անհետացել։ ֆուտբոլիստները դատապարտվեցին 1-2 տարվա ազատազրկման։ Կոկորինը բանտից դուրս եկավ 2019 թվականին ու անմիջապես նոր պայմանագիր կնքեց Զենիթի հետ, սակայն 5 մլն եվրո աշխատավարձի մասին խոսք բնականաբար արդեն չէր կարող լինել։
Կարիերայի ռեինկարնացիայի հետևց Կոկորինը նախ՝ գնաց «Սոչի», որտեղ քչից-շատից ստացվեց՝ 10 խաղում 7 գոլ։ Հետո՝ մարզավիճակ հավաքած Կոկորինը հայտվեց Մոսկվայի «Սպարտակում», որտեղ կարողացավ պոկել 3,3 մլն եվրո աշխատավարձով պայմանագիր։ Ռուսաստանի մայրաքաղաքում Կոկորինն ստանում էր նաև հավելյալ 300 հազար եվրո աշխատավարձ… լավ պահվածքի համար։ «Սպարտակում» ոչինչ չանելուց հետո կարիերայի «ամենատրամաբանական» զարգացումը պետք է լիներ Ա Սերիա տեղափոխվելը։ «Ֆիորենտինայի» պես լեգենդար ակումբը որոշեց Կոկորինին առաջարկել տարեկան 2,8 մլն եվրո աշխատավարձ։ Համեմատության համար. Կոկորինը 2 տարի է՝ խաղում է Ֆլորենցիայում, դաշտ է դուրս եկել 9 անգամ, խփել է 0 գոլ ու ստանում է տարեկան 2,8 մլն եվրո, իսկ Դուշան Վլահովիչը պատռում է Ա Սերիան ու հավասարվում է Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդներին։ Որքա՞ն գումար է վաստակում՝ երբեք չեք գուշակի։ Իհարկե, 1,2 մլն եվրո։
Այս ցուցակը կարելի է շարունակել հավերժ. «Բարսելոնան» անվերջ ցանկանում է մեկին հանձնել Կոուտինյոյին, Ումտիտիին, Գրիզմանին ու, իհարկե, Դեմբելեին։ Գրիզմանն ու Կոուտինյոն վարձավճարով տեղափոխվել են նոր ակումբ, բայց դեռ հարց է՝ կկարողանա՞ «Բարսան» նրանց այնտեղ «բրախել», թե՞ ոչ։ Ումտիտին երբեմն տոնից տոն է խաղում, բայց ստանում է տարեկան 14 մլն եվրո։ «Մանչեսթեր Յունայթեդում», Պոգբայից զատ, կա նաև Անտոնի Մարսիալ, որը նույնպես ցանկանում է հեռանալ ու ստանալ խաղային պրակտիկա, սակայն «մանկերը» ցանկանում են վարձավճարի դիմաց ստանալ 6 միլիոն եվրո։ «Սևիլիան» կարծես պատրաստ էր վճարել այդ գումարը, բայց իմացավ, որ պետք է վճարի նաև Մարսիալի աշխատավարձի կեսը (7,5 մլն եվրո). «մանկերի» ներկայացուցիչների հեռախոսահամարը գցեցին «սև ցուցակ»։