Ֆուտբոլի կանանց 2022թ. Եվրոպայի առաջնությունը դիտելիության ռեկորդ է սահմանել, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Մրցաշարը դարձել է պատմության մեջ ամենամեծ հեռուստալսարան ունեցած կանանց Եվրոպայի առաջնությունը: Անգլիայում անցկացված Եվրոյին հանդիպումներին ուղիղ եթերում հետևել է 365 միլիոն մարդ:
Սա կրկնակի ավելին է, քան Եվրո-2017-ի (178 միլիոն) հեռուստադիտողների թիվը և 214 տոկոսով ավելի, քան Եվրո-2013-ինը (116 միլիոն):
Անգլիա - Գերմանիա եզրափակիչ խաղը ամբողջ աշխարհում ուղիղ եթերում դիտել է 50 միլիոն հեռուստադիտող (Եվրո-2017-ի եզրափակիչը դիտել է 15 միլիոն մարդ):
Եվրո-2022-ի խաղերին մարզադաշտերում հետևել է 574,875 հազար մարդ, ինչը նույնպես ռեկորդային է։ Նախորդ ռեկորդը սահմանվել էր Եվրո-2017-ի ժամանակ, երբ ստադիոններում խաղերին հետևել էր 240,055 երկրպագու:
Եզրափակիչին ներկա է եղել 87,192 հանդիսական, ինչը ռեկորդ է տղամարդկանց և կանանց Եվրոպայի առաջնությունների համար։
Հիշեցնենք, որ Եվրո-2022-ի եզրափակիչում ընդունող երկիր Անգլիան հուլիսի 31-ին «Ուեմբլի» ստադիոնում 2-1 հաշվով լրացուցիչ ժամանակում հաղթել էր Գերմանիայի հավաքականին: