Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) կարող է փոխել այս տարի Կատարում կայանալիք աշխարհի առաջնության մեկնարկի օրը:
Marca-ն հայտնում է, որ աշխարհի առաջնությունը կմեկնարկի ոչ թե նոյեմբերի 21-ին, այլ՝ 20-ին: Մեկնարկային խաղում կհանդիպեն Կատարի ու Էկվադորի հավաքականները:
Նման որոշում պետք է կայացվի բացառապես քվեարկության արդյունքների հիման վրա։ Ընթացակարգին պետք է մասնակցեն ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն և կոնֆեդերացիաների ղեկավարները։
Ավելի վաղ ՖԻՖԱ-ն պաշտոնապես հաստատել էր, որ ԱԱ-2022-ը կմեկնարկի նոյեմբերի 21-ին նախատեսված Սենեգալ - Նիդեռլանդներ խաղով (14:00): Այդ օրը կկայանան ևս երեք հանդիպումներ՝ Անգլիա - Իրան (17:00) , Կատար - Էկվադոր (20:00), ԱՄՆ- Ուելս (23:00):
Աշխարհի առաջնության եզրափակիչը նախատեսված է դեկտեմբերի 18-ին:


