«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խոսել է իսպանական Լա լիգայի 13-րդ տուրում «Ռեալ Սոսիեդադի» դեմ հանդիպման (0-1) ժամանակ լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի չարձանագրված գոլի մասին։
«Ես մրցավարին ասել եմ, որ դա վատ որոշում էր։ Բայց գիտեմ նաև, որ այդ ամենը նրա մեղքով չէ։ Այդ պահին այնքան էլ զայրացած չէի։ Եթե գոլն արձանագրվեր, խաղը մեզ համար լրիվ այլ կերպ կընթանար»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Բասկյան ակումբի դեմ խաղում լեհ ֆուտբոլիստը 13-րդ րոպեին գրավել էր մրցակցի դարպասը, սակայն գլխավոր մրցավար Գիլերմո Կուադրան դիտել է դրվագի տեսակրկնապատկերն ու չնչին խաղից դուրս իրավիճակի պատճառով չեղարկել գոլը։
Չնայած պարտությանը` «Բարսելոնան» 33 միավորով շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակն ու մոտակա հետապնդող Մադրիդի «Ռեալից» առաջ է 3 միավորով։ «Արքայական ակումբը» մեկ հանդիպում քիչ է անցկացրել։