«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի և դարպասապահ Ինյակի Պենյայի միջև օրեր առաջ լարված խոսակցություն է եղել, գրում է Sport-ը:
Պենյան բացատրություն է պահանջել Ֆլիկից իր՝ վերջին խաղերում մեկնարկային կազմից դուրս մնալու վերաբերյալ: Գերմանացի մասնագետն էլ պատասխանել է, որ դարպասապահն ինքնաքննադատությամբ չի զբաղվում և հետևողական չէ իր սխալների հանդեպ:
Նա ընդգծել է նաև, որ Պենյան ուշացել է «Աթլետիկի» դեմ Իսպանիայի սուպերգավաթային խաղից առաջ կայացած մարզումից, ինչպես նաև եղել են այլ իրավիճակներ, որտեղ իսպանացին թույլ է տվել կարգապահական սխալներ:
Մարզչի և դարպասապահի միջև խոսակցությունը կոնֆլիկտային ավարտ է ունեցել:
Հետաքրքիր է, որ Ֆլիկը ժամանումից հետո ֆուտբոլիստներին խնդրել էր լինել մաքսիմալ անկեղծ և ցանկության դեպքում դիմել իրեն՝ որևէ հարց քննարկելու համար: Պենյան, ըստ երևույթին, այդպես էլ արել է: Դարպասապահը հիասթափված է մարզչի արձագանքից և մտածում է իր մարզական ապագայի վերաբերյալ:
Պենյան խաղաժամանակ էր ստանում Մարկ-Անդրե տեր Շտեգենի վնասվածքից հետո, բայց վերջին խաղերում մեկնարկային կազմում տեղի պայքարը պարտվել է Վոյցեխ Շչեսնիին: