Իտալական «Ֆիորենտինան» տեղեկություն է հայտնել ակումբի կիսապաշտպան Էդուարդ Բովեի առողջական վիճակի մասին։ 22-ամյա ֆուտբոլիստն Ա սերիայի 14-րդ տուրի «Ինտերի» դեմ հանդիպման 17-րդ րոպեին ուշագնաց էր եղել։
«Բովեն այժմ դեղորայքների ազդեցության տակ քնած է և վերակենդանացման բաժանմունքում է։ Նրան հոսպիտալացրել են կայուն հեմոդոմիկ վիճակում։ Կատարված առաջին սրտաբանական և նյարդաբանական թեստերը բացառել են կենտրոնական նյարդային, սիրտ-շնչառական համակարգերի սուր վնասվածքի հավանականությունը։ Ֆուտբոլիստը հաջորդ 24 ժամերի ընթացքում կրկին հետազոտվելու է»,- նշված է «Վիոլայի» պաշտոնական հայտարարության մեջ։
Ansa-ի տեղեկություններով, իտալացի ֆուտբոլիստը հիվանդանոցում ուշքի է եկել և կարողացել խոսել։
Ըստ աղբյուրի` Բովեի ուշագնացության պատճառը, ամենայն հավանականությամբ, եղել է էպիլեպտիկ նոպան, որն ուղեկցվել է սրտի կանգով։ Նախքան ուշագնաց լինելը` նա բախվել է «Ինտերի» պաշտպան Դենզել Դումֆրիսի հետ, հասցրել փոխել մարզաշապիկը, «Ֆիորենտինայի» բուժանձնակազմին գանգատվել գլխապտույտից։
Բովեն այժմ Ֆլորենցիան ներկայացնող ակումբի բուժանձնակազմի վերասկողության տակ է։ Նա առաջիկայում կհետազոտվի համակարգչային տոմոգրաֆիայով։
Կիսապաշտպանն այս տարվա օգոստոսին է վարձավճարով տեղափոխվել «Ֆիորենտինա», 14 խաղում խփել 1 գոլ, կատարել 4 ասիստ։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Ռոմային»։
Հիշեցնենք, որ «Ֆիորենտինա» - «Ինտեր» հանդիպումն անավարտ է մնացել, հետաձգվել անորոշ ժամանակով։