ՖԻՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է 2021 թվականի համապարփակ տրանսֆերային հաշվետվությունը։
Նշվում է, որ տղամարդկանց ֆուտբոլում խաղացողների շուկան վերադարձել է մինչև COVID-19-ի համաճարակի բռնկման մակարդակին։
Հաշվետվությունից հետևում է, որ օրացուցային տարվա ընթացքում մոլորակում գրանցվել է ֆուտբոլիստների առնվազն 54739 միջազգային տեղափոխություն, որից միայն 19372-ը՝ պրոֆեսիոնալներ (տղամարդկանց և կանանց) ներգրավմամբ։ Եվս 35367 տրանսֆեր իրականացվել է սիրողական կարգավիճակ ունեցող խաղացողների մասնակցությամբ։
Տղամարդկանց պրոֆեսիոնալ ֆուտբոլում 2021 թվականին իրականացվել է 18068 միջազգային տեղափոխություն, ինչը 5,1 տոկոսով գերազանցում է 2020-ի ցուցանիշը (17190) և վկայում 2019-ի մակարդակին վերադառնալու մասին։ 2019 թվականին գրանցվել էր 18080 տրանսֆեր, որն ամենաբարձր ցուցանիշն է վերջին հնգամյակում։
Միաժամանակ, գրանցվել է ռեկորդային ցուցանիշ. 2021-ին համանման միջազգային գործարքներին մասնակցել է 185 տարբեր ասոցիացիա ներկայացնող 4544 ակումբ։ Համեմատության կարգով նշենք, որ 2020-ին տեղափոխությունների շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 4162, իսկ 2019-ին՝ 4145 ակումբի միջև։
Հատկանշական է նաև, որ տրանսֆերներում ներգրավված 15617 խաղացողներ 179 ազգության են։
Այնուհանդերձ, երկրորդ տարին անընդմեջ տրանսֆերներից միջնորդավճարների ծավալի անկում է գրանցվել։ 2021-ին այդ ցուցանիշը հասել է 4,86 մլրդ ԱՄՆ դոլարի, ինչը 13,6 տոկոսով քիչ է նախանցյալ տարվա և 33,8 տոկոսով՝ 2019-ի արդյունքից (7,35 մլրդ դոլար)։
Նշվում է, որ ակումբների մեծամասնությունը նախընտրում է ֆուտբոլիստների տեղափոխություններն իրականացնել տրանսֆերային պատուհանի փակվելուց առնվազն 4 շաբաթ առաջ (գրանցվել է 6053 նման գործարք)։ Քիչ չեն նաև ամեն ինչ վերջին պահին թողնողները. 1875 տրանսֆերներ իրականացվել է սահմանված ժամկետը լրանալու վերջին օրը։