Հայտնի են դարձել ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) վարկածով 2022 թվականի լավագույն մարզչի կոչման երեք հավակնորդները:
ՖԻՖԱ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ մրցանակին հավակնում են Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին, Մադրիդի «Ռեալը» գլխավորող Կառլո Անչելոտին և «Մանչեսթեր Սիթիում» աշխատող Խոսեպ Գվարդիոլան:
Անչելոտին 2022 թվականին «Ռեալի» հետ հաղթել է Չեմպիոնների լիգան և Իսպանիայի առաջնությունը: Գվարդիոլայի ղեկավարությամբ «Մանչեսթեր Սիթին» դարձել է Անգլիայի չեմպիոն, իսկ Լիոնել Սկալոնին Արգենտինայի հավաքականի հետ նվաճել է Կատարում կայացած աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը։
Հաղթողի անունը հայտնի կդառնա փետրվարի 27-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նախատեսված մրցանակաբաշխության ժամանակ: