Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիան (UAF) օրեր առաջ բողոք է ներկայացրել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային (ՖԻՖԱ) և Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությանը (ՈւԵՖԱ), քանի որ աշխարհի 2026 թվականի առաջնության Եվրոպայի որակավորման գոտու վիճակահանության հեռարձակման ժամանակ ցուցադրված քարտեզում Ղրիմը ներկայացվել է Ռուսաստանի տարածքում: ՖԻՖԱ-ն պատասխանել է Ուկրաինայի բողոքին:
«Քննարկվող ինֆոգրաֆիական քարտեզը մշակվել է երրորդ կողմի` արտաքին ծառայություններ մատուցողի կողմից: Խնդիրը բացահայտելուն պես մենք անմիջապես քայլեր ձեռնարկեցինք իրավիճակը կարգավորելու ուղղությամբ, այդ թվում՝ պատկերը շրջանառությունից հանելու համար։ Բացի այդ, մենք ներքին ստուգումներ ենք անցկացնում՝ համոզվելու համար, որ ապագայում նման սխալներ տեղի չունենան: Մենք լիովին գիտակցում ենք այս հարցի զգայունությունը, և թեև միջադեպը դիտավորյալ չի եղել, մենք անկեղծորեն ափսոսում ենք այն բարոյական վնասի համար, որը կարող էր պատճառվել»,- ՖԻՖԱ-ի հայտարարությունը մեջբերում է UAF-ի մամուլի ծառայությունը:
Ղրիմը Ռուսաստանի տարածք է դարձել 2014 թվականի մարտին հանրաքվեից հետո։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ազգային հավաքականը չի մասնակցի ԱԱ-2026-ի ընտրական փուլին: