ՖԻՖԱ-ն նվազեցրել է աշխարհի ակումբային առաջնության տոմսերի արժեքները, հայտնում է Daily Mail-ը:
Կազմակերպությունը նման քայլի է դիմել մրցաշարի նկատմամբ ցածր հետաքրքրության պատճառով:
1/8 եզրափակիչից սկսած տոմսերի արժեքը նվազել է մոտավորապես 385 դոլարով: Կիսաեզրափակիչի տոմսերի նախկին արժեքը սահմանված է եղել 526 դոլար, իսկ այժմ երկրպագուները տոմսերը կարող են ձեռք բերել 140 դոլարով: Եզրափակիչի տոմսերի արժեքը սկզբում կազմում էր 892 դոլար, իսկ այժմ՝ 300:
ՖԻՖԱ-ն պնդում է, որ նման քայլի է գնացել, քանի որ ցանկանում է օգնել այն երկրպագուներին, որոնք մեկնելու են ԱՄՆ, իսկ նրանք, ովքեր արդեն բարձր արժեքով են գնել տոմսերը, կարող են փոխհատուցում ստանալ:
Աշխարհի ակումբային առաջնությունն առաջին անգամ անցկացվելու է նոր ձևաչափով, մասնակիցները բաժանվելու են 8 խմբերի, որոնցում առաջին երկու տեղերը զբաղեցրած թիմերը դուրս են գալու փլեյ-օֆֆ։ Ակումբներն աշխարհի առաջնությանը որակավորվել են նախորդ տարիներին միջազգային մրցաշարերում գրանցած հաջողությունների շնորհիվ։
Մրցաշարին Եվրոպայից մասնակցելու են «Ռեալը», «Աթլետիկոն», «Չելսին», «Մանչեսթեր Սիթին», «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան», ՊՍԺ-ն, «Ինտերը», «Յուվենտուսը», «Պորտուն», «Բենֆիկան» ու «Զալցբուրգը»:
Աշխարհի ակումբային առաջնությունը կայանալու է ԱՄՆ-ում 2025թ. հունիսի 15-ից հուլիսի 13-ը։


