
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի նախկին մասնակից «Լոռին ՖԱ» խոշոր տուգանքի է ենթարկվել ՖԻՖԱ-ի կողմից:
VNews.am-ին հայտնի դարձավ, որ ֆուտբոլի համաշխարհային ֆեդերացիան վանաձորյան ակումբին տուգանել է մոտ կես միլիոն եվրոյով: «Լոռին ՖԱ» նման պատժի է ենթարկվել ֆուտբոլիստներին և մարզիչներին չվճարած աշխատավարձերի պատճառով:
Այդ տեղեկությունը ճշտելու համար մենք կապ հաստատեցինք «Լոռիի ՖԱ» սեփականատեր Թովմաս Գրիգորյանի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ:
Գրիգորյանը հերքեց, որ տուգանքն այդքան խոշոր է և նշեց աշխատավարձերը չվճարելու պատճառը.
«ՖԻՖԱ-ն բավարարել է այդ մարդկանց դիմումները, բայց այդ մարդիկ զբաղվում են «շառլատանությամբ»: Նրանք նույն գործակալի ֆուտբոլիստներն են ու մարզիչները: Այդ մարդկանց հետ պայմանագիր ենք կնքել, սակայն քովիդի պատճառով նրանք չեն կարողացել գալ Հայաստան, սակայն ուզում են աշխատավարձ ստանալ:
Միայն մեկի անուն եմ հիշում՝ Ալբին: Նրա պես 5-6 այլ դեպքեր կան: Նրանք երբեք աշխատավարձ չեն ստացել:
Սա երկու իրավաբանական անձանց միջև վեճ է, որը դեռ չի ավարտվել: Մենք համաձայն չենք այդ որոշման հետ: Մեր իրավաբանները կորոշեն դիմենք CAS, թե՝ ոչ: Մեզ համար կասկածելի է, թե ինչու է ՖԻՖԱ-ն նման որոշում կայացրել:
Ինչ վերաբերվում է կես միլիոն եվրո տուգանքին, ապա դա իրականությանը չի համապատասխանում: Ես ձեզանից առաջին անգամ եմ նման բան լսում: Իրական թիվը շատ ավելի քիչ է»:

VNews.am-ը պարզաբանում ստանալու համար դիմեց նաև ՀՖՖ-ին: Ստորև ներկայացնում ենք ֆեդերացիայի պատասխանը.
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատում է, որ «Լոռի ՖԱ»-ն (Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ), 2020/2021 մրցաշրջանի ընթացքում մի շարք ֆուտբոլիստների աշխատավարձերը չվճարելու պատճառով ՖԻՖԱ-ի կողմից ենթարկվել է ավելի քան կես միլիոն դոլար տուգանքի:
2020 թվականի պարտքերը կազմում են 48103 ամերիկյան դոլար, որից վճարվել է 1500-ը, մնացորդը՝ 46603: 2021 թվականի պարտքերը կազմում է 40770+390787 ամերիկյան դոլար, ընդ որում «Լոռի ՖԱ»-ն պարտք է ոչ միայն ֆուտբոլիստներին, այլև 2 մարզչի և 4 ակումբի:
ՖԻՖԱ-ի կողմից ՀՖՖ ուղարկված որոշումները հենց նույն օրն ուղարկվել են «Լոռի ՖԱ»-ին:
Բացի դրանից, ՖԻՖԱ-ն «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ի ակումբի նկատմամբ նոր ֆուտբոլիստներ գրանցելու արգելք է սահմանել որը վերաբերելու է թե՛ միջազգային, թե՛ ներքին կարգով ֆուտբոլիստներ գրանցելուն:
Վերոնշյալ արգելքը կվերանա այն պահից ի վեր, երբ ակումբը կկատարի համապատասխան վճարումները և ՖԻՖԱ-ին կներկայացնի նշված վճարումների անդորրագրերը»,- նշված էր ՀՖՖ-ի պարզաբանման մեջ:

