Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է մեկ աստիճան և զբաղեցնում է 95-րդ տեղը։
Ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը նախորդ ամիս անցկացրել էր երկու ընկերական հանդիպում՝ պարտվելով Կոսովոյի (0-1) ու Չեխիայի (1-2) հավաքականներին։
Լավագույն տասնյակում կան փոփոխություններ։ Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Արգենտինան, որին հաջորդում է աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիան։ Բելգիան շրջանցել է Անգլիային ու բարձրացել երրորդ տեղ։ Թոփ-10-ում են նաև Բրազիլիան, Պորտուգալիան, Նիդերլանդները, Իսպանիան, Իտալիան ու Խորվաթիան։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հաջորդ ընկերական խաղերն անցկացնելու է ամռանը, մրցակիցները կլինեն Սլովենիան (հունիսի 4, Լյուբլյանա) ու Ղազախստանը (հունիսի 7, Երևան)։ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Սլովենիան 57-րդն է, իսկ Ղազախստանը՝ 103-րդը։


