Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հայտարարություն է տարածել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի դեմ մրցախաղում 19-ամյա ամերիկացի շախմատիստ Հանս Նիմանի հնարավոր խարդախության գործով հետաքննություն սկսելու վերաբերյալ։
«Կառլսեն - Նիման վեճի վերջին զարգացումներից հետո ՖԻԴԵ-ի արդար խաղի հանձնաժողովը (FPL) որոշել է ստեղծել Հետաքննող հանձնաժողով: Հանձնաժողովի երեք անդամները կկազմեն այս խումբը, որը հնարավորություն կունենա նաև խորհրդատվություն ստանալ արտաքին փորձագետներից, որտեղ նրանց վերլուծությունը պահանջվում է։
Հետաքննությունը կունենա երկու հիմնական նպատակ՝ ստուգել Նիմանի կողմից ենթադրյալ խաբելու մասին աշխարհի չեմպիոնի պնդումները և առցանց խաղերի խարդախության մասին Հանսի պնդումները»,- գրված է ՖԻԴԵ-ի հաղորդագրության մեջ:
Հանձնաժողովի նախագահ Սալոմեա Զակսաիտեն հայտարարել է, որ իրենք պատրաստ են ուսումնասիրել հանգամանքները, հավաքել և վերլուծել առկա բոլոր տվյալներն ու ապացույցները, ինչպես նաև հաստատել փաստերն ու պնդումները, որոնք հրապարակվել են։ Հանձնաժողովը կապահովի արդարացի որոշում՝ պաշտպանելով երկու կողմերի իրավունքները հետաքննության ընթացքում։
Հիշեցնենք, որ Կառլսենն ու Նիմանը հանդիպել էին ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացված Sinquefield Cup ամենամյա մրցաշարի երրորդ տուրում, որտեղ աշխարհի չեմպիոնը պարտվել ու հրաժարվել էր մրցաշարի հետագա մասնակցությունից: Նորվեգացին որոշումը մեկնաբանել էր Հռոմի «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հանրահայտ խոսքերով, իսկ շախմատային մամուլը գրել էր, որ ՖԻԴԵ-ի առաջատարն ամերիկացուն կասկածում է համակարգչային հուշումներից օգտվելու մեջ:
Վերջերս կայացած Julius Baer Generation Cup առցանց մրցաշարի 6-րդ տուրում Կառլսենը կրկին հանդիպել էր Նիմանին ու բոյկոտել պարտիան՝ հանձնվելով 2-րդ քայլին: