Ավստրիական «Ռեդ Բուլի» նիդերլանդցի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը նվաճել է Ֆորմուլա-1-ի ԱՄՆ-ի Գրան պրիի հաղթողի կոչումը և կրկնել ռեկորդ։
Սա Ֆերստապենի 15-րդ հաղթանակն էր այս մրցաշրջանում։ Նա կրկնել է մեկ մրցաշրջանում հաղթանակների ռեկորդը, որը սահմանել էր 2022 թվականին։ Բացի այդ, նիդերլանդցի ավտոարշավորդը 50-րդ հաղթանակն է տարել Ֆորմուլա-1-ում և դարձել նման ցուցանիշ գրանցած 5-րդ մարզիկը պատմության մեջ։ Ավելի շատ հաղթանակ գրանցել են ֆրանսիացի Ալեն Պրոստը (51), գերմանացիներ Սեբաստիան Ֆետելն (53) ու Միխայել Շումախերը (91) և բրիտանացի Լյուիս Հեմիլթոնը (103)։
ԱՄՆ-ի Գրան պրիում երկրորդ տեղը գրավել է «Մերսեդեսի» ներկայացուցիչ Լյուիս Հեմիլթոնը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Մաքլարենի» արշավորդ Լանդո Նորիսը։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Լյուիս Հեմիլթոնն ու «Ֆերարիի» մրցարշավորդ Շարլ Լեկրելը որակազրկվել են, քանի որ նրանց բոլիդները չեն կարողացել անհրաժեշտ տեխզննում անցնել մրցումից հետո։ Արդյունքում՝ Լանդո Նորիսը գրավել է երկրորդ տեղը, իսկ «Ֆերարիի» ներկայացուցիչ Կառլոս Սայսնը բարձրացել է երրորդ տեղ։
Հիշեցնենք, որ Մաքս Ֆերստապենը վաղաժամ ապահովել էր Ֆորմուլա-1-ի չեմպիոնի տիտղոսը։ Դա 25-ամյա նիդերլանդցի ավտոարշավորդի երրորդ անընդմեջ չեմպիոնական տիտղոսն էր։