Իսպանիայի հավաքականի կազմում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Ֆեռնանդո Տորեսը դարձել է «Աթլետիկո Բ»-ի գլխավոր մարզիչը: Այդ մասին հայտնում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը:
Գլխավոր մարզչի պաշտոնում Էլ Նինյոն փոխարինել է Լուիս Գարսիա Տևենետին, որը գլխավորում էր թիմը նախորդ երեք տարվա ընթացքում: Տևենտին հաջորդ մրցաշրջանում լինելու է «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի օգնականը:
«Այս պաշտոնը ես ընդունում եմ որպես մեծ մարտահրավեր, որը պահանջում է մեծ հավակնություններ: Բայց ես վստահ եմ՝ մենք կհաջողենք»,- հայտարարել է Տորեսը գլխավոր մարզիչի պաշտոնը ստանալուց հետո:
Նախորդ երկու տարիներին իսպանացի մասնագետը գլխավորում էր «Աթլետիկոյի» մինչև 19 տարեկանների թիմը: