Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը խոսել է ակումբում և ազգային թիմում իր խաղընկեր Կրիշտիանու Ռոնալդուի հետ հարաբերությունների մասին:
Ավելի վաղ համացանցում հայտնվել էր տեսանյութ, որում Ֆերնանդեշը «սառն» էր ողջունել Ռոնալդուին ազգային հավաքականի ճամբարում: Դրանից առաջ Ռոնալդուն սկանդալային հարցազրույց էր տվել Պիրս Մորգանին՝ քննադատելով «Մանչեսթեր Յունայթեդին» և թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին:
«Ես ոչ մեկի հետ խնդիրներ չունեմ: Անում եմ իմ գործը։ Կարծում եմ, որ բոլորը նույն կերպ են մտածում, պետք է վերահսկես քեզ, տաս առավելագույնը և վերջ։
«Սա՞ռն» եմ վերաբերվել Ռոնալդուին: Ինչո՞ւ եք այդպես ասում։ Դուք այդ տեսանյութը ձայնով դիտե՞լ եք, ո՞չ, դե հետո կլսեք:
Պորտուգալիայում մենք խնդիր ունենք: Ես դիտեցի այն ալիքներից մեկը, որտեղ 45 րոպե խոսում էին այդ մասին, թե ինչպես եմ ես «սառը» ողջունել Ռոնալդուին։ Նրանք ընդմիջման գնացին, իսկ ազգային հավաքականից ստացան տեսանյութը՝ արդեն ձայնով:
Միանգամից պարզ դարձավ, որ նա կատակում էր ինձ հետ։ Ընդմիջումից հետո վերադարձան ու ասացին, որ կատակ է եղել։ Եվ այսքանը:
Նրանք ասում են՝ «Եթե ուզում եք նորից դիտել այս տեսանյութը, ապա հետ տվեք այն»: Բայց, եթե մարդիկ անեն դա, կտեսնեն տեսանյութ, որից կարելի է եզրակացնել, որ մենք խնդիրներ ունենք: Պետք էր բացատրել, որ մարդիկ իմանային: Բայց հիմա մարդիկ չգիտեն:
Հիմա բոլոր մտքերս ազգային հավաքականի մասին են, աշխարհի առաջնությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» կլինի իմ ուշադրության կենտրոնում»,- Ֆերնանդեշի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ պորտուգալացիները պատրաստվում են նոյեմբերի 20-ին Կատարում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը:


