Logo

Ֆերդինանդ Կարապետյան. «Որդուս ծնվելը լուրջ մոտիվացիա է ինձ համար»

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:52 / 14.03.2023Ձյուդո
Բացառիկ
null

2018թ․ Եվրոպայի չեմպիոն, ձյուդոյի Հայաստանի հավաքականի առաջատարներից Ֆերդինանդ Կարապետյանն այսուհետև հաղթելու ավելի մեծ ձգտումով է դուրս գալու մրցագորգ։ Մարտի 12-ին 30-ամյա մարզիկը հայր է դարձել ու այժմ կրկնակի եռանդով է պատրաստվում կարևոր մեկնարկներին։

«Անչափ երջանիկ եմ, աննկարագրելի զգացում է։ Միշտ մտածել եմ զավակ ունենալու մասին, վերջապես կարողացա թեթև ընդմիջում վերցնել սպորտում և լիարժեք նվիրվել ընտանիքիս։ Քնքուշ էակ՝ 50 սմ հասակով և 2,9 կգ քաշով։ Անվանակոչել ենք Ռոբերտ։ Որևէ մեկի պատվին չէ, պարզապես ինձ շատ է դուր գալիս այդ անունը։ Իսկական տղամարդու անուն է»,- VNews-ի թղթակցի հետ զրույցում նշեց ձյուդոիստը։

Այժմ Ֆերդինանդ Կարապետյանը մարզվում է Մոսկվայում։ Մտադիր է մասնակցել մարտի 24-26-ը Թբիլիսիում կայանալիք «Մեծ սաղավարտի» շարքի մրցաշարին։

«Ամենայն լրջությամբ եմ պատրաստվում այդ մրցմանը, սակայն մասնակցության վերաբերյալ վերջնական որոշումն ամեն դեպքում կայացնելու է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը։ Իհարկե, հիմա ավելի ոգևորված եմ, որդուս ծնվելը լուրջ մոտիվացիա է ինձ համար։ Այժմ ավելի մեծ է հաղթելու և հաղթանակս ընտանիքիս, ժողովրդիս ու հայրենիքիս նվիրելու ցանկությունս»,- ասաց մարզիկը։

Նա հայտնեց նաև, որ վնասվածքներն արդեն քիչ են անհանգստացնում և առանձնապես չեն խանգարում մարզվելուն։

«Հիմա ինքնազգացողությունս համեմատաբար լավ է, կարողանում եմ լիարժեք մարզվել, դիմանում եմ ծանրաբեռնվածություններին։ Աստիճանաբար բարելավում եմ մարզավիճակս։ Եվս մի փոքր ժամանակ է անհրաժեշտ, բայց տևական ընդմիջումից հետո վերադարձի հիմնական փուլը հաղթահարել եմ»,- ասաց Կարապետյանը։

Ընթացիկ մրցաշրջանում Ֆերդինանդ Կարապետյանը մասնակցել է միջազգային մեկ մրցման՝ փետրվարին Սոֆիայում կայացած Եվրոպայի բաց առաջնությանը։ 73 կգ քաշային կարգում իր հաշվին գրանցելով երկու հաղթանակ և մեկ պարտություն՝ մրցանակային տեղ չի գրավել։ Այս օրերին հայ ձյուդոիստները պատրաստվում են մայիսի 7-13-ը Կատարում անցկացվելիք աշխարհի առաջնությանը։     

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ