Իտալական «Ֆերարիում» վստահ են, որ լուծել են շարժիչի հետ կապված խնդիրը Ֆորմուլա-1-ի նոր մրցաշրջանից առաջ:
«Կարծում եմ՝ հուսալիությունը առաջնահերթ է բոլորի համար: Շարժիչի բոլոր փորձարկումները հաջող են եղել ու վստահ եմ՝ արդյունավետության ու հուսալիության հետ կապված խնդիրներ չեն լինի: Առայժմ ամեն ինչ հիանալի է ընթանում»,- թիմի ֆրանսիացի ղեկավար Ֆրեդերիկ Վասերի խոսքը մեջբերում է Autosport-ը:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով շատ միավորներ էին կորցրել «Ֆերարիի» մրցարշավորդներ, ֆրանսիացի Շառլ Լեկլերն ու իսպանացի Կառլոս Սայնսը:
Ֆորմուլա-1-ի նոր մրցաշրջանը Բահրեյնի Գրան պրիով կմեկնարկի մարտի 5-ին և կավարտվի Աբու-Դաբիի մրցումով նոյեմբերի 26-ին:
Մրցաշրջան-2023-ում կկայանա 23 Գրան պրի: