UFC-ի նախկին չեմպիոն Ֆրենսիս Նգանուն պատմել է, թե PFL Super Fights հեղինակավոր մրցաշարի մենամարտից առաջ ինչի մասին է զրուցել Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
«Նա շատ շփվող տղա է: Կրիշը սիրում է խառը մենամարտերը: Ռոնալդուին շատ հարցեր էին հետաքրքրում այս ոլորտի մասին: Հետո նա ասաց, որ լավ էներգիա է ստանում ինձանից: Մենք նստել և հանգիստ զրուցում էինք: Ես հասկանում եմ, որ Ռոնալդուն մեգաաստղ է, բայց նա հասարակ մարդու տպավորություն թողեց»,- կամերունցի մարտիկի խոսքը մեջբերում է MMA Junkie-ն:
Հիշեցնենք, որ 38-ամյա Նգանուն PFL խառը մենամարտերի մրցաշարում նորամուտը նշել էր հաղթանակով: Նա ծանր քաշային կարգի գործող չեմպիոն, բրազիլացի Ռենան Ֆերեյրայի դեմ մենամարտի առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել մրցակցին և նվաճել էր PFL Super Fights-ի հատուկ գոտին։