Logo

Ֆավորիտների անշուք խաղից մինչև սենսացիա կերտողներ. Եվրո-2024-ում լռություն է փոթորիկից առաջ

Հեղինակ
Արամ Սահակյան
18:39 / 27.06.2024Ֆուտբոլ
Բացառիկ
null

Գերմանիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի 17-րդ առաջնությունում լռության օրեր են: Մինչև փլեյ-օֆֆ փուլի մեկնարկը կա ժամանակ քննարկելու նախորդ 12 օրերում տեղի ունեցածն ու հասկանալու, թե խմբային փուլն ինչ հարցերի պատասխաններ տվեց ու ինչ նոր հարցեր առաջացրեց ֆուտբոլային Եվրոպայում: Սենսացիոն իրադարձություններ, ֆավորիտների հիասթափեցնող խաղ, բազմաթիվ ինքնագոլեր ու շքեղ գոլեր, գարեջրի դատարկ բաժակներ ու դաշտ շտապող երկրպագուներ կյանքի սելֆիի համար: Եվրոպայում լռություն է ֆուտբոլային փոթորկից առաջ:

Ե՞րբ են «ժամանելու» ֆավորիտները (Ֆրանսիա, Անգլիա)

Մեծ հավանականությամբ, եթե ձեզ Եվրոյից առաջ հարցնեին, թե ովքեր են այս մրցաշարի գլխավոր երեք ֆավորիտները, դժվար թե այդ եռյակում չընդգրկեիք թե՛ Ֆրանսիային, թե՛ Անգլիային: Խմբային փուլում այս հավաքականների խաղը հսկայական աղմուկ բարձրացրեց, սակայն բացասական իմաստով: Ինչ-որ պահի ֆրանսիացների ու անգլիացիների խաղերը նայելիս տպավորություն էր, որ նրանք դեռ չեն ժամանել մրցաշարին ու մտքերով ուրիշ տեղում են: Սակայն իրականությունն այլ է:

Ֆրանսիան ու Անգլիան մրցաշարի ամենափորձառու հավաքականներն են: Այո՛, այս հավաքականներում կան նաև երիտասարդներ, որոնք խոշոր մրցաշարերի մասնակցության մեծ փորձ չունեն: Բայց նրանց կողքին կան ֆուտբոլային աշխարհում ամեն ինչ տեսած ու լսած թիմակիցներ, որոնց հետ հաստատ գործը հեշտանում է: Եվ ամենակարևորը. այստեղ առանցքայինը մարզիչների դերն է, որոնք իրենց հավաքականներում աշխատում են շատ երկար և ունեն խոշոր մրցաշարերում եզրափակիչներ ու կիսաեզրափակիչներ հասնելու նախադեպեր:

Ֆրանսիան ու Անգլիան բավականաչափ իմաստուն են՝ հասկանալու համար, որ խոշոր մրցաշարի խմբային փուլում պետք չէ տրվել ամբողջությամբ: Ժամանակը ցույց տվեց, որ նույնիսկ այսպիսի խաղով նրանք փլեյ-օֆֆ փուլում են: Հիշե՛ք Ֆրանսիայի խաղը 2018 թվականի չեմպիոնական Մունդիալի խմբային փուլում և հիշե՛ք, թե ինչ ավարտ ունեցավ մրցաշարը: Մեծ հավաքականները գիտեն՝ ինչպես ճիշտ բաշխել ուժերն ու լավագույն մարզավիճակում մոտենալ վճռորոշ խաղերին: Վստահ եմ՝ փլեյ-օֆֆում այս թիմերն այլ տեսք են ունենալու:

Սաութգեյթը չի փոխվելու. մոռացե՛ք

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթի մասին չի խոսում միայն ամենաալարկոտ ֆուտբոլասերը: Անգլիացի մասնագետը նորից նույն երգն է երգում: Այո՛, որոշակիորեն փոխվել են անունները, սակայն «Երեք առյուծների» խաղն անշուք է ու ձանձրացնող: Սաութգեյթն այս մրցաշարում հասցրեց նույնիսկ մտքի գոհար թողնել, որը ծաղրուծանակի ենթարկեցին սոցիալական ցանցերում.

«Մենք չունենք Քելվին Ֆիլիպսին փոխարինող: Մենք փորձարկումներ ենք կատարում նրա բացը լրացնելու ուղղությամբ»,- ասաց նա:

Թիմում ունենալ Գերմանիայի Բունդեսլիգայի լավագուն ռմբարկուին, Իսպանիայի Լա լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին, Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն խաղացողին ու խոսել Քելվին Ֆիլիպսից․․․ Այսպիսին է Գարեթ Սաութգեյթը: Սակայն նույնիսկ նրա մարզչական պահպանողական որոշումներն ու տարօրինակ մտքերը գուցե չխանգարեն Անգլիային «ֆուտբոլը տուն վերադարձնելուց»:

Այո՛, Անգլիայի հավաքականը գուցե ակնահաճո ֆուտբոլ չի խաղացել, բայց, չգիտես ինչու, գրեթե ոչ ոք չի խոսում այն վիճակագրության մասին, որն ամենակարևորն է այսպիսի մրցաշարերում: Բրիտանական թիմն առաջատարն է իր դեմ ստեղծած պահերի տոկոսային հարաբերակցությամբ, այսինքն՝ այս մրցաշարում գոլ խփելու ամենաքիչ շանս մրցակիցները ստեղծել են հենց անգլիացիների դեմ խաղերում: Սա կարող է որոշիչ դեր ունենալ փլեյ-օֆֆ փուլի խաղերում: Անգլիայի պաշտպանությունն ուժեղ է, հարձակվելիս էլ նրանք ավելացնելու են, քանի որ պայքարը մտնում է վճռորոշ փուլ: Այս ամենին էլ գումարում ենք ցանցի առավել հեշտ հատվածում հայտնվելը (Անգլիան միայն եզրափակիչում կարող է խաղալ Գերմանիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Բելգիայի կամ էլ Ֆրանսիայի հետ) և սպասում Սաութգեյթին ու իր խաղացողներին փլել-օֆֆ փուլի խաղերում:

«Ուժեղներն» ու «թույլերը»

Եվրոպայի առաջնության խմբային փուլի արդյունքում փլեյ-օֆֆի ձևավորված ցանցերում զգալի տարբերություն կա: Վերևում են Գերմանիան, Ֆրանսիան, Պորտուգալիան, Իսպանիան, Բելգիան, Դանիան, Վրաստանն ու Սլովենիան: Ներքևի հատվածում հանգրվանել են Անգլիան, Իտալիան, Ավստրիան, Շվեյցարիան, Նիդերլանդները, Ռումինիան, Թուրքիան ու Սլովակիան:

Երկրպագուներն արդեն սկսել են «ուժեղ» և «թույլ» հատվածի բաժանումներ անել, սակայն խոշոր մրցաշարերում մենք տեսել ենք, որ ամեն ինչ հնարավոր է ու ցանկացած հավաքական կարող է ցանկացածին դուրս թողնել պայքարից: Այնպես որ, «թույլ» և «ուժեղ» հատվածների խոսույթը գուցե որոշակիորեն տեղին է, բայց՝ մեծապես չափազանցված:

Միայն թե ափսոս է, որ Իսպանիայի հավաքականի պես հիասքանչ ֆուտբոլ ցուցադրող, Գերմանիայի պես տնային Եվրոյում նորից խոշոր տիտղոս նվաճելու ձգտող, Պորտուգալիայի պես ֆուտբոլային իկոնա ունեցող ու Ֆրանսիայի պես ուժեղ կազմով ու «դիմակավորված» առաջատարով հավաքականներից միայն մեկը կարող է լինել եզրափակիչում:

Փլեյ-օֆֆի «անկոչ հյուրերը»

Վրաստանի սենսացիոն հաղթանակից հետո Հայաստանում տարբեր տրամադրություններ են: Սակայն մեր հյուսիսային հարևանի ֆուտբոլային մեծագույն հաջողության մասին խոսելիս պետք է բարձր գնահատական տալ գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլին ու վրացի ֆուտբոլիստներին, որոնք պատվի ու նվիրվածության բացառիկ օրինակ էին խմբային փուլում. Բռավո՛: Սակայն սպասելի է, որ փլեյ-օֆֆը նրանց պիկը կլինի թե՛ հոգեբանական, թե՛ խաղային իմաստով: Պորտուգալիայի հավաքականի դեմ Վրաստանի բախտը ժպտաց այնքանով, որ «եվրոպական բրազիլացիներին» այդ խաղում ոչինչ պետք չէր: Հետո դրա մասին խոսեց նաև Ռոբերտո Մարտինեսը.

«Մենք չէինք թերագնահատել Վրաստանին: Պարզապես նրանք խաղում էին իրենց կյանքի խաղը, իսկ մենք ավարտում էինք խմբային մրցաշարը: Ինտենսիվության ու նվիրվածության առումով մենք զիջում էինք նրանց»:

1/8 եզրափակիչում վրացիների մրցակիցն Իսպանիան է: Հեքիաթի շարունակությանն իսկապես դժվար է հավատալ: «Ֆուրիա ռոխան» շատ ուժեղ թիմի տպավորություն է թողել խմբային փուլում ու արժանիորեն ավելացել է գլխավոր ֆավորիտների շարքերում:

Փլեյ-օֆֆում, երևի թե, չէին սպասում նաև Սլովենիայի ու Ռումինիայի հավաքականներին: Ռումինիան գերազանցապես առաջին տուրի փայլուն խաղի շնորհիվ նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր: Ուկրաինայի դեմ խաղում կար տպավորություն, որ նրանք հստակ գիտեն՝ ինչպես կառուցել գրոհները, երբ փոխանցել և ում ուղղությամբ: Իսկ Սլովենիայի հավաքականը զգալիորեն ավելացրել է որակավորման մրցաշարից հետո: Սլովենիան իր պատմության մեջ առաջին անգամ է փլեյ-օֆֆ փուլում: Ի՜նչ նվաճում Յան Օբլակի ու թիմակիցների համար:

Անհատների բացակայությունն ու գլխավոր հարցը

Բացի ինքնագոլերից ու դաշտ նետված բաժակներից, այս Եվրոն առանձնանում է «անհատների բացակայությամբ»: Այո՛, չկա խաղացող, որն իր առաջնորդությամբ իր թիմին տարել է հաղթական ելքով խաղի, բացի բելգիացի Կևին դե Բրույնեից: Համենայն դեպս, ես այդպես եմ կարծում: Այս մրցաշարում գերազանցապես թիմային հաղթանակներ են: Շատերն են կատակում, որ այս Եվրոյի լավագույն ռմբարկուն «ինքնագոլն» է 7 գոլով, այլ ոչ թե վրացի Ժորժ Միկաուտաձեն իր երեք գոլերով:

Փլեյ-օֆֆում անհատների դերն ու խաղերի ելքն առանձին ֆուտբոլիստների ջանքերի գնով փոխելու երևույթը կարող է գալ առաջին պլան: Ջամալ Մուսիալա, Կիլիան Մբապե, Ջուդ Բելինգեմ, Ֆիլ Ֆոդեն, Հարի Քեյն, Կրիշտիանու Ռոնալդու, Կևին դե Բրույնե. տարբերակները շատ են: Եկեք չմոռանանք նաև խոշոր մրցաշարերի առանձնահատկությունն ու մտքում պահենք պահեստային խաղացողների հնարավոր հերոսացման հեռանկարը՝ հիշելով պորտուգալացի Էդերին ու գերմանացի Մարիո Գյոտցեին:

Իսկ գլխավոր հարցը մնում է բաց. ո՞վ է հաղթելու Եվրո-2024-ը: Կլինի՞ սենսացիոն չեմպիոն, թե՞ կհաղթի հավաքական, որի նվաճումը Եվրոպայում գրեթե ոչ ոքի չի զարմացնի: Ես հակված եմ Եվրոպայի առաջնության՝ առանց սենսացիաների ավարտին, սակայն չեմ բացառում եզրափակիչում որևէ սենսացիոն ներկայացուցչի ներկայություն: Նայե՛ք Ավստրիային ուշադիր, հիշե՛ք «ֆուտբոլի տուն վերադարձի» մասին: Բայց և մտապահե՛ք, որ մրցաշարը Գերմանիայում է ու գուցե նրանք չհանդուրժեն այլ երկրի հավաքականի հաղթանակն իրենց հողի վրա՝ մանավանդ, եթե ցանցի «ուժեղ» հատվածից հասնեն եզրափակիչ:

Վրացական երազանք. Ինչպես միջազգային բորսա մտնելու ուղեգիր վաստակել

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա