Logo

Fastex Պրեմիեր լիգան կանցկացվի երեք շրջանով. կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը

21:53 / 30.06.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Fastex Պրեմիեր լիգայի անցկացման ձևաչափի քննարկում, ՀՖՖ Ֆուտբոլային գործակալների կանոնակարգի և ՀՖՖ Ֆուտբոլիստների կարգավիճակի ու տեղափոխման կանոնակարգի հաստատում. այս հարցերն են եղել ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստի օրակարգում, հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը:

Դեռևս հունվարին ՀՖՖ Մրցումների բաժինը հանդես էր եկել Fastex Պրեմիեր լիգայի ձևաչափի շուրջ քննարկումների նախաձեռնությամբ: Դրանից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ակումբների միջև կայացել են բազմաթիվ, այդ թվում՝ հրապարակային քննարկումներ, որոնց արդյունքում ակումբների մեծամասնությունը կողմ է արտահայտվել Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանը 10 թիմով և 3 շրջանով անցկացնելու ձևաչափին: 

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի առաջարկով՝ ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները քննարկել են ակումբների կողմից ներկայացված առաջարկությունները, ինչից հետո որոշել են.

  • Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանին կմասնակցի 10 թիմ: 
  • Առաջնությունը բաղկացած կլինի 3 շրջանից:
  • 2026/27, 2027/28, 2028/29 մրցաշրջաններին կմասնակցի առավելագույնը 10 թիմ:

Այնուհետև քննարկվել է «Սյունիք» ֆուտբոլային ակումբի՝ Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանին մասնակցելու հարցը: «Սյունիք» ՖԱ-ն, չնայած մարզական չափանիշով իրավունք էր ձեռք բերել հանդես գալու Fastex Պրեմիեր լիգայում, որոշել է շարունակել ելույթները Հայաստանի Առաջին խմբում:

ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ, «Սյունիք» ՖԱ տնօրենի խորհրդական Նարեկ Բաբայանը ներկայացրել է այս հարցի շուրջ ակումբի պարզաբանումը. 

«Քանի որ Կապանի «Լեռնագործ» մարզադաշտը դեռեւս չի համապատասխանում Fastex Պրեմիեր լիգայի համար սահմանված չափորոշիչներին, թիմը չէր կարող խաղալ Կապանում:

Հաշվի առնելով վերոնշյալը, նաև այն, որ «Սյունիք» ՖԱ քաղաքականությունն ուղղված է հենց Սյունիքում ֆուտբոլի զարգացմանը, իսկ ակումբը ցանկանում է խաղալ միայն Կապանում, որոշում է կայացվել ևս մեկ տարի հանդես գալ Հայաստանի Առաջին խմբում»:

«Սյունիքի» տեղը կզբաղեցնի Կապանի «Գանձասարը», որը 2024/25 մրցաշրջանում ուժեղագույն լիգայում վերջին տեղն էր զբաղեցրել:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեն, հաշվի առնելով Fastex Պրեմիեր լիգայի ակումբների միջնորդությունը, որոշեց չեղյալ համարել ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի (2024-2025թ․ խմբագրություն) 31․10 կետը և ուժի մեջ թողնել նույն կանոնակարգի 31․09 կետը, ըստ որի՝ առաջնության խաղերի արձանագրությունում մեկ թիմի կազմում ընդգրկված 23 ֆուտբոլիստներից 9-ը և խաղադաշտում միաժամանակ գտնվող ֆուտբոլիստներից 3-ը պետք է լինեն Հայաստանի Հանրապետությունում մարզված կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամներ:

ՀՖՖ Գործադիր կոմիտեն որոշել է առաջիկա 3 ամիսների ընթացքում կազմակերպել քննարկումներ ակումբների հետ, ինչից հետո միայն կայացնել այս կետերի շուրջ որոշում 2026/27 մրցաշրջանի համար:

ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները կողմ են քվեարկել նաև ՀՖՖ Ֆուտբոլային գործակալների կանոնակարգի 2025թ․ խմբագրության և ՀՖՖ Ֆուտբոլիստների կարգավիճակի ու տեղափոխման կանոնակարգի 2025թ․ խմբագրության հաստատմանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ