Logo

Fastex Պրեմիեր լիգա. «Ուրարտու» - «Նոա» և տուրի մյուս հանդիպումներին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
12:10 / 27.09.2024Ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում սեպտեմբերի 27-ին կմեկնարկի 9-րդ տուրը: FastNews-ը ներկայացնում է տուրի անոնսը։

«Գանձասար» - «Շիրակ»

Սեպտեմբերի 27, ժամը՝ 17:00, Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ

Fastex Պրեմիեր լիգայում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու:

«Գանձասար»՝ 11-րդ տեղ (1 միավոր), «Շիրակ»՝ 7-րդ տեղ (7 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Առաջնության նորեկ «Գանձասարն» անհաջող է մեկնարկել: Կապանցիներին միայն անցկացրած 5-րդ խաղում հաջողվեց առաջին միավորը վաստակել՝ հյուրընկալվելիս լարված մրցապայքարում ոչ-ոքի (2-2) խաղալով «Ալաշկերտի» հետ: Ընդ որում մրցակիցը պարտությունից խուսափեց հանդիպման ավելացված ժամանակում իրացրած 11մ հարվածի շնորհիվ:

2. «Շիրակը» թեև ընդհատեց 4 անընդմեջ պարտությունների շարքը, սակայն կրկին չգտավ մրցակցի դարպասի բանալին՝ Գյումրիում գոլազուրկ ոչ-ոքի խաղալով «Ալաշկերտի» հետ: «Շիրակում» արդեն 487 րոպե գոլային երաշտ է: Առայժմ վերջին գոլը թիմը խփել է 3-րդ տուրում. 53-րդ րոպեին Մորի Կոնեն Երևանում գրավել է «Արարատի» դարպասը:

«Ալաշկերտ» - «Վեստ Արմենիա»

Սեպտեմբերի 28, ժամը՝ 16:00, Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր

4 խաղ, «Ալաշկերտը» հաղթել է 2 անգամ, «Վեստ Արմենիան»՝ 1, գրանցվել է 1 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 8-4

«Ալաշկերտ»՝ 9-րդ տեղ (6 միավոր), «Վեստ Արմենիա»՝ 10-րդ տեղ (3 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. «Ալաշկերտին» առայժմ միավորները դժվարությամբ են տրվում: Վերջին 4 հանդիպումներում ալաշկերտցիներն ընդամենը 2 միավոր են վաստակել՝ ոչ-ոքի ավարտելով «Գանձասարի» (2-2) և «Շիրակի» (0-0) հետ խաղերը:

2. «Վեստ Արմենիան» նախորդ տուրում ցավալի պարտություն կրեց «Արարատ-Արմենիայից» (1-2)՝ ավելացված ժամանակում գոլ բաց թողնելով 11մ հարվածով: Անցկացրած 6 խաղերից միայն մեկում է «Վեստ Արմենիան» միավորներ վաստակել՝ 2-1 հաշվով հաղթելով «Ուրարտուին»:

3. Հանդիպմանը մասնակցելու դեպքում «Ալաշկերտի» պաշտպան Վասպուրակ Մինասյանը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 250-րդ խաղը կանցկացնի:

Դիմակայության լավագույն ռմբարկուն

«Ալաշկերտ»՝ Լևանի Կուտալիա - 3 գոլ:

«Ալաշկերտից» խաղին չի մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված Ռումյան Հովսեփյանը:

«Փյունիկ» - «Արարատ»

Սեպտեմբերի 28, ժամը՝ 18:00, Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ

96 խաղ, «Փյունիկը» հաղթել է 50 անգամ, «Արարատը»՝ 24, գրանցվել է 22 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 161-89

«Փյունիկ»՝ 6-րդ տեղ (10 միավոր), «Արարատ»՝ 4-րդ տեղ (13 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1.Վաղեմի մրցակիցների նոր մրցավեճը մեծ հետաքրքրությամբ է սպասվում: «Փյունիկը» նախորդ տուրում հյուրընկալվելիս 0-2 հաշվով զիջեց չեմպիոնության համար մղվող պայքարում իր գլխավոր մրցակիցներից մեկին՝ «Նոային»:

Փյունիկցիներն առաջնությունում 2-րդ պարտությունը կրեցին՝ ընդհատելով 3 անընդմեջ հաղթանակների շարքը: Հիշեցնենք, որ առաջին պարտությունը Հայաստանի գործող չեմպիոնը կրել էր նույնպիսի հաշվով «Ալաշկերտից» 3-րդ տուրում:

2. «Արարատի» համար էլ անհաջող դասավորվեց «Վանի» հետ տնային հանդիպումը, որում մրցակիցը 3 անպատասխան գնդակ խփեց Տիագո Գոմեսի պաշտպանած դարպասը: Արարատցիներն ընթացիկ առաջնությունում առաջին անգամ չկարողացան գրավել մրցակցի դարպասը՝ կրելով 2-րդ պարտությունը:

3. «Փյունիկը» զգալի առավելության է հասել «Արարատի» նկատմամբ: Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 6 հանդիպումներում «Փյունիկն» անպարտելի է՝ տոնելով 4 հաղթանակ, 2 խաղ ավարտելով ոչ-ոքի:

Վերջին հաղթանակը «Փյունիկի» նկատմամբ «Արարատը» տոնել է 2022թ. հոկտեմբերի 9-ին սեփական դաշտում Ռուդիկ Մկրտչյանի խփած միակ գոլի շնորհիվ:

4. Դավիդ Դավիդյանի համար առաջիկա հանդիպումը կլինի 100-րդը Fastex Պրեմիեր լիգայում, իսկ Արման Հովհաննիսյանը կարող է 100-րդ անգամ խաղադաշտ դուրս գալ «Փյունիկի» մարզաշապիկով:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Փյունիկ»՝ Արսեն Ավետիսյան - 9 գոլ:

«Արարատ»՝ Կարեն Բարսեղյան - 5 գոլ:

«Արարատ-Արմենիա» - ԲԿՄԱ

Սեպտեմբերի 29, ժամը՝ 17:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

12 խաղ, որից 9-ում հաղթել է «Արարատ-Արմենիան», 3-ում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 27-12

«Արարատ-Արմենիա»՝ 2-րդ տեղ (15 միավոր), ԲԿՄԱ՝ 8-րդ տեղ (7 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Նախորդ երեք խաղերում բարձր արդյունավետությամբ աչքի ընկած «Արարատ-Արմենիան» 8-րդ տուրում մեծ դժվարությամբ հաղթանակ կորզեց «Վեստ Արմենիայից»: Թիմին հաղթանակ պարգևեց ավելացված 13-րդ րոպեին 11մ հարվածով Արթուր Սերոբյանի խփած գոլը:

2. ԲԿՄԱ-ն էլ «Ուրարտուի» հետ տնային խաղում հաղթեց ավելացված ժամանակում Կառլեն Հովհաննիսյանի խփած գոլի շնորհիվ: Բանակայիններն ընդհատեցին առանց հաղթանակի 4 խաղերի շարքը՝ 2-րդ անգամ 3 միավոր վաստակելով: Առաջին հաղթանակը  ԲԿՄԱ-ն տարել էր 2-րդ տուրում «Վեստ Արմենիայի» նկատմամբ՝ 5-2:

3. «Արարատ-Արմենիան» ԲԿՄԱ-ի ամենադժվարին մրցակիցն է Fastex Պրեմիեր լիգայում: Բանակայիններին դեռ չի հաջողվել հաղթել մրցակցին կայացած 12 հանդիպումներում՝ կրելով 9 պարտություն, որոնցից 3-ը՝ խոշոր հաշվով:

4. ԲԿՄԱ-ի դարպասը գրավելու դեպքում Տենտոն Յենեն երեք ուշագրավ ցուցանիշ կգրանցի: Նա Fastex Պրեմիեր լիգայում 31-րդ գոլը կխփի ու կընդգրկվի Հայաստանի առաջնությունների ամենաարդյունավետ այլազգի ֆուտբոլիստների տասնյակում: 2024թ. օրացուցային տարում 24-ամյա Տենտոնն առաջնության հանդիպումներում 8-րդ գոլը կխփի և կգերազանցի իր նախկին թիմակից Լուիս Ուգոչուկվու Օգանայի արդյունավետության տարիքային ռեկորդը, որն այդ տարիքում 2019թ. 7 գոլ էր խփել:

Եվ վերջապես Տենտոնը 5 գնդակով կդառնա ԲԿՄԱ-ի հետ դիմակայության  լավագույն ռմբարկուն՝ գերազանցելով Մաիլսոն Լիմայի ցուցանիշը:

Դիմակայության լավագույն ռմբարկուները 

«Արարատ-Արմենիա»՝ Մաիլսոն Լիմա, Տենտոն Յենե -  4-ական գոլ:

ԲԿՄԱ` Միքայել Միրզոյան - 3 գոլ:

«Ուրարտու» - «Նոա» 

Սեպտեմբերի 29, ժամը՝ 19:00, Երևան, «Ուրարտու-1» մարզադաշտ

21 խաղ, «Ուրարտուն» հաղթել է 8 անգամ, «Նոան»՝ 6, գրանցվել է 7 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 26-19

«Ուրարտու»՝ 3-րդ տեղ (13 միավոր), «Նոա»՝ 5-րդ տեղ (10 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1.«Ուրարտուի» մասնակցությամբ առաջնության վերջին երկու խաղերն էլ ընթացան գրեթե նույն սցենարով: «Վեստ Արմենիայի» և ԲԿՄԱ-ի հետ հանդիպումներում Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը խաղավերջում ավելացված ժամանակում գոլ բաց թողեց ու խաղադաշտից պարտված հեռացավ:

Իսկ մինչև այդ անցկացրած 5 հանդիպումներում «Ուրարտուն» ընդամենը 2 միավոր էր կորցրել՝ մեկնարկային տուրում գոլազուրկ ոչ-ոքի խաղալով «Փյունիկի» հետ:

2. Իսկ ահա «Նոան» «Փյունիկի» հետ սկզբունքային մրցախաղում 2-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ ու բարելավեց մրցաշարային վիճակը: Այդ հաղթանակը կարելի է ինչ-որ տեղ պատմական համարել «Նոայի» համար, քանի որ Fastex Պրեմիեր լիգայում «Փյունիկին» վերջին անգամ պարտության էր մատնել 2021թ. մայիսի 15-ին ֆուտբոլի ակադեմիայում կայացած խաղում Պետրոս Ավետիսյանի խփած միակ գոլի շնորհիվ: Այդ խաղից հետո կայացած հաջորդ 12 հանդիպումներում «Փյունիկն» անպարտելի էր (11 hաղթանակ, 1 ոչ-ոքի):

3. Եթե Օգնյեն Չանչարևիչին հաջողվի դարպասն անառիկ պահել, ապա Fastex Պրեմիեր լիգայում 70-րդ «չոր» խաղը կանցկացնի: Նրա ցուցանիշը լավագույնն է Հայաստանի առաջնություններում այլազգի դարպասապահների մեջ:

4. Հանդիպմանը մասնակցելու դեպքում «Նոայի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը հայկական ակումբներում, Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականներում պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 250-րդ խաղը կանցկացնի:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Ուրարտու»՝ Դմիտրո Խլյոբաս - 4 գոլ:

«Նոա»՝ Մաքսիմ Մայրովիչ - 3 գոլ:

«Ուրարտուի» կազմում խաղին չի մասնակցի նախորդ տուրում կարմիր քարտ ստացած Սերգեյ Մկրտչյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ