Fastex Պրեմիեր լիգայում դեկտեմբերի 15-ին կկայանա առաջնության 3-րդ տուրից հետաձգված հանդիպումը:
FastNews-ը ներկայացնում է խաղի անոնսը։
«Նոա» - «Վեստ Արմենիա»
Դեկտեմբերի 15, ժամը՝ 17:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
4 խաղ, որոնցում հաղթել է «Նոան», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 17-6
«Նոա»՝ 2-րդ տեղ (37 միավոր), «Վեստ Արմենիա»՝ 8-րդ տեղ (17 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1.Այս հանդիպումով վերջնագիծը կհատի Fastex Պրեմիեր լիգայի աշնանային հատվածը: Ընթացիկ առաջնությունում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու, իսկ 2-րդ շրջանի մրցավեճը կայանալու է հաջորդ տարի՝ 20-րդ տուրում:
«Նոան» հիանալի հնարավորություն ունի դառնալու առաջնության աշնանային հատվածի հաղթող: Դրա համար բավարար է նույնիսկ ոչ-ոքի արդյունքը: Այդ դեպքում «Նոան» միավորներով կհավասարվի «Ուրարտուին» և քանի որ նրանց միջև կայացած հանդիպումներում ցուցանիշները (1-2, 2-1) հավասար են, Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմին կգերազանցի առաջնությունում խփած գոլերի քանակով: Սակայն կասկած չկա, որ Հայաստանի փոխչեմպիոնն այս խաղում էլ հաղթանակի է ձգտելու:
2. Եթե Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում Կիպրոսի ԱՊՕԵԼ-ից 1-3 հաշվով կրած պարտությունից հետո «Նոան» հայտնվել է չափազանց դժվարին կացության մեջ, ապա առաջնությունում թիմի գործերը հիանալի են ընթանում: Ռուի Մոտայի գլխավորած թիմն առաջնության վերջին 9 խաղերում էլ հաղթել է:
Ընդ որում դեկտեմբերի 8-ին անցկացրած նախորդ խաղում «Նոան» 7 անպատասխան գնդակ էր ուղարկել «Գանձասարի» դարպասը՝ տոնելով Հայաստանի առաջնություններում իր ամենախոշոր հաշվով հաղթանակը: Մինչև այդ թիմի համար ռեկորդային էր ընթացիկ առաջնությունում «Ալաշկերտի» նկատմամբ 6-0 հաշվով տարած հաղթանակը:
3. «Վեստ Արմենիան» առաջնությունում իր նախորդ խաղն անցկացրել է դեկտեմբերի 3-ին՝ հյուրընկալվելիս 3-2 հաշվով պարտության մատնելով «Արարատին»: «Վեստ Արմենիան» ընդհատեց առանց հաղթանակների 3 խաղերի շարքն ու 315 րոպե տևած գոլային երաշտը:
4. Էրալդ Չինարին «Գանձասարի» հետ խաղում հեթ-տրիկի հեղինակ էր դարձել և դուբլ ձևակերպած Գոնսալո Գրեգորիոյի հետ 8 գնդակով գլխավորում է «Նոայի» լավագույն ռմբարկուների ցանկը:
5. Զավեն Խուդավերդյանն էլ բացել էր գոլերի հաշիվը Fastex Պրեմիեր լիգայում՝ դառնալով Հայաստանի առաջնություններում «Նոայում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Նա «Գանձասարի» դարպասը գրավել էր 17 տարեկան 176 օրականում՝ գերազանցելով թիմի նախկին ֆուտբոլիստ Իսրայել Օպոկուի ռեկորդային ցուցանիշը, որը 2022թ. «Վանին» գոլ էր խփել 18 տարեկան 145 օրականում:
Ի դեպ, Զավեն Խուդավերդյանը նաև Հայաստանի առաջնություններում «Նոայում» խաղացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է: Նա թիմի կազմում նորամուտը նշել է 17 տարեկան 71 օրականում՝ մասնակցելով օգոստոսի 25-ին ԲԿՄԱ-ի հետ կայացած խաղին:
6. «Գանձասարի» հետ խաղում նշանակալի իրադարձություն տեղի ունեցավ նաև 20-ամյա Ալեքսեյ Պլոշադնիի ֆուտբոլային կարիերայում: Նա առաջնությունում անցկացրած իր 6-րդ անընդմեջ խաղում էլ գոլ բաց չթողեց՝ դարպասն անընդմեջ անառիկ պահած րոպեների քանակը հասցնելով 574-ի և գերազանցեց «Սևանի» նախկին դարպասապահ Դիոգո Ֆիգերեդոյի տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում Հայաստանի առաջնություններում հանդես եկած դարպասապահներից բոլորից երկար՝ 569 րոպե շարունակ գոլ բաց չէր թողել:
Եթե Պլոշադնին այս խաղում էլ գոլ բաց չթողնի, ապա դարպասն անընդմեջ անառիկ պահած րոպեների քանակով (664) կընդգրկվի Հայաստանի առաջնությունների լավագույն դարպասապահների հնգյակում: Ցանկը 755 րոպեով գլխավորում է «Շիրակի» նախկին դարպասապահ Ռայմոնդ Զադուրյանը:
7. «Վեստ Արմենիայի» հետ խաղն էլ գուցե հիշարժան լինի Արտակ Դաշյանի համար, եթե վերջապես հաջողվի բացել գոլերի հաշիվը «Նոայում», որի կազմում առաջնության 7 խաղի է մասնակցել: Դա կլինի Fastex Պրեմիեր լիգայում Դաշյանի հոբելյանական՝ 50-րդ գնդակը և 70-րդը պաշտոնական մրցումներում նրա կարիերայում:
Դիմակայության լավագույն ռմբարկուն
«Նոա»՝ Արթուր Միրանյան - 6 գոլ:
«Վեստ Արմենիայի» կազմում հանդիպմանը չի մասնակցի 5 դեղին քարտի արժանացած Արթուր Դանիելյանը: