Logo

Fastex Պրեմիեր լիգա. «Նոա» - «Վան» և տուրի մյուս հանդիպումներին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
12:02 / 20.10.2024Ֆուտբոլ
Բացառիկ
null

Fastex Պրեմիեր լիգայում հոկտեմբերի 20-ին կմեկնարկի 12-րդ տուրը, որով կսկսվի առաջնության երկրորդ շրջանը:

FastNews-ը ներկայացնում է տուրի անոնսը։

«Նոա» - «Վան»

Հոկտեմբերի 20, ժամը՝ 19:00, Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր

16 խաղ, «Նոան» հաղթել է 9 անգամ, «Վանը»՝ 2, գրանցվել է 5 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 25-11

1-ին շրջան. 19.09.2024  «Վան» - «Նոա»՝ 1-1 (0-1)

Գոլերը՝ 0-1՝ Իմրան Ուլադ Օմար 28՛, 1-1՝ Օլավալե Ֆառայոլա 59՛:

«Նոա»՝ 5-րդ տեղ (13 միավոր), «Վան»՝ 4-րդ տեղ (17 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1.«Նոայի» համար այս հանդիպումը վերջին փորձամրցումն է հոկտեմբերի 24-ին Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 2-րդ տուրում ավստրիական «Ռապիդի» հետ հյուրընկալվելիս կայանալիք խաղից առաջ: Ուստի չի բացառվում, որ Հայաստանի փոխչեմպիոնն Աբովյանում խաղադաշտ դուրս գա ոչ հիմնական կազմով:

2. Նախորդ տուրում «Նոան» իր երկրպագուներին ուրախացրեց արդյունավետ խաղով՝ 6 անպատասխան գնդակ ուղարկելով «Ալաշկերտի» դարպասը: Դա Fastex Պրեմիեր լիգայում «Նոայի» տարած ամենախոշոր հաշվով հաղթանակն էր: Նախորդը գրանցվել էր 2021/22թթ. մրցաշրջանում ԲԿՄԱ-ի և ընթացիկ առաջնությունում «Շիրակի» նկատմամբ՝ 5-0:

Հետաքրքիր է, որ Հայաստանի առաջնություններում ամենախոշոր հաշվով պարտություններից մեկը (0-6) «Նոան» կրել էր հենց «Ալաշկերտից» 2018/19թթ. մրցաշրջանում, երբ հանդես էր գալիս «Արցախ» անվանումով:

3. Առաջնության նախորդ երկու տուրերում «Վանն» անհաջող ելույթներ ունեցավ՝ միևնույն 1-3 հաշվով պարտվելով «Փյունիկին» և «Ուրարտուին»: Երբեմնի առաջատարը նահանջել է 4-րդ տեղ և արդեն 8 միավորով է հետ մնում աղյուսակը գլխավորող «Ուրարտուից»:

4. Մրցակիցների միջև կայացած  առաջնության վերջին 9 հանդիպումներում «Նոան» անպարտելի է՝ տոնելով 5 հաղթանակ, 4 խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակը «Նոայի» նկատմամբ «Վանը» տոնել է 2022թ. մայիսի 21-ին Չարենցավանում կայացած խաղում՝ 1-0:

5. Գոլի հեղինակ դառնալու դեպքում Արտակ Դաշյանը կխփի Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 50-րդ գնդակը, որը կլինի 70-րդը պաշտոնական մրցումներում:

6. Յուրօրինակ հոբելյան կարող է նշել նաև Օգնյեն Չանչարևիչը, եթե անառիկ պահի սեփական դարպասը: Նա Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 70-րդ «չոր» խաղը կանցկացնի:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Նոա»՝ Արթուր Միրանյան- 4 գոլ:

«Վան»՝ Էդգար Մովսեսյան - 2 գոլ:

«Վանի» կազմում հանդիպմանը չի մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված Մոմո Տուրեն:

«Վեստ Արմենիա» - «Ուրարտու»

Հոկտեմբերի 21, ժամը՝ 19:00, Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ

5 խաղ, «Վեստ Արմենիան» հաղթել է 4 անգամ, «Ուրարտուն»՝ 1, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 9-8

1-ին շրջան. 18.09.2024  «Ուրարտու» - «Վեստ Արմենիա»՝ 1-2 (1-1)

Գոլերը՝ 0-1՝ Զախար Տարասենկո 7՛, 1-1՝ Ժիրայր Մարգարյան 16՛, 1-2՝ Յուսուֆ Իբրահիմ 90+7՛:

«Վեստ Արմենիա»՝ 9-րդ տեղ (6 միավոր), «Ուրարտու»՝ 1-ին տեղ (25 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1.«Վեստ Արմենիան» 2 անընդմեջ հաղթանակներից հետո չկարողացավ շարունակել հաղթարշավը՝ Գյումրիում 0-2 հաշվով զիջելով տանտերերին:

2. Իսկ ահա «Ուրարտուն» հերթական անգամ վստահ ելույթ ունեցավ՝ տնային խաղում 3-1 հաշվով հաղթելով «Վանին» ու ամրապնդելով միանձնյա առաջատարի իր դիրքը: Դա Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմի 3-րդ անընդմեջ հաղթանակն էր: Նախորդ տուրերում «Ուրարտուն» պարտության էր մատնել «Նոային» (2-1) և «Արարատին» (1-0):

3. Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 4 հանդիպումներում էլ հաղթել է «Վեստ Արմենիան»: Հետաքրքիր է, որ բոլոր այդ խաղերում էլ Զախար Տարասենկոն մեկական անգամ գրավել է «Ուրարտուի» դարպասը:

Միակ հաղթանակը «Վեստ Արմենիայի» նկատմամբ «Ուրարտուն» տարել է մրցակիցների առաջին ծանոթության ժամանակ՝ անցյալ տարվա սեպտեմբերի 1-ին հյուրընկալվելիս հաղթելով 5-2 խոշոր հաշվով: Այդ խաղում Թեմուր Ջիկիան հեթ-տրիկի հեղինակ էր դարձել:

4. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Նարեկ Աղասարյանը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 100-րդ խաղը կանցկացնի: Բոլոր խաղերում էլ նա խաղադաշտ է դուրս եկել հարազատ «Ուրարտուի» մարզաշապիկով:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Վեստ Արմենիա»՝ Զախար Տարասենկո - 4 գոլ:

«Ուրարտու»՝ Թեմուր Ջիկիա - 3 գոլ:

«Շիրակ» - «Արարատ-Արմենիա»

Հոկտեմբերի 22, ժամը՝ 19:00, Գյումրի, Քաղաքային մարզադաշտ

20 խաղ, «Շիրակը» հաղթել է 3 անգամ, «Արարատ-Արմենիան»՝ 13, գրանցվել է 4 ոչ-ոքի, խփած և բաց  թողած գոլերի հարաբերակցությունը՝ 12-41

1-ին շրջան. 19.09.2024 «Արարատ-Արմենիա» - «Շիրակ»՝ 4-0 (2-0)

Գոլերը՝ 1-0՝ Արմեն Համբարձումյան 10՛, 2-0՝ Ժոաո Կեյրուշ 20՛, 3-0՝ Արթուր Սերոբյան 66՛ (11մ), 4-0՝ Մեթյու Գբոմադու 85՛:

«Շիրակ»՝ 7-րդ տեղ (13 միավոր), «Արարատ-Արմենիա»՝ 2-րդ տեղ (21 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1.«Շիրակը» նոր գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ իր առաջին խաղում Գյումրիում 2-0 հաշվով հաղթեց «Վեստ Արմենիային»՝ տոնելով 2-րդ  անընդմեջ հաղթանակը: Նախորդ տուրում գյումրեցիներն Արսեն Հովհաննիսյանի ղեկավարությամբ հյուրընկալվելիս 2-1 հաշվով պարտության էին մատնել «Գանձասարին»:

Ընթացիկ առաջնությունում «Շիրակն» առաջին հաղթանակը տոնեց Գյումրիում, որտեղ մինչև այդ անցկացրած 4 հանդիպումներում ընդամենը մեկ միավոր էր վաստակել «Ալաշկերտի» հետ գրանցած գոլազուրկ ոչ-ոքիի շնորհիվ:

Իսկ ընդհանրապես մինչև «Վեստ Արմենիային» հաղթելը, Գյումրիում շիրակցիներն առաջնության 6 խաղերում ընդամենը մեկ միավոր էին վաստակել: Տնային նախորդ հաղթանակը գյումրեցիները տարել էին ապրիլի 27-ին «Նոայի» նկատմամբ Մորի Կոնեի խփած միակ գոլի շնորհիվ:

2. Չեմպիոնական հավակնություններ ունեցող «Արարատ-Արմենիան» «Արարատի» հետ նախորդ տուրի մրցավեճում Մարիուս Նուբիսիի հեթ-տրիկի շնորհիվ ավելացված ժամանակի վերջին րոպեին հաղթանակ կորզեց և մրցաշարային աղյուսակում բարձրացավ 2-րդ տեղ: Հայաստանի կրկնակի չեմպիոնը Fastex Պրեմիեր լիգայում 13-րդ անընդմեջ հաղթանակը տարավ «Արարատի» նկատմամբ:

3. Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 12 հանդիպումներում «Արարատ-Արմենիան» անպարտելի է՝ տոնելով 10 հաղթանակ, 2 խաղ ավարտելով ոչ-ոքի: Ընդ որում 2020/21թթ. առաջնության առաջին շրջանի խաղում «Արարատ-Արմենիան» պարզապես ջախջախել էր շիրակցիներին՝ 7 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը:

Դա Բարձրագույն խմբում «Արարատ-Արմենիայի» ամենախոշոր հաշվով հաղթանակն էր: Իսկ «Շիրակը» կրկնել էր իր ամենախոշոր հաշվով պարտության ռեկորդը: Նախկինում շիրակցիները 0-7 հաշվով պարտվել էին «Փյունիկին» (2006թ.) և «Միկային» (2009թ.):

Վերջին հաղթանակն «Արարատ-Արմենիայի» նկատմամբ «Շիրակը» տարել է 2020թ. հունիսի 20-ին: Գյումրիում կայացած այդ խաղի ելքը վճռել էր շիրակցի Մորի Կոնեի խփած միակ գոլը:

4. Երկու թիմերն էլ կարող են հոբելյաններ նշել: «Շիրակի» խփած առաջին գոլը կլինի 1450-րդը Հայաստանի առաջնություններում: «Արարատ-Արմենիան» էլ կնշի 350-րդ գոլի հոբելյանը, եթե 2 անգամ գրավի շիրակցիների դարպասը:

5. Նշանակալի իրադարձություն է սպասում «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Կարեն Մուրադյանին, որը Հայաստանի առաջնություններում հոբելյանական՝ 300-րդ խաղը կանցկացնի: 31-ամյա Մուրադյանը կդառնա 300 խաղի սահմանագիծը հատած ընդամենը 18-րդ ֆուտբոլիստը: Ռեկորդակիրը «Շիրակի» նախկին ավագ Հովհաննես Թահմազյանն է՝ 461 խաղ:

6. Հաճելի իրադարձություն է սպասում նաև Տենտոն Յենեին, եթե նրան հաջողվի գրավել «Շիրակի» դարպասը: Նիգերիացի հարձակվողն «Արարատ-Արմենիայի» կազմում հոբելյանական՝ 30-րդ գոլը կխփի, որը կլինի 33-րդը Fastex Պրեմիեր լիգայում: Նա կընդգրկվի Հայաստանի առաջնությունների 100 լավագույն ռմբարկուների ցանկում:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Շիրակ»՝ Մորի Կոնե - 2 գոլ:

«Արարատ-Արմենիա»՝ Յուսուֆ Օտուբանջո - 4 գոլ:

«Գանձասար» - «Ալաշկերտ»

Հոկտեմբերի 23, ժամը՝ 16:00, Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ

1 խաղ, որում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց  թողած գոլերի հարաբերակցությունը՝ 2-2:

1-ին շրջան. 18.09.2024  «Ալաշկերտ» - «Գանձասար»՝ 2-2 (0-1)

Գոլերը՝ 0-1` Աշոտ Քոչարյան 4՛, 0-2՝ Իսրայել Օպոկու 60՛, 1-2՝ Ժոզե Էմբալու 69՛, 2-2՝ Պետրոս Ավետիսյան 90+4՛ (11մ):

«Գանձասար»՝ 11-րդ տեղ (1 միավոր), «Ալաշկերտ»՝ 10-րդ տեղ (6 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1.Առաջնության նորեկ «Գանձասարի» համար շատ անհաջող դասավորվեց ԲԿՄԱ-ի հետ հանդիպումը՝ կրկնելով Fastex Պրեմիեր լիգայում իր ամենախոշոր հաշվով պարտության ռեկորդը: 3-րդ տուրում գանձասարցիները նույնպիսի 1-6 հաշվով պարտվել էին «Վանին»:

2. «Ալաշկերտն» էլ չափից դուրս անհաջող ելույթ ունեցավ Աբովյանում՝ 0-6 հաշվով զիջելով «Նոային», որին 2018/19թթ. մրցաշրջանում հաղթել էր միևնույն հաշվով: Սակայն այդ պարտությունը թիմի պատմության մեջ ամենախոշորը չէ:

Ավելի վատ ցուցանիշ գրանցվել էր 2013/14թթ. մրցաշրջանում, որում առաջնության նորեկ «Ալաշկերտը» 2-9 հաշվով պարտվել էր «Գանձասար-Կապանին», որը ներկայումս «Սյունիք» անվանումով հանդես է գալիս Առաջին խմբում:

ԲԿՄԱ - «Փյունիկ»

Հոկտեմբերի 23, ժամը՝ 18:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

14 խաղ, որոնցից 12-ում հաղթել է «Փյունիկը», 2-ում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց  թողած գոլերի հարաբերակցությունը՝ 6-34:

1-ին շրջան. 20.09.2024 «Փյունիկ» - ԲԿՄԱ` 4-1 (1-1) 

Գոլերը՝ 1-0՝ Ագդոն Մենեզես 21՛, 1-1՝ Գոռ Առաքելյան 33՛, 2-1՝ Ժունինյո 50՛, 3-1՝ Յուսուֆ Օտուբանջո 62՛ (11մ), 4-1՝ Սերժ Դեբլե 85՛:

ԲԿՄԱ՝ 8-րդ տեղ (13 միավոր), «Փյունիկ»՝ 3-րդ տեղ (19 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1.Վերջին շրջանում ԲԿՄԱ-ն բավական հաջող ելույթներ է ունենում՝ 4 խաղում տանելով 3 հաղթանակ: Նախորդ տուրում բանակայինները 6-1 խոշոր հաշվով պարտության մատնեցին «Գանձասարին»: Դա ընթացիկ առաջնությունում նման կարգի 2-րդ հաղթանակն էր: Խոշոր հաշվով առաջին հաղթանակը գրանցվել էր «Վեստ Արմենիայի» նկատմամբ՝ 5-2:

2. «Փյունիկը» 17-օրյա ընդմիջումից հետո կրկին խաղադաշտ դուրս կգա: Հայաստանի չեմպիոնը վերջին խաղն անցկացրել է հոկտեմբերի 6-ին՝ Չարենցավանում 3-1 հաշվով հաղթելով «Վանին»: Դա փյունիկցիների 3-րդ անընդմեջ հաղթանակն էր: Նախորդ երկու խաղերում էլ «Փյունիկը» 3-ական գոլ էր խփել «Արարատին» (3-0) և «Արարատ-Արմենիային» (3-1):

3. Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 5 հանդիպումներում էլ հաղթել է «Փյունիկը», որից 4-ը՝ խոշոր հաշվով: Յուսուֆ Օտուբանջոն այդ խաղերում մեկական գոլ է խփել: ԲԿՄԱ-ին դեռ չի հաջողվել հաղթել փյունիկցիներին, իսկ վերջին միավորը Հայաստանի գործող չեմպիոնի հետ մրցավեճում վաստակել է անցյալ տարվա մայիսի 26-ին ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղում, որում գրանցվել է ոչ-ոքի՝ 1-1:

Ընդ որում ԲԿՄԱ-ն 88-րդ րոպեին Գևորգ Տարախչյանի խփած գոլի շնորհիվ բացել էր հաշիվը, սակայն ավելացված ժամանակում Խուան Բրավոն «Փյունիկին» փրկել էր պարտությունից:

4. ԲԿՄԱ-ի դարպասը գրավելու դեպքում Յուսուֆ Օտուբանջոն «Փյունիկի» կազմում պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 50-րդ գոլը կխփի:

5. Գոլի հեղինակ դառնալու դեպքում 35-ամյա Սերժ Դեբլեն 2024թ. օրացուցային տարում Հայաստանի առաջնությունների հանդիպումներում 5-րդ գնդակը կխփի ու կգերազանցի «Փյունիկի» նախկին ավագ Սարգիս Հովսեփյանի արդյունավետության տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում 2007թ. 4 գոլ էր խփել:

Դիմակայության լավագույն ռմբարկուն

«Փյունիկ»՝ Յուսուֆ Օտուբանջո – 7 գոլ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ