Fastex Պրեմիեր լիգայում դեկտեմբերի 8-ին կկայանա առաջնության առաջին տուրից հետաձգված հանդիպումը:
FastNews-ը ներկայացնում է խաղի անոնսը։
«Նոա» - «Գանձասար»
Դեկտեմբերի 8, ժամը՝ 19:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Fastex Պրեմիեր լիգայում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու
«Նոա»՝ 4-րդ տեղ (34 միավոր), «Գանձասար»՝ 11-րդ տեղ (2 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1.Առաջնության առաջին տուրից հետաձգված այս հանդիպումը «Նոայի» համար վերջին փորձամրցումն է Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրում Կիպրոսի ԱՊՈԵԼ-ի հետ դեկտեմբերի 12-ին Երևանում կայանալիք խաղից առաջ:
Նախորդ հանդիպումը Հայաստանի փոխչեմպիոնն անցկացրել էր դեկտեմբերի 4-ին «Արարատ-Արմենիայի» հետ: 10-րդ տուրից հետաձգված այդ խաղը չափազանց դժվարին ընթացք ունեցավ «Նոայի» համար: 17-րդ րոպեից խաղադաշտում մնալով 10 ֆուտբոլիստով, Ռուի Մոտայի գլխավորած թիմը կարողացավ 2-1 հաշվով անչափ կարևոր հաղթանակ տոնել:
«Գանձասարին» հաղթելու դեպքում «Նոան» մրցաշարային աղյուսակում կբարձրանա 2-րդ տեղ և ընդամենը մեկ միավոր կզիջի «Ուրարտուին»:
2. «Նոան» ընթացիկ առաջնությունում 8-րդ անընդմեջ հաղթանակը տարավ ու գերազանցեց «Փյունիկի» ռեկորդային ցուցանիշը: Այս արդյունքը ռեկորդային է նաև «Նոայի» պատմության մեջ: Նախկինում Հայաստանի փոխչեմպիոնը 4 անընդմեջ հաղթանակից ավելի չէր տոնել (2019/20, 2023/24թթ.):
3. Այս հանդիպումով «Գանձասարը» կավարտի մրցելութներն առաջնության աշնանային հատվածում, որը շատ անհաջող էր կապանցիների համար: Կարեն Բարսեղյանի գլխավորած թիմն առաջնությունում դեռ հաղթանակ չի տարել և 2 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
16-րդ տուրից հետաձգված նախորդ խաղում էլ «Գանձասարը» 1-2 հաշվով զիջեց ԲԿՄԱ-ին՝ կրելով 5-րդ անընդմեջ պարտությունը : Գանձասարցիներին վերջապես հաջողվեց ընդհատել 764 րոպե տևած գոլային երաշտը, երբ Ուսման Ֆայեն ավելացված ժամանակում դիպուկ իրացրեց 11մ հարվածը: Հետաքրքիր է, որ թիմի խփած նախորդ գոլի հեղինակը ևս Ֆայեն էր, որը հոկտեմբերի 19-ին գրավել էր հենց ԲԿՄԱ-ի դարպասը: Ֆայեն 2 գնդակով Իսրայել Օպոկուի հետ «Գանձասարի» լավագույն ռմբակուն է:
4. Այս խաղում նշանակալի իրադարձություն է սպասում 20-ամյա Ալեքսեյ Պլոշադնիին, եթե առնվազն 86 րոպե գոլ բաց չթողնի: Այդ դեպքում Պլոշադնին դարպասն անընդմեջ անառիկ պահած րոպեների քանակով (570) կգերազանցի «Սևանի» նախկին դարպասապահ Դիոգո Ֆիգերեդոյի տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում Հայաստանի առաջնություններում հանդես եկած դարպասապահներից բոլորից երկար՝ 569 րոպե շարունակ գոլ բաց չի թողել:
Պլոշադնին առաջնությունում անցկացրած իր վերջին 5 հանդիպումներում գոլ բաց չի թողել՝ ընդհանուր առմամբ 484 րոպե շարունակ դարպասը պահելով անառիկ:
5. Իմրան Ուլադ Օմարը տուգանային հիանալի հարվածով գրավելով «Արարատ-Արմենիայի» դարպասը, ընթացիկ առաջնությունում 7-րդ գոլը խփեց և գլխավորեց թիմի լավագույն ռմբարկուների ցանկը: 6 գնդակ է խփել Գոնսալո Գրեգորիոն:
6. Իսկ ահա Արտակ Դաշյանը դեռ չի բացել գոլերի հաշիվը «Նոայում», որի կազմում առաջնության 6 խաղի է մասնակցել: Եթե նրան հաջողվի գրավել մրցակցի դարպասը, ապա կխփի Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 50-րդ գնդակը, որը կլինի 70-րդը պաշտոնական մրցումներում Դաշյանի կարիերայում:
Հանդիպմանը չի մասնակցի նախորդ խաղում խաղադաշտից հեռացված Հելդեր Ֆեռեյրան: