FastNews-ը ներկայացնում է խաղի անոնսը։
«Գանձասար» - «Վան»
Մայիսի 12, ժամը՝16:00, Երևան, «Ջունիոր Սպորտ» մարզադաշտ
2 խաղ, որոնցում հաղթել է «Վանը», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 1-8
1-ին շրջան. 16.08.2024 «Վան» - «Գանձասար»՝ 6-1 (4-1)
Գոլերը՝ 1-0՝ Կարեն Նալբանդյան 4՛, 2-0՝ Ջեսի Ակիլա 17՛, 3-0՝ Ջոն Բատիգի 24՛, 3-1՝ Վահե Մուրադյան 30՛, 4-1՝ Ջոն Բատիգի 39՛, 5-1՝ Մամադու Դիալո 53՛, 6-1՝ Կարեն Նալբանդյան 78՛, 11մ:
3-րդ շրջան. 06.04.2025 «Վան» - «Գանձասար»՝ 2-0 (1-0)
Գոլերը՝ 1-0՝ Կարեն Նալբանդյան 39՛, 2-0՝ Դավիթ Տերտերյան 90+4՛:
«Վան»՝ 5-րդ տեղ (43 միավոր), «Գանձասար»՝ 11-րդ տեղ (3 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1.Մարզական առումով 20-րդ տուրից հետաձգված այս հանդիպման արդյունքը կարևոր է միայն «Վանի» համար: «Գանձասարը» վաղուց է ամրագրել տեղը մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում և մնացած խաղերը ոչ մի կերպ իրավիճակը չեն փոխի: Սակայն չնայած դրան, գանձասարցիները պետք է ձգտեն գոնե առաջին հաղթանակը տոնել առաջնությունում:
«Գանձասարը» նախորդ տուրում ազատ էր, իսկ մայիսի 2-ին անցկացրած առաջնության իր վերջին խաղում նվազագույն հաշվով զիջել էր «Ալաշկերտին»՝ կրելով 5-րդ անընդմեջ պարտությունը: Ընդ որում վերջին 3 խաղերում գանձասարցիները գոլ չեն խփել:
2. Իսկ ահա «Վանի» համար առաջնության ավարտական 3 հանդիպումները բախտորոշ նշանակություն ունեն Կոնֆերենցիաների լիգայի ուղեգրի համար «Փյունիկի» հետ մղվող պայքարում: Չարենցավանյան ակումբը 7 միավորով զիջում է «Փյունիկին», որը մեկ խաղ ավելի է անցկացրել:
Նախորդ տուրում «Վանը» կրկին անչափ կարևոր միավորներ կորցրեց՝ հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվելով «Արարատին»: Ընդ որում հաղթական գոլն արարատցիները խփեցին ավելացված ժամանակում: Առաջնության վերջին 4 խաղերում «Վանը» չի հաղթել՝ վաստակելով ընդամենը 2 միավոր: «Նոայի» և «Արարատի» հետ հանդիպումներում «Վանն» ավելացված ժամանակում գոլ բաց թողեց, որի հետևանքով 3 միավորի կորուստ ունեցավ:

3. Առաջնության 31-րդ տուրում «Վանն» ազատ է, իսկ հաջորդ երկու տուրերում հյուրընկալելու է «Փյունիկին» և մրցակցի դաշտում մրցելու է արծաթե մեդալներին հավակնող «Ուրարտուի» հետ: Ինչ խոսք, «Փյունիկի» հետ 32-րդ տուրում կայանալիք խաղը կարող է վճռորոշ լինել «Վանի» համար: Սակայն եթե 31-րդ տուրում փյունիկցիները հաղթեն «Արարատին», ապա Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր կնվաճեն: Այդ դեպքում «Վանի» համար ավարտական երկու խաղերի արդյունքներն այլևս ոչ մի նշանակություն չեն ունենա:
4. Հանդիպմանը մասնակցելու դեպքում «Վանի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը հայկական ակումբներում, Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականներում պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 300-րդ խաղը կանցկացնի: Դավիթ Տերտերյանի համար էլ առաջիկա խաղը կլինի 150-րդը Fastex Պրեմիեր լիգայում:

5. «Գանձասարն» առաջնության ամենացածր արդյունավետություն ունեցող թիմն է, որը 25 խաղում ընդամենը 9 գոլ է խփել: «Վանն» առաջնության 27 հանդիպումներում 49 անգամ է գրավել մրցակիցների դարպասները: 11 գնդակով թիմի ռմբարկուն Մոմո Տուրեն է, 7-ական գոլ են խփել Կարեն Նալբանդյանն ու թիմից հեռացած Ջոն Բատիգին:
Դիմակայության լավագույն ռմբարկուն
«Վան»՝ Կարեն Նալբանդյան - 3 գոլ:
5-րդ զգուշացման պատճառով «Վանից» խաղը բաց կթողնի Իզուչուկվու Օկոնկվոն:


