Logo

Fastex Պրեմիեր լիգա. Արարատյան դերբիին և տուրի մյուս հանդիպումներին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
12:45 / 09.11.2024Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայում նոյեմբերի 9-ին կմեկնարկի 16-րդ տուրը: Նոյեմբերի 11-ին նշանակված ԲԿՄԱ-«Գանձասար» հանդիպումը հետաձգվել է:

FastNews-ը ներկայացնում է տուրի անոնսը։

«Վեստ Արմենիա» - «Շիրակ»

Նոյեմբերի 9, ժամը՝ 19:00, Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ

5 խաղ, «Վեստ Արմենիան» հաղթել է 2 անգամ, «Շիրակը»՝ 2, գրանցվել է 1 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 5-7

1-ին շրջան. 17.10.2024   «Շիրակ» - «Վեստ Արմենիա»՝ 2-0 (1-0)

Գոլերը՝ 1-0՝ Ռաֆիկ Միսակյան 4՛, Դոնալդ Կոդիա 90+6՛:

«Վեստ Արմենիա»՝ 9-րդ տեղ (13 միավոր), «Շիրակ»՝ 6-րդ տեղ (17 միավոր)։

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1.Նախորդ տուրն անհաջող էր «Վեստ Արմենիայի» համար, որը հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ ընդունեց «Արարատ-Արմենիայից»: Այդ խաղում «Վեստ Արմենիայի» կազմում բացակայում էին առանցքային մի քանի ֆուտբոլիստներ թիմի ռմբարկու Զախար Տարասենկոյի գլխավորությամբ, իսկ դարպասը պաշտպանում էր Fastex Պրեմիեր լիգայում նորամուտը նշող 20-ամյա Էրիկ Լյանսբերգը:

Ընդհատվեց թիմի անպարտելի 3 խաղերի շարքը, որի ընթացքում «Վեստ Արմենիան» ոչ-ոքի էր (2-2) գրանցել «Ուրարտուի» հետ մրցավեճում, ապա հաղթել էր «Գանձասարին» (1-0) և «Ալաշկերտին» (2-0):

2. Իսկ ահա «Շիրակի» համար նախորդ տուրը հաջող էր: Շիրակցիները հյուրընկալվելիս 3-1 հաշվով պարտության մատնեցին «Ալաշկերտին»: Դա Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ անցկացրած 4 հանդիպումներում «Շիրակի» 2-րդ հաղթանակն էր: Ի դեպ, թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Նազարյանի նորամուտը կայացել էր հենց «Վեստ Արմենիայի» հետ անցկացված առաջին շրջանի խաղում:

3. «Ալաշկերտի» հետ խաղում Սեդրիկ Դոն դարձել էր Հայաստանի առաջնություններում «Շիրակի» հոբելյանական՝ 1450-րդ գոլի հեղինակը: «Վեստ Արմենիայի» հետ խաղում էլ շիրակցիները կարող են նշել 400-րդ հաղթանակի հոբելյանը, եթե պարտության մատնեն մրցակցին:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Վեստ Արմենիա»՝ Սարգիս Մեթոյան - 2 գոլ:

«Շիրակ»՝ Սերյոժա Ուռուշանյան, Դոնալդ Կոդիա - 2-ական գոլ:

«Արարատ» - «Արարատ-Արմենիա»

Նոյեմբերի 10, ժամը՝ 15:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

24 խաղ, «Արարատը» հաղթել է 2 անգամ, «Արարատ-Արմենիան»՝ 20, գրանցվել է 2 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 18-50

1-ին շրջան. 18.10.2024   «Արարատ-Արմենիա» - «Արարատ» ՝ 3-2 (1-1)

Գոլերը՝ 1-0՝ Մարիուս Նուբիսի 21՛, 11մ, 1-1՝ Սերոբ Գալստյան 22՛, 2-1՝ Մարիուս Նուբիսի 49՛, 2-2՝ Մուսա Կանտե 65՛, 11մ, 3-2՝ Մարիուս Նուբիսի 90+8՛:

«Արարատ»՝ 8-րդ տեղ (13 միավոր), «Արարատ-Արմենիա»՝ 3-րդ տեղ (30 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1.«Արարատին» ոչ մի կերպ չի հաջողվում կարգավորել խաղն ու ընդհատել անհաջողությունների շղթան: «Վանի» հետ խաղում արարատցիները 0-4 հաշվով պարտություն կրեցին՝ ընթացիկ առաջնությունում առաջին անգամ սեփական դարպասը բաց թողնելով 4 գնդակ: Ի դեպ, առաջին շրջանում էլ Տիգրան Եսայանի գլխավորած թիմը կրկին խոշոր հաշվով էր պարտվել «Վանին»՝ 0-3:

«Արարատն» ընթացիկ առաջնությունում 7-րդ անընդմեջ պարտությունը կրեց, որը վատագույն արդյունքն է մցաշարի մասնակիցների մեջ: «Արարատում» արդեն 295 րոպե շարունակ գոլային երաշտ է: Վերջին գոլն արարատցիները խփել են հոկտեմբերի 18-ին «Արարատ-Արմենիայի» հետ կայացած խաղում: 65-րդ րոպեին Մուսա Կանտեն իրացրել է 11մ հարվածը: 

2. «Արարատ-Արմենիան» Վարդան Մինասյանի գլխավորությամբ անցկացրած առաջնության հոբելյանական՝ 100-րդ խաղում 3-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Վեստ Արմենիայի» նկատմամբ: Դա ընթացիկ առաջնությունում «Արարատ-Արմենիայի» խոշոր հաշվով 4-րդ հաղթանակն էր:

«Արարատ-Արմենիան» առաջնության ամենաարդյունավետ թիմն է՝ 13 խաղում խփելով 31 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,3 գոլ): Հայաստանի կրկնակի չեմպիոնը միայն մեկ խաղում գոլ չի խփել՝ նվազագույն հաշվով պարտվելով «Նոային»: Իսկ ահա 7 հանդիպումներում թիմի ֆուտբոլիստները նվազագույնը 3 գոլ են խփել:

3. «Արարատ-Արմենիան» բացահայտ առավելության է հասել «Արարատի» նկատմամբ՝ հաղթելով առաջնության նախորդ բոլոր 13 խաղերում էլ; Վերջին հաղթանակն «Արարատ-Արմենիայի» նկատմամբ «Արարատը» տոնել է 2021թ. փետրվարի 25-ին Դմիտրիե Պոբուլիչի խփած միակ գոլի շնորհիվ: Իսկ վերջին միավորը Հայաստանի կրկնակի չեմպիոնի հետ մրցավեճում արարատցիները վաստակել են 2021թ. մայիսի 19-ին կայացած խաղում (1-1):

4. Նախորդ տուրում գրավելով «Վեստ Արմենիայի» դարպասը, Տենտոն Յենեն «Արարատ-Արմենիայի» կազմում Հայաստանի առաջնություններում 33-րդ գոլն էր խփել և կրկնել էր թիմի պատմության լավագույն ռմբարկու Մաիլսոն Լիմայի ցուցանիշը: Այնպես որ գոլ խփելու դեպքում նիգերիացին կդառնա Fastex Պրեմիեր լիգայում «Արարատ-Արմենիայի» ամենաարդյունավետ ֆուտբոլիստը:

Իսկ ահա բոլոր մրցաշարերում խփած գոլերի քանակով (41) Մաիլսոն Լիման գերազանցում է Տենտոնին, որի հաշվին առայժմ 35 գոլ է գրանցված:

Դիմակայության  լավագույն ռմբարկուները

«Արարատ»՝ Արտյոմ Սիմոնյան - 2 գոլ:

«Արարատ-Արմենիա»՝ Մաիլսոն Լիմա - 7 գոլ:

«Նոա» - «Ալաշկերտ»  

Նոյեմբերի 10, ժամը՝ 19:00, Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր

24 խաղ, «Նոան» հաղթել է 11 անգամ, «Ալաշկերտը»՝ 10, գրանցվել է 3 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 31-34

1-ին շրջան. 16.10.2024   «Ալաշկերտ» - «Նոա»՝ 0-6 (0-3)

Գոլերը՝ 0-1՝ Գոնսալո Գրեգորիո 19՛, 11մ, 0-2՝ Իմրան Օմար 40՛, 0-3՝ Էրալդ Չինարի 45+3՛, 0-4՝ Գոնսալո Գրեգորիո 55՛, 0-5՝ Մարկոս Մասիել 85՛, 0-6՝ Էրալդ Չինարի 89՛:

«Նոա»՝ 4-րդ տեղ (22 միավոր), «Ալաշկերտ»՝ 10-րդ տեղ (12 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1.«Նոան» Հայաստանի առաջնություն է վերադառնում Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 3-րդ տուրում Լոնդոնում «Չելսիից» գերխոշոր՝ 0-8 հաշվով կրած ծանր պարտությունից հետո: Ի դեպ, դա Եվրագավաթներում հայկական ակումբների կրած ամենախոշոր հաշվով պարտությունն էր: «Նոան» գերազանցեց «Բանանցի» հակառեկորդը, որը 2008/09թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում հյուրընկալվելիս 7 անպատասխան գնդակ էր ընդունել ավստրիական «Զալցբուրգից»:
Իսկ ահա նոյեմբերի 1-ին անցկացրած առաջնության վերջին խաղում Հայաստանի փոխչեմպիոնը 2-1 հաշվով հաղթել է «Ուրարտուին»: Դա առաջնությունում «Նոայի» 4-րդ անընդմեջ հաղթանակն էր:

2. Նախորդ տուրն անհաջող էր «Ալաշկերտի» համար, որը սեփական դաշտում 1-3 հաշվով պարտվեց «Շիրակին»: Մինչև այդ էլ ալաշկերտցիները պարտվել էին «Վեստ Արմենիային» (0-2): 

3. Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 4 խաղերում էլ հաղթել է «Նոան»: Այդ խաղերում արդյունավետությամբ աչքի է ընկել Արթուր Միրանյանը՝ 4 գնդակով դառնալով «Ալաշկերտի» հետ դիմակայության «Նոայի» լավագույն ռմբարկուն: Հետաքրքիր է, որ 2022/23թթ. առաջնությունում էլ Միրանյանն «Ալաշկերտի» կազմում մեկ անգամ գրավել էր «Նոայի» դարպասը:

Վերջին հաղթանակը «Նոայի» նկատմամբ «Ալաշկերտը» տարել է անցյալ տարվա օգոստոսի 25-ին «Նաիրի» մարզադաշտում կայացած խաղում՝ 3-1:

4. Գոլի հեղինակ դառնալու դեպքում Արտակ Դաշյանը կխփի Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 50-րդ գնդակը, որը կլինի 70-րդը պաշտոնական մրցումներում:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Նոա»՝ Արթուր Միրանյան - 4 գոլ:

«Ալաշկերտ»՝ Արտակ Եդիգարյան - 7 գոլ:

5-րդ զգուշացման պատճառով հանդիպմանը չի մասնակցի «Ալաշկերտի» պաշտպան Արման Խաչատրյանը:

«Վան» - «Ուրարտու»

Նոյեմբերի 11, ժամը՝ 15:00, Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ

16 խաղ, «Վանը» հաղթել է 2 անգամ, «Ուրարտուն»՝ 10, գրանցվել է 4 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 12-30

1-ին շրջան. 16.10.2024   «Ուրարտու» - «Վան»՝ 3-1 (1-1)

Գոլերը՝ 1-0՝ Սերգեյ Մկրտչյան 15՛, 1-1՝ Իզուչուկվու Օկոնկվո 42՛, 2-1՝ Իվան Իգնատև 59՛, 11մ, 3-1՝ Արտյոմ Պոլյարուս 87՛:

«Վան»՝ 5-րդ տեղ (20 միավոր), «Ուրարտու»՝ 1-ին տեղ (32 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. «Վանին» վերջապես հաջողվեց ընդհատել 4 անընդմեջ պարտությունների շարքը՝ 4-0 խոշոր հաշվով հաղթելով «Արարատին», որի դարպասն առաջին շրջանի խաղում 3 անպատասխան գնդակ էր խփել: Ընթացիկ առաջնությունում Վահե Գևորգյանի գլխավորած թիմը խոշոր հաշվով 4-րդ հաղթանակը տարավ: Ընդ որում «Վեստ Արմենիայի» նկատմամբ 6-0 հաշվով տարած հաղթանակն ամենախոշորն էր «Վանի» պատմության մեջ:

2. Նախորդ տուրում «Ուրարտուն» էլ աչքի ընկավ արդյունավետությամբ՝ տնային խաղում 4-2 հաշվով պարտության մատնելով ԲԿՄԱ-ին: Դա Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմի 5-րդ հաղթանակն էր առաջնության վերջին 7 խաղերում:

3. Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 8 հանդիպումներում «Ուրարտուն» անպարտելի է՝ տոնելով 5 հաղթանակ: Առաջնությունում «Վանն» «Ուրարտուին» վերջին անգամ հաղթել է 2022թ. օգոստոսի 13-ին երևանյան խաղում Իպեյ Վիլյամսի խփած միակ գոլի շնորհիվ:

4. Գոլ խփելու դեպքում «Վանի» հարձակվող Ջոն Բատիգին 7 գնդակով կդառնա Հայաստանի առաջնություններում ամենաարդյունավետ գանացի ֆուտբոլիստը: Նա կգերազանցի իր հայրենակից Էդվարդ Կպոդոյի ցուցանիշը:

5. Նախորդ խաղում Կարեն Մելքոնյանն «Ուրարտուի» կազմում Fastex Պրեմիեր լիգայում 19-րդ գոլն էր խփել և ընդգրկվել էր թիմի պատմության լավագույն ռմբարկուների տասնյակում՝ հավասարվելով Արարատ Առաքելյանին, Արտակ Դաշյանին ու Աշոտ Ավետիսյանին:

Հանդիպմանը մասնակցելու դեպքում 25-ամյա Մելքոնյանը նոր տպավորիչ ցուցանիշ կգրանցի: Նա թիմի կազմում Fastex Պրեմիեր լիգայում 156-րդ խաղը կանցկացնի և կգերազանցի Հակոբ Հակոբյանի տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում «Ուրարտուի» կազմում բոլորից շատ՝ 155 խաղ է անցկացրել:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Վան»՝ Քրիստոֆեր Բոնիֆեյս, Մոմո Տուրե - 2-ական գոլ:

«Ուրարտու»՝ Արթուր Միրանյան - 4 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա