Fastex Պրեմիեր լիգայում նոյեմբերի 4-ին կմեկնարկի 15-րդ տուրը, որի «Փյունիկ»-«Նոա» խաղը հետաձգվել է: Փոխարենը կկայանա 4-րդ տուրից հետաձգված «Գանձասար» - «Փյունիկ» հանդիպումը:
FastNews-ը ներկայացնում է կայանալիք խաղերի անոնսը։
«Ալաշկերտ» - «Շիրակ»
Նոյեմբերի 4, ժամը՝ 15:00, Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր
44 խաղ, «Ալաշկերտը» հաղթել է 18 անգամ, «Շիրակը»՝ 12, գրանցվել է 14 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 58-44
1-ին շրջան. 23.09.2024 «Շիրակ» - «Ալաշկերտ»՝ 0-0
«Ալաշկերտ»՝ 10-րդ տեղ (12 միավոր), «Շիրակ»՝ 6-րդ տեղ (14 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. Էդգար Թորոսյանի գլխավորությամբ «Գանձասարի» և ԲԿՄԱ-ի նկատմամբ «չոր» հաշվով տարած հաղթանակներից հետո «Ալաշկերտը» նախորդ տուրում «Վեստ Արմենիային» հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը: Ի դեպ, առաջին շրջանի խաղում էլ ալաշկերտցիները նույնպիսի հաշվով էին պարտվել «Վեստ Արմենիային»:
2. «Շիրակը» Գյումրիում չկարողացավ հաղթել «Գանձասարին»՝ բավարարվելով գոլազուրկ ոչ-ոքիով: Նախորդ խաղում էլ սեփական դաշտում շիրակցիները չէին գտել «Արարատ-Արմենիայի» դարպասի բանալին՝ պարտվելով 0-3 հաշվով: Այսպիսով, արդեն երկու խաղ է, ինչ «Շիրակը» չի կարողանում խփել Հայաստանի առաջնություններում իր հոբելյանական՝ 1450-րդ գոլը:
3. Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 4 խաղերից երկուսում հաղթել է «Շիրակը», նույնքան անգամ գրանցվել է ոչ-ոքի: Վերջին հաղթանակը «Շիրակի» նկատմամբ «Ալաշկերտը» տարել է անցյալ տարվա օգոստոսի 31-ին Գյումրիում կայացած խաղում (3-2):
4. «Ալաշկերտը» երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը թիմի 4 ֆուտբոլիստների՝ Բլադիմիր Դիասի, Վադիմ Պարամոնովի, Զաքարիա Սանոգոյի և Մուրիլո Ռոսայի հետ:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Ալաշկերտ»՝ Միհրան Մանասյան - 7 գոլ:
«Շիրակ»՝ Մորի Կոնե - 5 գոլ:
«Ալաշկերտի» կազմում հանդիպմանը չի մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված Հայկ Մուսախանյանը:
«Վան» - «Արարատ»
Նոյեմբերի 5, ժամը՝ 15:00, Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ
16 խաղ, «Վանը» հաղթել է 3 անգամ, «Արարատը»՝ 9, գրանցվել է 4 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 14-18
1-ին շրջան. 23.09.2024 «Արարատ» - «Վան»՝ 0-3 (0-2)
Գոլերը՝ 0-1՝ Մոմո Տուրե 21՛, 0-2՝ Կարեն Նալբանդյան 45՛, 0-3՝ Մոմո Տուրե 57՛:
«Վան»՝ 5-րդ տեղ (17 միավոր), «Արարատ»՝ 8-րդ տեղ (13 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. «Վանը» նախորդ տուրում ազատ էր, իսկ մինչև այդ 4 անընդմեջ պարտություն էր կրել՝ սեփական դարպասն ընդհանուր առմամբ բաց թողնելով 12 գոլ, վերջին երկու խաղերում չգտնելով մրցակիցների դարպասի բանալին: Վերջին խաղն առաջնությունում Վահե Գևորգյանի գլխավորած թիմն անցկացրել է հոկտեմբերի 28-ին՝ հյուրընկալվելիս նվազագույն հաշվով զիջելով «Փյունիկին»:
2. «Արարատը» շարունակեց անհաջող ելույթների շարքը՝ կրելով 6-րդ անընդմեջ պարտությունը «Փյունիկի» հետ մրցավեճում (0-2): Այդ հանդիպումներում «Արարատը» 13 գոլ է բաց թողել, խփել է ընդամենը 2 գոլ «Արարատ-Արմենիայի» դարպասը: Վերջին անգամ արարատցիները միավոր են վաստակել սեպտեմբերի 15-ին կայացած խաղում՝ 2-1 հաշվով կամային հաղթանակ տանելով «Նոայի» նկատմամբ:
3. Եթե Ջոն Բատիգիին հաջողվի գրավել «Արարատի» դարպասը, ապա 7 գնդակով կդառնա Հայաստանի առաջնությունների ամենաարդյունավետ գանացի ֆուտբոլիստը՝ գերազանցելով Էդվարդ Կպոդոյի ցուցանիշը:
Ի դեպ, 18-ամյա Բատիգին արդեն երկու տպավորիչ ցուցանիշ է գրանցել: Նա դարձել է Fastex Պրեմիեր լիգայում «Վանում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ «Գանձասարի» դարպասը գրավելով 18 տարեկան 53 օրականում: Բատիգին նաև գերազանցել է «Արարատի» նախկին հարձակվող Էլոկվու Էզուկամի արդյունավետության տարիքային ռեկորդը, որը Հայաստանի առաջնություններում 18 տարեկանում այլազգի ֆուտբոլիստներից բոլորից շատ՝ 5 գոլ էր խփել:
4. Մոմո Տուրեն էլ գոլ խփելու դեպքում 11 գնդակով կդառնա «Վանի» պատմության ամենաարդյունավետ լեգեոնականը՝ գերազանցելով թիմի նախկին ֆուտբոլիստ Քրիստոֆեր Բոնիֆեյսի ցուցանիշը: Գվինեացի ֆուտբոլիստը նաև 3 գնդակով կդառնա «Արարատի» հետ դիմակայությունում «Վանի» լավագույն ռմբարկուն:
5. Հաճելի իրադարձություն է սպասում «Արարատի» ավագ Գոռ Մալաքյանին, որը խաղադաշտ դուրս գալու դեպքում թիմի կազմում հոբելյանական՝ 100-րդ խաղը կանցկացնի:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Վան»՝ Բենիկ Հովհաննիսյան, Ռումյան Հովսեփյան, Քրիստոֆեր Բոնիֆեյս, Մոմո Տուրե - 2-ական գոլ:
«Արարատ»՝ Ուրոշ Նենադովիչ, Սերժ Դեբլե, Կասիմ Հաջի - 2-ական գոլ:
5 դեղին քարտերի պատճառով խաղը բաց կթողնի արարատցի Կլինտոն Դոմբիլան:
«Արարատ-Արմենիա» - «Վեստ Արմենիա»
Նոյեմբերի 6, ժամը՝ 17:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ
5 խաղ, «Արարատ-Արմենիան» հաղթել է 4 անգամ, գրանցվել է 1 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 12-3
1-ին շրջան. 24.09.2024 «Վեստ Արմենիա» - «Արարատ-Արմենիա»՝ 1-2 (1-1)
Գոլերը՝ 0-1՝ Էրիկ Օկանսի 36՛, 1-1՝ Զախար Տարասենկո 45+4,՛ 11մ, 1-2՝ Արթուր Սերոբյան 90+13՛, 11մ:
«Արարատ-Արմենիա»՝ 3-րդ տեղ (27 միավոր), «Վեստ Արմենիա»՝ 9-րդ տեղ (13 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. Նախորդ տուրում «Արարատ-Արմենիան» 4-2 հաշվով կամային հաղթանակ տարավ ԲԿՄԱ-ի նկատմամբ: Վերջին 4 հանդիպումներից 3-ում Վարդան Մինասյանի գլխավորած թիմը խաղադաշտից հաղթանակած է հեռացել՝ ընդհանուր առմամբ մրցակիցների դարպասը խփելով 10 գոլ, պարտվելով միայն «Նոային» (0-1):
2. Վերջին շրջանում «Վեստ Արմենիան» բավական հաջող ելույթներ է ունենում՝ զգալիորեն կարգավորելով թիմային խաղը: Նախորդ տուրում Պատրիկ Պապյանի գլխավորած թիմը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ սեփական դաշտում 2-0 հաշվով պարտության մատնելով «Ալաշկերտին»: Դուբլի հեղինակ դարձավ Զախար Տարասենկոն, որը 6 գնդակով թիմի ռմբարկուն է:
Առաջնության վերջին 6 հանդիպումներում «Վեստ Արմենիան» 13 միավոր է վաստակել՝ միակ պարտությունը կրելով «Շիրակից» (0-2):
3. «Վեստ Արմենիայի» դարպասը գրավելու դեպքում Տենտոն Յենեն Fastex Պրեմիեր լիգայում «Արարատ-Արմենիայի» կազմում 33-րդ գոլը կխփի ու կհավասարվի թիմի պատմության լավագույն ռմբարկու Մաիլսոն Լիմային: Նիգերիացի ֆուտբոլիստը նաև 3 գնդակով կդառնա «Վեստ Արմենիայի» հետ դիմակայության լավագույն ռմբարկուն:
4. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Արթուր Սերոբյանը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 100-րդ խաղը կանցկացնի:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Արարատ-Արմենիա»՝ Տենտոն Յենե, Մոհամեդ Յատարա - 2-ական գոլ:
«Վեստ Արմենիայի» կազմում հանդիպմանը չի մասնակցի 5-րդ զգուշացումը ստացած Տիմուր Ռուդոսելսկին:
«Ուրարտու» - ԲԿՄԱ
Նոյեմբերի 6, ժամը՝ 19:00, Երևան, «Ուրարտու-1» մարզադաշտ
13 խաղ, «Ուրարտուն» հաղթել է 11 անգամ, ԲԿՄԱ-ն՝ 2, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 27-10
1-ին շրջան. 25.09.2024 ԲԿՄԱ - «Ուրարտու»՝ 2-1 (1-1)
Գոլերը՝ 1-0՝ Էրիկ Փիլոյան 27՛, ինքնագոլ, 1-1՝ Արտյոմ Պոլյարուս 36՛, 2-1՝ Կառլեն Հովհաննիսյան 90+4՛:
«Ուրարտու»՝ 1-ին տեղ (29 միավոր), ԲԿՄԱ՝ 7-րդ տեղ (13 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. Նախորդ տուրում ընդհատվեց «Ուրարտուի» 5 անպարտելի խաղերի շարքը: Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվեց «Նոային»: Հետաքրքիր է, որ նախորդ պարտությունն «Ուրարտուն» կրել էր հենց ԲԿՄԱ-ից սեպտեմբերի 25-ին կայացած խաղում՝ 1-2:
2. ԲԿՄԱ-ն 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ 2-4 հաշվով զիջելով իր ամենադժվարին մրցակիցներից մեկին՝ «Արարատ-Արմենիային»: Ընդ որում բանակայիններն առաջինն էին բացել հաշիվը: Fastex Պրեմիեր լիգայում ԲԿՄԱ-ին դեռ չի հաջողվել հաղթել «Արարատ-Արմենիային»՝ կայացած 14 հանդիպումներում կրելով 11 պարտություն, որոնցից 3-ը՝ խոշոր հաշվով:
3. «Ուրարտուն» էլ ԲԿՄԱ-ի ամենադժվարին մրցակիցներից մեկն է Fastex Պրեմիեր լիգայում: Միայն մրցակիցների միջև կայացած 11-րդ խաղում էր ԲԿՄԱ-ին հաջողվել առաջին հաղթանակը տոնել «Ուրարտուի» նկատմամբ, որին զիջել էր նախորդ բոլոր հանդիպումներում: Բանակայինների համար պատմական այդ խաղը կայացել է անցյալ տարվա դեկտեմբերի 4-ին ֆուտբոլի ակադեմիայում, որում Գրենիկ Պետրոսյանի գոլի և մրցակցի պաշտպան Իվան Զոտկոյի ինքնագոլի շնորհիվ ԲԿՄԱ-ն հաղթել է 2-0 հաշվով:
Եվ ահա ընթացիկ առաջնության առաջին շրջանում բանակայիններին հաջողվեց երկրորդ անգամ հաղթել «Ուրարտուին»:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Ուրարտու»՝ Ջոնել Դեսիրե, Մաքսիմ Մայրովիչ, Արաս Օզբիլիս, Թեմուր Ջիկիա - 3-ական գոլ:
ԲԿՄԱ՝ Գրենիկ Պետրոսյան - 3 գոլ:
«Գանձասար» - «Փյունիկ»
Նոյեմբերի 7, ժամը՝ 19:00, Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ
Fastex Պրեմիեր լիգայում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու
«Գանձասար»՝ 11-րդ տեղ (2 միավոր), «Փյունիկ»՝ 2-րդ տեղ (28 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1.«Գանձասարին» վերջապես հաջողվեց ընդհատել 5 անընդմեջ պարտությունների շարքը և առաջնությունում երկրորդ միավորը վաստակել՝ Գյումրիում գոլազուրկ ոչ-ոքի խաղալով «Շիրակի» հետ: Իսկ մինչև այդ միակ միավորը «Գանձասարը» վաստակել էր 7-րդ տուրում՝ հյուրընկալվելիս լարված մրցապայքարում ոչ-ոքի (2-2) խաղալով «Ալաշկերտի» հետ: Ընդ որում մրցակիցը պարտությունից խուսափել էր հանդիպման ավելացված ժամանակում իրացրած 11մ հարվածի շնորհիվ:
Առաջնության նորեկի համար դեռևս մեծ խնդիր է մրցակիցների դարպասները գրավելը: Կարեն Բարսեղյանի գլխավորած թիմն ամենացածր արդյունավետությունն ունի՝ 11 խաղում խփելով ընդամենը 5 գոլ: Ընդ որում վերջին 3 խաղերում կապանցիները չեն գտել մրցակիցների դարպասի բանալին:
Պաշտպանությունում էլ «Գանձասարը» լուրջ խնդիրներ ունի, որի պատճառով մասնակից թիմերից բոլորից շատ՝ 27 գոլ է բաց թողել:
2.«Փյունիկը» շարունակեց հաղթարշավը՝ հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ ուղարկելով առաջնությունում անհաջող հանդես եկող «Արարատի» դարպասը: Դա փյունիկցիների 6-րդ անընդմեջ հաղթանակն էր: Վերջին երկու խաղերում Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասն անառիկ է մնացել:
3. Նախորդ տուրում գրավելով «Արարատի» դարպասը, 35-ամյա Սերժ Դեբլեն 2024թ. օրացուցային տարում Հայաստանի առաջնությունների հանդիպումներում 5-րդ գոլն էր խփել ու գերազանցել էր «Փյունիկի» նախկին ավագ Սարգիս Հովսեփյանի արդյունավետության տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում 2007թ. 4 գոլ էր խփել:
4. Եթե Յուսուֆ Օտուբանջոն գրավի «Գանձասարի» դարպասը, Fastex Պրեմիեր լիգայում «Փյունիկի» կազմում 47-րդ գոլը կխփի ու թիմի պատմության լավագույն ռմբարկուների ցանկում շրջանցելով Վարդան Մինասյանին և Գևորգ Ղազարյանին, կզբաղեցնի 7-րդ տեղը: