Logo

Fastex Պրեմիեր լիգա. «Արարատ-Արմենիա» - «Նոա» և տուրի մյուս հանդիպումներին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
11:41 / 26.10.2024Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայում հոկտեմբերի 26-ին կմեկնարկի 13-րդ տուրը:

FastNews-ը ներկայացնում է տուրի անոնսը։

«Ուրարտու» - «Արարատ»   

Հոկտեմբերի 26, ժամը՝ 16:00, «Ուրարտու-1» մարզադաշտ

86 խաղ, «Ուրարտուն» հաղթել է 41 անգամ, «Արարատը»՝ 18, գրանցվել է 27 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 123-81

1-ին շրջան. 06.10.2024  «Արարատ» - «Ուրարտու»՝ 0-1 (0-0)

Գոլը՝ 0-1՝ Իվան Իգնատև 60 (11մ):

«Ուրարտու»՝ 1-ին տեղ (26 միավոր), «Արարատ»՝ 8-րդ տեղ (13 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Նախորդ տուրում «Ուրարտուն» «Վեստ Արմենիայի» հետ խաղում երկու թանկարժեք միավոր կորցրեց՝ մեծ ջանքերի գնով, ավելացված ժամանակում խուսափելով պարտությունից (2-2): Որքան էլ զարմանալի է, «Վեստ Արմենիան» դժվարին մրցակից է դարձել «Ուրարտուի» համար: Մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 4 հանդիպումներում էլ հաղթել էր «Վեստ Արմենիան»: 

Ճիշտ է, «Վեստ Արմենիայի» հետ 7-րդ տուրում 1-2 հաշվով պարտված խաղում մրցակցի կողմից լեգեոնականների սահմանված լիմիտը խախտելու համար «Ուրարտուին» 3-0 հաշվով տեխնիկական հաղթանակ էր գրանցվել:

2. Հաջող մեկնարկից հետո «Արարատը» վերջին շրջանում չափազանց անհաջող ելույթներ է ունենում՝ կրելով չորս անընդմեջ պարտություն: Նախորդ տուրում արարատցիներն ազատ էին, իսկ առաջնության վերջին խաղում ցավալի պարտություն կրեցին «Արարատ-Արմենիայից», որն ավելացված ժամանակի վերջին րոպեին հաղթանակ կորզեց՝ 3-2:

3. Նախորդ երկու մրցաշրջաններում մրցակիցների միջև կայացած առաջնության 8 հանդիպումներում «Արարատն» այդպես էլ գեթ մեկ հաղթանակ չտոնեց՝ կրելով 3 պարտություն, 5 խաղ ավարտելով ոչ-ոքի: Ընթացիկ առաջնության առաջին շրջանի խաղում նույնպես հաջողությունն ուղեկցել է «Ուրարտուին»: Վերջին հաղթանակն «Ուրարտուի» նկատմամբ «Արարատը» տարել է 2022թ. ապրիլի 28-ին կայացած արտագնա խաղում (2-1):

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Ուրարտու»՝ Սամվել Մելքոնյան, Արսեն Բալաբեկյան - 5-ական գոլ:

«Արարատ»՝ Վահե  Յաղմուրյան - 5-ական գոլ:

«Արարատի» համար մեծ կորուստ կլինի Մուսա Կանտեի բացակայությունը, որը 5 դեղին քարտերի պատճառով որակազրկված է։

«Գանձասար» - «Վեստ Արմենիա»

Հոկտեմբերի 27, ժամը՝ 15:00, Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ

Մեկ խաղ, որում հաղթել է «Վեստ Արմենիան», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 0-2

1-ին շրջան. 07.10.2024  «Վեստ Արմենիա» - «Գանձասար»՝ 2-0 (1-0)

Գոլերը՝ 1-0՝ Արթուր Դանիելյան 29՛, 2-0՝ Արթուր Իսրայելյան 90+1:

«Գանձասար»՝ 11-րդ տեղ (1 միավոր), «Վեստ Արմենիա»՝ 10-րդ տեղ (7 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. «Գանձասարը» չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց՝ նվազագույն հաշվով զիջելով «Ալաշկերտին»: 11 խաղում կապանյան թիմն ընդամենը մեկ միավոր է վաստակել՝ առաջին շրջանում ոչ-ոքի (2-2) խաղալով «Ալաշկերտի» հետ:

2. «Վեստ Արմենիան» «Ուրարտուի» հետ խաղում մոտ էր առաջնությունում երրորդ հաղթանակը տանելուն, սակայն ավելացված ժամանակում գոլ բաց թողեց ու բավարարվեց մեկ միավորով:

«Ալաշկերտ» - ԲԿՄԱ

Հոկտեմբերի 27, ժամը՝ 15:00, Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր

13 խաղ, «Ալաշկերտը» հաղթել է 9 անգամ, ԲԿՄԱ-ն՝ 2, երկուսում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 28-8

1-ին շրջան. 07.10.2024  ԲԿՄԱ - «Ալաշկերտ»՝ 1-0 (0-0)

Գոլը՝ 1-0՝ Դանիել Աղբալյան 57՛։

«Ալաշկերտ»՝ 9-րդ տեղ (9 միավոր), ԲԿՄԱ՝ 7-րդ տեղ (13 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1.Երկարատև ընդմիջումից հետո «Ալաշկերտին» վերջապես հաջողվեց կրկին վայելել հաղթանակի բերկրանքը՝ Պետրոս Ավետիսյանի իրացրած 11-մետրանոցի շնորհիվ նվազագույն հաշվով պարտության մատնելով «Գանձասարին»: Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմն ընդհատեց առաջնությունում առանց հաղթանակների 7 խաղերի, 3 անընդմեջ պարտությունների շարքն ու 371 րոպե տևած գոլային երաշտը:

Հետաքրքիր է, որ «Ալաշկերտի» նախորդ գոլն էլ գրանցվել էր Պետրոս Ավետիսյանի օգտին կրկին «Գանձասարի» դեմ խաղում, որում ալաշկերտցիների հարձակվողը դարձյալ հաջող էր իրացրել 11-մետրանոցը: Իսկ նախորդ հաղթանակն «Ալաշկերտը» տարել էր օգոստոսի 18-ին՝ 2-0 հաշվով պարտության մատնելով ոչ հիմնական կազմով հանդես եկած «Փյունիկին»:

2. Վերջին շրջանում հաջող ելույթներով աչքի ընկնող ԲԿՄԱ-ն նախորդ տուրում համառ պայքարում 1-2 հաշվով պարտվեց «Փյունիկին»: Հայաստանի առաջնություններում Բանակայիններին դեռ չի հաջողվել հաղթել «Փյունիկին»:

3. Մինչև ընթացիկ մրցաշրջանի մեկնարկը ԲԿՄԱ-ին մեկ անգամ էր հաջողվել առաջնությունում հաղթել «Ալաշկերտին»: Դա տեղի էր ունեցել նախորդ տարվա մայիսի 16-ին «Նաիրի» մարզադաշտում կայացած խաղում՝ 2-1: Բանակայինների հաղթանակն ապահովել էին Գրենիկ Պետրոսյանի և Դանիել Աղբալյանի խփած գոլերը:

Դրանից հետո մրցակիցների միջև կայացած 4 խաղերից 3-ում հաղթել էին ալաշկերտցիները, մեկում գրանցվել էր ոչ-ոքի: Ընդ որում ԲԿՄԱ-ին 499 րոպե շարունակ չէր հաջողվել գրավել մրցակցի դարպասը: Եվ միայն ընթացիկ առաջնության առաջին շրջանի խաղում ԲԿՄԱ-ին հաջողվեց երկրորդ անգամ հաղթել «Ալաշկերտին»՝ վերջ դնելով 555 րոպե տևած գոլային երաշտին:

4. Եթե այս խաղում էլ «Ալաշկերտի» դարպասի պաշտպանությունը վստահվի Գոռ Մանուկյանին, ապա նա Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 100-րդ հանդիպումը կանցկացնի:

5. Հաճելի հոբելյան է սպասում նաև Պետրոս Ավետիսյանին, որը Fastex Պրեմիեր լիգայում 150-րդ խաղը կանցկացնի:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Ալաշկերտ»՝ Արտակ Եդիգարյան, Դավիթ Խուրցիձե - 4-ական գոլ:

ԲԿՄԱ՝ Արթուր Սերոբյան, Ժիրայր Շաղոյան, Դանիել Աղբալյան - 2-ական գոլ:

«Փյունիկ» - «Վան» 

Հոկտեմբերի 28, ժամը՝ 17:00, Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ

16 խաղ, «Փյունիկը» հաղթել է 10 անգամ, «Վանը»՝ 3, գրանցվել է 3 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 36-8

1-ին շրջան. 06.10.2024  «Փյունիկ» - «Վան»՝ 3-1 (2-0) 

Գոլերը՝ 1-0՝ Ագդոն Մենեզես 32', 2-0՝ Խոսե Կառաբալյո 45՛, 3-0՝ Խամես Սանթոս 77՛, 3-1՝ Կաջալի Դրամե 86՛։

«Փյունիկ»՝ 3-րդ տեղ (22 միավոր), «Վան»՝ 4-րդ տեղ (17 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. «Փյունիկը», 17-օրյա դադարից հետո կրկին խաղադաշտ դուրս գալով, նախորդ տուրում հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին: Դա առաջնությունում Հայաստանի գործող չեմպիոնի չորրորդ անընդմեջ հաղթանակն էր:

2. Իսկ ահա «Վանը» շարունակեց վերջին շրջանի իր անհաջող ելույթները՝ 5 անպատասխան գնդակ ընդունելով «Նոայի» դեմ մրցավեճում: Դա Չարենցավանը ներկայացնող թիմի երրորդ անընդմեջ պարտությունն էր:

3. «Փյունիկն» առաջնությունում զգալի առավելության է հասել «Վանի» նկատմամբ՝ աչքի ընկնելով բարձր արդյունավետությամբ: Փյունիկցիներին հաջողվել է 5 անգամ խոշոր հաշվով հաղթել «Վանին»: Ամենախոշոր հաշիվը գրանցվել է 2023 թ.  նոյեմբերի 2-ին Երևանում կայացած խաղում՝ 6-0: Ի դեպ, դա Հայաստանի առաջնություններում «Վանի» կրած ամենախոշոր հաշվով պարտություններից մեկն է:

4. Նշանակալի հոբելյան կարող է նշել Եղիշե Մելիքյանը, եթե «Փյունիկը» հաղթի: Դա կլինի անվանի մարզչի գլխավորությամբ պաշտոնական մրցումներում Հայաստանի գործող չեմպիոնի հոբելյանական՝ 100-րդ հաղթանակը:

5. «Վանի» դարպասը գրավելու դեպքում 35-ամյա Սերժ Դեբլեն 2024թ. օրացուցային տարում Հայաստանի առաջնությունների հանդիպումներում 5-րդ գոլը կխփի ու կգերազանցի «Փյունիկի» նախկին ավագ Սարգիս Հովսեփյանի արդյունավետության տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում 2007թ. 4 գոլ էր խփել:

6. Մոմո Տուրեն էլ կարող է 11 գնդակով դառնալ Fastex Պրեմիեր լիգայում «Վանի» պատմության ամենաարդյունավետ լեգեոնականը, եթե գրավի «Փյունիկի» դարպասը: Նա կգերազանցի Քրիստոֆեր Բոնիֆեյսի ցուցանիշը:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Փյունիկ»՝ Յուսուֆ Օտուբանջո - 10 գոլ:

«Վան»՝ Ջոսուե Գաբա - 2 գոլ:

«Արարատ-Արմենիա» - «Նոա»

Հոկտեմբերի 28, ժամը՝ 19:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

23 խաղ, «Արարատ-Արմենիան» հաղթել է 14 անգամ, «Նոան»՝ 5, գրանցվել է 4 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 43-20

«Արարատ-Արմենիա»՝ երկորդ տեղ (24 միավոր), «Նոա»՝ 5-րդ տեղ (16 միավոր):

1. Տուրի կենտրոնական հանդիպումը մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Ընթացիկ առաջնությունում սա չեմպիոնի կոչման հավակնորդների առաջին հանդիպումն է, քանի որ 10-րդ տուրում մրցակիցների միջև նշանակված խաղը հետաձգվել էր:

2. «Շիրակի» դեմ նախորդ տուրի խաղում «Արարատ-Արմենիան» Տենտոն Յենեի խփած գնդակի շնորհիվ Հայաստանի առաջնություում 350-րդ գոլի հոբելյանն էր նշել: «Նոայի» հեջ մրցավեճում էլ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը ևս մեկ հոբելյան կնշի՝ 200-րդ խաղը Fastex Պրեմիեր լիգայում:

Առաջնության վերջին 8 խաղերում «Արարատ-Արմենիան» 7 հաղթանակ է տարել՝ պարտվելով միայն «Փյունիկին»:

3. «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրում հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց ավստրիական «Ռապիդին»: Իսկ առաջնության նախորդ երկու խաղերում Հայաստանի փոխչեմպիոնն աչքի էր ընկել բարձր արդյունավետությամբ՝ խոշոր հաշվով հաղթելով «Ալաշկերտին» (6-0) և «Վանին» (5-0):

4. Որքան էլ որ զարմանալի է, սակայն մինչև 2021/22թթ. առաջնության չորրոդ շրջանի հանդիպումն «Արարատ-Արմենիան» Բարձրագույն խմբի միակ թիմն էր, որին «Նոան» Fastex Պրեմիեր լիգայում դեռ չէր հաղթել: Կայացած 14 հանդիպումներից 10-ում հաջողությունն ուղեկցել էր «Արարատ-Արմենիային», 4-ում գրանցվել էր ոչ-ոքի:

Եվ ահա 2022թ. մայիսի 9-ին կայացած խաղում «Նոան» վերջապես ընդհատեց տխուր ավանդույթը: Հանդիպման 3-րդ րոպեին Դմիտրի Լավրիշչևի խփած միակ գոլը «Նոային» հաղթանակ պարգևեց, որը կարելի է պատմական համարել: Իսկ «Արարատ-Արմենիայի» համար այդ պարտությունը փաստորեն ճակատագրական եղավ «Փյունիկի» հետ չեմպիոնական մրցավազքում: Այդ հաղթանակը միակն էր Fastex Պրեմիեր լիգայում մրցակիցների միջև անցկացված 18 հանդիպումներում:

Իսկ ահա մրցակիցների միջև կայացած առաջնության հաջորդ 5 հանդիպումներում արդեն «Նոայի» առավելությունն էր ակնհայտ՝ 4 հաղթանակ, 1 պարտություն: Վերջին հաղթանակը «Նոայի» նկատմամբ «Արարատ-Արմենիան» տարել է նախորդ տարվա սեպտեմբերի 15-ին՝ 4-3:

5. Իսկ պաշտոնական մրցումներում «Նոային» երկու անգամ հաջողվել է առավելության հասնել «Արարատ-Արմենիայի» նկատմամբ ու տիտղոսներ նվաճել: Հայաստանի գավաթի 2019/20 թթ. խաղարկությունում, «Նոան» գերարդյունավետ եզրափակիչում (5-5) հետխաղյա 11-մետրանոց ըարվածաշարում 7-6 հաշվով հաղթելով «Արարատ-Արմենիային», նվաճել է պատվավոր տիտղոսը: 
Մրցակիցների միջև կայացած Սուպերգավաթի մրցավեճում էլ հաջողությունն ուղեկցել է «Նոային», որը լրացուցիչ ժամանակում հաղթել է 2-1 հաշվով:

6. Գոլի հեղինակ դառնալու դեպքում Արտակ Դաշյանը կխփի Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 50-րդ գնդակը, որը կլինի 70-րդը պաշտոնական մրցումներում նրա կարիերայում:

7. Յուրօրինակ հոբելյան կարող է նշել նաև Օգնյեն Չանչարևիչը, եթե անառիկ պահի սեփական դարպասը: Նա Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 70-րդ «չոր» խաղը կանցկացնի:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Արարատ-Արմենիա»՝ Մայիլսոն Լիմա - 5 գոլ:

«Նոա»՝ Մաքսիմ Մայրովիչ, Փոլ Գլադոն - 2 գոլ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ