Logo

Fastex Պրեմիեր լիգա. 6-րդ տուրի հանդիպումներին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
13:22 / 12.09.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Fastex Պրեմիեր լիգայում սեպտեմբերի 12-ին կմեկնարկի 6-րդ տուրը:

FastNews-ը ներկայացնում է տուրի անոնսը։

«Գանձասար» - «Վան» 

Սեպտեմբերի 12, ժամը՝ 17:00, Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ

3 խաղ, որոնցում հաղթել է «Վանը», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 2-10

«Գանձասար»՝ 8-րդ տեղ (3 միավոր), «Վան»՝ 7-րդ տեղ (5 միավոր): 

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Նախորդ տուրում «Գանձասարը» սեփական դաշտում ոչ-ոքի (1-1) ավարտեց հանդիպումը «Շիրակի» հետ: Դա ընթացիկ առաջնությունում գանձասարցիների արդեն 3-րդ ոչ-ոքին էր: Թեև «Գանձասարը» դեռ հաղթանակ չի տարել, սակայն նախորդ մրցաշրջանի համեմատ թիմի ելույթն ավելի հաջող է: Նախորդ առաջնության մեկնարկային 4 խաղերում էլ գանձասարցիները խաղադաշտից պարտված էին հեռացել և միայն 5-րդ խաղում էին առաջին միավորը վաստակել:

2. Թեև «Վանում» կատարված արմատական փոփոխություններին, Էդգար Թորոսյանին արդեն մեկնարկում հաջողվել է բավական մարտունակ թիմ կազմավորել: Դրա վկայությունը 4 խաղում վաստակած 5 միավորն է: Միայն «Ուրարտուին» է հաջողվել հաղթել «Վանին» (2-0): Չարենցավանյան ակումբը նվազագույն հաշվով հաղթել է «Արարատին» և գոլազուրկ ոչ-ոքի է գրանցել «Արարատ-Արմենիայի» և ԲԿՄԱ-ի հետ մրցավեճում:

3. Լեհական «Ռեսովիա Ռզեսզովից» «Վան» է տեղափոխվել ուկրաինացի պաշտպան Գլեբ Բուխալը, որը Կիևի «Դինամոյի» սան է:

4. «Գանձասարում» էլ մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձավճարով կխաղա ալաշկերտցի պաշտպան Յուրի Մարտիրոսյանը։

Դիմակայության  լավագույն ռմբարկուն

«Վան»՝ Կարեն Նալբանդյան - 3 գոլ:

«Շիրակ» - «Արարատ» 

Սեպտեմբերի 12, ժամը՝ 19:00, Գյումրի, Քաղաքային մարզադաշտ

104 խաղ, «Շիրակը» հաղթել է 47 անգամ, «Արարատը»՝ 30, գրանցվել է 27 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 149-120

«Շիրակ»՝ 9-րդ տեղ (2 միավոր), «Արարատ»՝ 10-րդ տեղ (1 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. «Շիրակն» անհաջող է սկսել առաջնությունը՝ 5 հանդիպումներում դեռևս չճաշակելով հաղթանակի բերկրանքը: Նախորդ տուրում շիրակցիները հյուրընկալվելիս ոչ-ոքի (1-1) խաղացին «Գանձասարի» հետ՝ վաստակելով 2-րդ միավորը: Իսկ առաջին միավորը շիրակցիների օգտին գրանցվել էր 2-րդ տուրում՝ Գյումրիում գոլազուրկ ոչ-ոքի խաղալով «Փյունիկի» հետ:

Համեմատության համար նշենք, որ նախորդ առաջնությունում «Շիրակը» 5 խաղում 6 միավոր էր վաստակել: Վերջին հաղթանակն առաջնությունում «Շիրակը» տարել է մայիսի 10-ին՝ Գյումրիում 4 անպատասխան գնդակ ուղարկելով «Ալաշկերտի» դարպասը:

2. «Արարատին» անսովոր է տեսնել մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում: Նախորդ տուրում արարատցիները 4-րդ անընդմեջ պարտությունը կրեցին՝ 2-4 հաշվով զիջելով «Արարատ-Արմենիային»: Մինչև այդ էլ «Արարատը» պարտվել էր «Վանին» (0-1), «Ալաշկերտին» (0-3) և «Փյունիկին» (0-2):  Իսկ միակ միավորն արարատցիները վաստակել են «Գանձասարի» հետ մեկնարկում գրանցած ոչ-ոքիի (1-1) շնորհիվ:

3. Մրցակիցների միջև կայացած նախորդ առաջնության առաջին շրջանում տարած հաղթանակով (2-1) «Շիրակն» ընդհատել էր արարատցիների հետ մրցավեճում առանց հաղթանակների 5 խաղերի շարքը (1 ոչ-ոքի, 4 պարտություն): 2-րդ խաղում էլ նույնպիսի հաշվով հաջողությունն ուղեկցել էր «Շիրակին», իսկ վերջին խաղում «Արարատը» հաղթել էր 3-1 հաշվով:

4. «Շիրակին» է միացել կիսապաշտպան Վարդան Թովմասյանը, որը խաղում էր ԲԿՄԱ-ում:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Շիրակ»՝ Անդրանիկ Բարիկյան - 19 գոլ:

«Արարատ»՝ Նշան Էրզրումյան - 10 գոլ:

ԲԿՄԱ - «Ալաշկերտ»

Սեպտեմբերի 13, ժամը՝ 18:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

15 խաղ, ԲԿՄԱ-ն հաղթել է 3 անգամ, «Ալաշկերտը»՝ 10, գրանցվել է 2 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 10-30

ԲԿՄԱ՝ 6-րդ տեղ (6 միավոր), «Ալաշկերտ»՝ 2-րդ տեղ (9 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. ԲԿՄԱ-ի համար հերթական հանդիպումը 150-րդն է Fastex Պրեմիեր լիգայում: Ընթացիկ առաջնության մեկնարկն ամենահաջողն է թիմի պատմության մեջ: Բանակայինները մեկնարկային 4 հանդիպումներում 6 միավոր են վաստակել՝ մնալով անպարտելի: Եվ դա այն դեպքում, որ թիմից հեռացել են առանցքային մի քանի ֆուտբոլիստներ:

Նախորդ երկու խաղերում ԲԿՄԱ-ն գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Գանձասարի» և «Վանի» հետ, ընդ որում չարենցավանցիների հետ մրցավեճի 50-րդ րոպեից խաղադաշտում 10 ֆուտբոլիստով էր մնացել: Իսկ միակ հաղթանակը բանակայինները տարել են 3-րդ տուրում՝ 2-1 հաշվով պարտության մատնելով «Շիրակին»:  

2. Նախորդ մրցաշրջանի անհաջող ելույթներից հետո «Ալաշկերտը» կրկին ուրախացնում է իր երկրպագուներին արդյունավետ ու գրագետ գործողություններով: Ուստի պատահական չէ, որ թիմն ընթանում է 2-րդ հորիզոնականում: Նախորդ տուրում ալաշկերտցիները 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեցին երկրի չեմպիոն ու գավաթակիր «Նոայի» նկատմամբ: Դա առաջնությունում Վահե Գևորգյանի գլխավորած թիմի 3-րդ անընդմեջ հաղթանակն էր «չոր» հաշվով:

Նախորդ երկու խաղերում ալաշկերտցիները պարտության էին մատնել «Արարատին» (3-0) և «Ուրարտուին» (1-0): Ընդ որում «Ուրարտուի» հետ խաղում Էդգար Փիլոյանի խփած գոլը ՀՀ առաջնություններում թիմի հոբելյանական՝ 500-րդ գնդակն էր:

3. Մինչև նախորդ մրցաշրջանի մեկնարկը, ԲԿՄԱ-ին մեկ անգամ էր հաջողվել առաջնությունում հաղթել «Ալաշկերտին»: Դա տեղի էր ունեցել 2023թ. մայիսի 16-ին «Նաիրի» մարզադաշտում կայացած խաղում՝ 2-1: Բանակայինների հաղթանակն ապահովել էին Գրենիկ Պետրոսյանի և Դանիել Աղբալյանի խփած գոլերը:

Դրանից հետո մրցակիցների միջև կայացած 4 խաղերից 3-ում հաղթել էին ալաշկերտցիները, մեկում գրանցվել էր ոչ-ոքի: Ընդ որում ԲԿՄԱ-ին 499 րոպե շարունակ չէր հաջողվել գրավել մրցակցի դարպասը:

Եվ միայն նախորդ առաջնության առաջին շրջանի խաղում ԲԿՄԱ-ին հաջողվեց 2-րդ անգամ հաղթել «Ալաշկերտին»՝ վերջ դնելով 555 րոպե տևած գոլային երաշտին: Մայիսի 22-ին կայացած մրցակիցների վերջին խաղում էլ բանակայինները 2 անպատասխան գնդակ էին ուղարկել «Ալաշկերտի» դարպասը:

4. «Ալաշկերտից» հեռացել են պաշտպաններ Ջուլիեն Բատիոնոն և Յուրի Մարտիրոսյանը։ Վերջինս վարձակալությամբ ելույթները կշարունակի «Գանձասարում»: Փոխարենը թիմը պայմանագիր է կնքել 18-ամյա նիգերիացի պաշտպան Սամուել Սեգունի հետ։

Դիմակայության լավագույն ռմբարկուները

ԲԿՄԱ՝ Արթուր Սերոբյան, Ժիրայր Շաղոյան, Դանիել Աղբալյան - 2-ական գոլ:

«Ալաշկերտ»՝ Արտակ Եդիգարյան, Դավիթ Խուրցիձե - 4-ական գոլ:

Հանդիպմանը չի մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված բանակային Համլետ Սարգսյանը:

«Ուրարտու» - «Արարատ-Արմենիա»

Սեպտեմբերի 14, ժամը՝ 19:00, Երևան, «Ուրարտու-1» մարզադաշտ

24 խաղ, «Ուրարտուն» հաղթել է 8 անգամ, «Արարատ-Արմենիան»՝ 9, գրանցվել է 7 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 23-32

«Ուրարտու»՝ 1-ին տեղ (10 միավոր), «Արարատ-Արմենիա»՝ 3-րդ տեղ (7 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Տուրի կենտրոնական հանդիպումն ընթացիկ առաջնության չեմպիոնական մրցավազքում կարևորագույն խաղերից մեկն է:

Նախորդ տուրում «Ուրարտուն» 2-1 հաշվով հաղթեց «Փյունիկին» և միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Եվրագավաթներում անհաջող ելույթներից հետո Ռոբերտ Արզումանյանի  գլխավորած թիմը հաջող է մեկնարկել առաջնությունում: Միակ պարտությունն «Ուրարտուն» կրել է 4-րդ տուրում՝ տնային խաղում նվազագույն հաշվով զիջելով «Ալաշկերտին»:

2. «Արարատ-Արմենիան» 3 միավոր է զիջում «Ուրարտուին», որից 2 խաղ պակաս  է անցկացրել: Նախորդ տուրում «Արարատ-Արմենիան» 4-2 հաշվով կամային հաղթանակ էր տոնել «Արարատի» նկատմամբ, իսկ մինչև այդ Գյումրիում դրամատիկ պայքարով աչքի ընկած մրցավեճի ավելացված ժամանակի 9-րդ րոպեին Արայիկ Էլոյանի խփած միակ գոլի շնորհիվ պարտության էր մատնել «Շիրակին»: Այդ գոլը Fastex Պրեմիեր լիգայում թիմի հոբելյանական՝ 400-րդ գնդակն էր:

3. Նախորդ առաջնությունում մրցակիցների մրցավեճում առավելությունն «Ուրարտուի» կողմն էր, որը հաղթել էր առաջին երկու հանդիպումներում (3-1, 2-1): Իսկ 3-րդ շրջանի խաղում հաջողությունն ուղեկցել էր «Արարատ-Արմենիային» Մարիուս Նուբիսիի հեթ-տրիկի շնորհիվ (3-0): 

Դիմակայության  լավագույն ռմբարկուները

«Ուրարտու»՝ Օլեգ Պոլյակով, Իվան Իգնատև - 2- ական գոլ:

«Արարատ-Արմենիա»՝ Տենտոն Յենե - 5 գոլ:

«Նոա» - «Փյունիկ»

Սեպտեմբերի 14, ժամը՝ 19:00, Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր

24 խաղ, «Նոան» հաղթել է 7 անգամ, «Փյունիկը»՝ 15, գրանցվել է 2 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 20-35

«Նոա»՝ 5-րդ տեղ (6 միավոր), «Փյունիկ»՝ 4-րդ տեղ (7 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Երկրորդ տարին անընդմեջ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի ուղեգիր նվաճելուց հետո նախորդ տուրում «Նոան» ընթացիկ առաջնությունում առաջին պարտությունը կրեց՝ հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ ընդունելով «Ալաշկերտից»: Հիշեցնենք, որ նախորդ առաջնության ավարտական տուրի խաղում էլ, երբ արդեն «Նոան» նվաճել էր չեմպիոնի տիտղոսը ու խաղադաշտ էր դուրս եկել ոչ հիմնական կազմով, Սարգիս Մեթոյանի խփած միակ գոլի շնորհիվ «Ալաշկերտը» հաղթել էր:

«Նոան» հաջող էր մեկնարկել առաջնությունում՝ անցկացրած երկու խաղերում էլ հաղթելով խոշոր հաշվով («Շիրակ»՝ 4-0, «Գանձասար»՝ 4-1):  

2. «Փյունիկի» համար էլ նախորդ տուրն անհաջող էր: Փյունիկցիներն էլ առաջնությունում առաջին պարտությունը կրեցին՝ սեփական դաշտում 1-2 հաշվով զիջելով «Ուրարտուին»: Ընդ որում հաղթական գոլը մրցակիցը խփել էր ավելացված ժամանակում:

3. Առաջնության առաջին շրջանում տարած հաղթանակով «Նոան» ընդհատել էր «Փյունիկի» հետ նախորդ 12 հանդիպումներում գրանցած առանց հաղթանակների շարքը (11 պարտություն, 1 ոչ-ոքի): Իսկ մինչև այդ «Նոան» «Փյունիկին» նախորդ անգամ հաղթել էր 2021թ. մայիսի 15-ին ֆուտբոլի ակադեմիայում կայացած խաղում: Թիմին հաղթանակ էր պարգևել խաղավերջում Պետրոս Ավետիսյանի խփած միակ գոլը:

Նախորդ առաջնության բոլոր 3 խաղերում էլ հաջողության է հասել «Նոան»: Ընդ որում հենց «Փյունիկի» հետ մայիսի 9-ին կայացած խաղում էր Ռուի Մոտայի գլխավորած թիմը ժամկետից շուտ նվաճել Հայաստանի չեմպիոնի տիտղոսը՝ հաղթելով 2-1 հաշվով:

4. «Նոան» շարունակում է համալրել կազմը: Թիմին են միացել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ազգային հավաքականի դարպասապահ Թիմոթի Ֆայուլուն և Գվադելուպայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Նաթանայել Սաինտինին:

5. Այս խաղում խփված առաջին գնդակը կլինի Fastex Պրեմիեր լիգայում «Նոայի» մասնակցությամբ հանդիպումներում գրանցված 600-րդ գոլը: «Նոան» 337 գոլ է խփել, բաց է թողել 262 գնդակ:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Նոա»՝ Վլադիմիր Ազարով - 3 գոլ:

«Փյունիկ»՝ Հովհաննես Հարությունյան - 5 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ